ԻՄԱՍՏԸ Ո՞ՐՆ Է
Հայտնի է, որ հեռավոր գյուղերում աղջիկներն ավելի շուտ են ամուսնանում, քան հանրապետության քաղաքներում: Երբեմն նման ամուսնությունների հետ կապված քրեական գործեր են հարուցվում, եւ գործը հասնում է «դիվանբաշուն»: Տավուշի մարզի Բերդի շրջանի Վարագավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Արթուր Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 17-ին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է մտել եւ սեռական հարաբերություն ունեցել համագյուղացի, 1998թ. նոյեմբերին ծնված Ա. Մ.-ի հետ: Ա. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Այս հոդվածը, որպես պատիժ, նախատեսում է 100-250 հազար դրամ տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատական նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում կայացավ հունվարի 21-ին: Նիստի ժամանակ նշվեց, որ Արթուր Ալավերդյանի եւ անչափահաս աղջկա ամուսնությունից 2013թ. օգոստոսի 31-ին ծնվել է աղջիկ երեխա: Ա. Ալավերդյանը դատարանում հայտնեց, որ 2011-ի դեկտեմբերին ավարտել է զինվորական ծառայությունը, վերադարձել տուն: 2012թ. փետրվարին նա ծանոթացել է Ա. Մ.-ի հետ, սկսել են շփվել: Իսկ 2012թ. մարտի 8-ին նրանք նշանվել են: Նույն թվի նոյեմբերի 16-ին նշել են աղջկա ծննդյան տարեդարձը եւ հաջորդն օրն ամուսնացել: Ա. Ալավերդյանը 2013թ. Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել: Այնտեղ լսել է, որ իր նկատմամբ քրեական գործ են հարուցել, եւ վերադարձել է գյուղ: Ներկայումս նա ապրում է իր կնոջ հետ: Արթուրը դեռեւս չի ճանաչել դստեր հայրությունը, քանի որ անձնագիրը կցված է քրեական գործին: Նա դատարանին հայտնեց` ինքը գիտեր, որ աղջիկն անչափահաս է, սակայն չգիտեր, որ նրա հետ ամուսնանալու համար կարող է դատվել:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Ալավերդյանին մեղավոր ճանաչեց առաջադրված հոդվածով եւ դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի:
Նկատենք, որ Տավուշի մարզի Բերդի շրջանի գյուղերից մեծ է դեպի Ռուսաստան արտագաղթը, ինչի արդյունքում նվազել է ծնելիությունը: Ուստի դժվար է հասկանալ նման դեպքերով քրեական գործերի հարուցումն ու ծանր կենցաղով ապրող մարդկանց դրամական տուգանքների ենթարկումը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ