ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԸ

Այս օրերին լրատվական դաշտում փորձ է արվում խաղարկել արտաքին թշնամու գործոնը` ոչ միայն ի դեմս ազերի դիվերսանտների, այլեւ թուրք գործակալների, որոնք, ներթափանցելով Հայաստան, փորձել են ինչ-ինչ գործունեություն ծավալել:

Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը թուրք ազգայնական պրոֆեսոր, Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայի կողմից ֆեյսբուքյան իր էջում տեղադրված լուսանկարներն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Սակայն սկանդալը խաղարկվել է առավելապես կապված Օքթայի` Գյումրիում եւ Հանրապետության հրապարակում արված լուսանկարների շուրջ, որոնցում նա իր գործընկերոջ հետ մատներով ցույց է տալիս «Գորշ գայլերի» ժեստ-նշանը:
Ինչպես հայտնի է, «Գորշ գայլերը» թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության գաղափարակիրներն էին: Նրանք 1980-ականներին իրականացրին ահաբեկչական բազմաթիվ օպերացիաներ, որոնց համար թուրքական դատարանի կողմից կազմավորման անդամներից հինգը դատապարտվեց մահվան, ինը` ցմահ ազատազրկման, իսկ 219-ի դեմ էլ կայացվեցին տարբեր վճիռներ: «Գորշ գայլերի» զոհերի թիվը տարբեր տվյալներով հասնում է մոտ 5 հազարի: Հիշեցնենք, որ կազմավորման լեգենդար առաջնորդն էր Արփարսլան Թյուրքեշը, որի հետ, ի դեպ, ժամանակին գաղտնի հանդիպում էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Եվ ահա Օքթայի կողմից հենց այս ահաբեկչական կազմավորման հայտնի նշանի ցուցադրումն էլ դարձավ սկանդալի առիթը: Անցնող օրերին հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ` կապված Հայաստանի ազգային անվտանգության ծառայության անգործունակության, ՀՀ վարչապետի եւ կաթողիկոսի արարողակարգի աշխատակիցների թերացման շուրջ: Ինչպե՞ս է ՀՀ ԱԱԾ-ն թույլ տվել, որ նախկինում ահաբեկչական գործունեություն իրականացրած կազմավորման անդամն անարգել մուտք գործի Հայաստան եւ հանդիպի երկրի առաջին դեմքերին. այս օրերին ամենից շատ հնչող այս հարցին, որքան էլ տարօրինակ էր, անցած օրերին այդպես էլ չտրվեց հստակ պատասխան, ինչը որոշակի հարցերի տեղիք տվեց:
Ի վերջո, ո՞վ է Հասան Օքթայը, որի անունը լրատվական դաշտի ներկայացուցիչներին, այդուամենայնիվ, անծանոթ չէ: Համացանցում Օքթայի անվան դիմաց սեղմելով «փնտրել» կոճակը՝ «Ժողովուրդ»-ը բացահայտեց չափազանց ուշագրավ հրապարակումներ: Այդպես. պարզվեց որ դեռեւս 2004թ.-ից Հայաստան այցելող թուրք պատմաբանը, որը 2002-2005թթ. ղեկավարել է Թուրքիայի Հայկական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը, ոչ միայն եղել է Ծիծեռնակաբերդում եւ Ցեղասպանության թանգարանում, ինչի մասին, ի դեպ, այդ օրվա գրեթե բոլոր լրատվական թողարկումները հաղորդել են, այլեւ պարբերաբար` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ամենատարբեր հարցերի շուրջ հարցազրույցներ է տվել ՀՀ բազմաթիվ լրատվամիջոցների, այդ թվում եւ` իշխանական: Նա, ի դեպ, պարբերաբար հանդես է եկել հայանպաստ հայտարարություններով, նաեւ` կապված Հայոց Ցեղասպանության հետ:
Սակայն ամենակարեւոր բացահայտումը, որը կատարեցինք, այն էր, որ Օքթայի` ՀՀ վարչապետի հետ վիճահարույց լուսանկարը հրապարակվել է դեռեւս 2012թ. «Մեդիամաքս» լրատվական գործակալության կողմից` Օքթայի հետ ծավալուն հարցազրույցի շրջանակներում http://www.mediamax.am/am/news/society/4002/: Եվ այդ ժամանակ որեւէ մեկին տարօրինակ չի թվացել այն, որ թուրք պրոֆեսորը լուսանկարվել է ՀՀ վարչապետի հետ: Հետեւաբար, ո՞րն է խնդիրը, որ այդ հարցը բարձրացվում է հիմա: Արդյո՞ք այդ ամենի հետեւում նաեւ ՀՀ վարչապետին վարկաբեկելու պատվեր չկա:
Նման հավանականությունը չբացառելով, այդուհանդերձ, նկատենք, որ ներկայումս Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնը ղեկավարող Հասան Օքթայը պատահական մեկը չէ, եւ նրա գործունեության մասին ՀՀ ԱԱԾ-ն պարզապես չէր կարող տեղեկացված չլինել: Առավել եւս, որ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կազմակերպած այն կոնֆերանսում, որի ընթացքում արվել էր վարչապետի հետ հայտնի լուսանկարը, Օքթային մշտապես ուղեկցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Հետեւաբար, ո՞րն է պատճառը, որ ՀՀ ԱԱԾ-ն քայլեր չի ձեռնարկել կասեցնելու համար Օքթայի` Հայաստանի Հանրապետության դեմ կատարվող գործողությունները, եթե այդպիսիք եղել են: Իսկ եթե նման գործողություններ չեն եղել, ապա ո՞րն է այս սկանդալի թեժացման նպատակը:
Չունենալով հատկապես այս վերջին հարցի պատասխանը` կարող ենք ենթադրել, որ այդպիսով նաեւ փորձ է արվում հանրության մեջ բացասական կարծիք ձեւավորել հասարակական կազմակերպությունների կողմից հայ-թուրքական երկխոսությանը միտված տարբեր գրանտային նախաձեռնությունների հանդեպ, որոնց շրջանակում էլ Հասան Օքթայի նման կասկածելի անձինք պարբերաբար հայտնվում են Հայաստանում եւ գործունեության համար բարենպաստ հնարավորություն ստանում: Ի վերջո, չմոռանանք, որ իշխանությունների դեմ ծավալվող պայքարում այսօր չափազանց մեծ է հենց քաղաքացիական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների դերը:
Հ.Գ. Ի դեպ, Հասան Օքթայի ֆեյսբուքյան ընկերների թվում կարելի է տեսնել ՀՀ լրատվական եւ հասարակական դաշտի բազմաթիվ հայտնի դեմքերի: Ինչո՞ւ որեւէ մեկը չի իմացել, թե ով է իրականում ազգայնամոլ Հասանը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Այսօր՝ հունվարի 25-ին, կլրանա ձմեռային առաջին օլիմպիական խաղերի մեկնարկի 90 տարին: Այն տեղի ունեցավ Ֆրանսիայի Շամոնի քաղաքում հունվարի 25-ից փետրվարի 5-ը: 16 երկրների 258 պատվիրակներ՝ 247 տղամարդ, 11 կին, պայքարեցին ծրագրում ընդգրկված 9 մարզաձեւերում՝ սահնակային սպորտ, քյորլինգ, չմշկավազք, դահուկային երկամարտ, դահուկավազք, դահուկացատկ, զինվորական բազմամարտ, գեղասահք եւ տափօղակով հոկեյ: Վերջին մարզաձեւի մրցումներում գրանցվեցին բասկետբոլային հաշիվներ: Օրինակ՝ չեմպիոնի կոչումը նվաճած Կանադայի հոկեյիստները շվեդներին հաղթեցին 22:0, չեխերին` 30:0, շվեյցարացիներին` 33:0 հաշվով: Մասնակիցները վիճարկեցին մեդալների 16 հավաքածու, մրցանակների արժանացան 10 երկրների պատվիրակներ: Թիմային պայքարում լավագույնն էին նորվեգները` 17 մեդալ, ֆինները` 11, ավստրիացիները եւ շվեյցարացիները` 3-ական… Ձմեռային օլիմպիական խաղերի հեղինակը դարձյալ Պիեռ դե Կուբերտենն է, ում հանճարի շնորհիվ կազմակերպվեցին ու անցկացվեցին ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային օլիմպիական խաղերը։
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին Հայաստան կժամանի Բելառուսի դահուկային սպորտի ազգային հավաքականը՝ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար, որը, փաստորեն, նախապատրաստական վերջին փուլը կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին:
Նշենք, որ այս ամենն իրականացվում է անցյալ տարվա մայիսին Հայաստանում հյուրընկալված Բելառուսի նախագահ, այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ստորագրած համագործակցության պայմանագրի շրջանակներում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի «Փող չունեն, որ դեղ գնեն» հրապարակման մեջ անդրադարձել էինք խմբագրություն դիմած 51-ամյա Ռուզաննա Բունիաթյանի ընտանիքի` դստեր, 15-ամյա որդու եւ 5-ամյա թոռնիկի ծայրահեղ ծանր վիճակին: Գրել էինք, որ տիկին Ռուզաննան 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց, չգիտես ինչու, նրա փաստաթղթերում նշված է երրորդ կարգ: Հաշմանդամ կինը մեզ էր դիմել հատկապես թոռնիկի՝ 5-ամյա Հակոբի առողջական խնդիրների պատճառով: Բացի այդ՝ նշել էինք, որ տիկին Ռուզաննան նաեւ բնակարանը գազաֆիկացնելու, էլեկտրաէներգիայի եւ ջրի կոմունալ վարձերի պարտքերը մարելու խնդիր ունի: «Ժողովուրդ»-ի այս հրապարակմանն արձագանքել են ՀՀ կառավարությունն ու առողջապահության նախարարությունը: ՀՀ ԱՆ-ի աջակցությամբ 5-ամյա Հակոբն անվճար հետազոտվել է Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Երեխային անվճար տրամադրվել են բուժման համար նախատեսված դեղերը: Բացի այդ՝ գլխավոր մասնագետի մոտ կազմակերպվել է անհրաժեշտ խորհրդատվություն: Իսկ ՀՀ կառավարությունը 51-ամյա կնոջն օգնել է 250 հազար դրամի չափով, որով տիկինը վճարել է կոմունալ վարձերն ու առաջիկայում պատրաստվում է բնակարանը գազաֆիկացնել:

 

ՆՈՐ ՏՆՕՐԵՆ

Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամն արդեն նոր տնօրեն ունի: Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել եւ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է Վահան Դավթյանի թեկնածությունը: Նշենք, որ Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի քիմիայի բաժնի պետ: Նա նաեւ գործունեության մեծ փորձ ունի հասարակական ոլորտում:

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի երեկվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվել եւ հաստատվել է ՊՈԱԿ-ի 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Տեղեկացնենք, որ ՊՈԱԿ-ի 2013թ. փաստացի մուտքերը կազմել են 402,7 մլն դրամ, որից 232,4 մլն դրամը` ՀՀ պետբյուջեից, իսկ 180,2 մլն դրամը ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Ի դեպ, խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը: Փաստաթղթով եկամուտները ծրագրված են 371,5 մլն դրամի չափով, որից 225,2 մլն դրամը պետական հատկացումներն են, իսկ 150 մլն դրամը` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ակնկալվող միջոցները: Նախորդ տարվա համեմատ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցների նվազումը ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը բացատրել է մի շարք պայմանագրերի լուծմամբ:




Լրահոս