Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: Այն համահայկական տարածում ունեցող մարզական եւ սկաուտական կազմակերպություն է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ` շուրջ 28000 անդամով եւ քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, սկաուտական բանակումներ եւ մարզախաղեր։
Ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում եւ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության իրագործմանը:
ՀՄԸՄ Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտչյանը նախ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել կենտրոնական վարչության անդամներին, ապա անդրադարձել հուլիսի 31-ին Երեւանում դեպի Հանրապետության հրապարակ երթով մեկնարկած ՀՄԸՄ 10-րդ՝ հոբելյանական համընդհանուր բանակումի միջոցառումներին: Գառնիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն 10 օրով Բյուրականի բանակավայրում է համախմբել 17 երկրից ժամանած շուրջ 730 երիտասարդի՝ հայրենիքին ծանոթանալու եւ սկաուտական գիտելիքները փոխանակելու նպատակով: ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամները նաեւ շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամության ՀՄԸՄ-ն հիմնադրվել է 1918 թ., Հայաստանում գործել է 1920-1923 թթ, վերահիմնադրվել՝ 1989 թ.։
Հայաստանի ազգային սկաուտական շարժում` ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպությունը պատանեկության եւ երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից է, որը հանդիսանում է ՀՄԸՄ գործունեության եւ ավանդույթների կրողը: Ներկայումս ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը գործում է 12 միավորով` ՀՀ 6 մարզում: