ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴՀՈԼԸ ԴԱՐՁԱՎ ՄՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի ելույթների հիմնական թեման առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու արդեն իսկ գրանցված ընտրախախտումներն էին: Սակայն հիմնական անակնկալն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթն էր:
Մարտի 1-ի իրադարձություններից հետո Ազատության հրապարակում Սուքիասյանն առաջին անգամ էր ելույթ ունենում, ու ժողովուրդը նրան ընդունեց առանձնակի ջերմությամբ: Սուքիասյանը նախ շնորհակալություն հայտնեց ժողովրդին՝ իրենց կողքին կանգնելու համար: «Ելույթներից մեկի ժամանակ ասացի, որ Հայաստանին հակակշիռ է պետք, եւ այդ հակակշիռը Հայ ազգային կոնգրեսն է, որը կարող է փոխել երկիրը»,-ասաց նա: Ըստ Սուքիասյանի՝ անկախ նրանից` իրեն կգրանցեն, թե ոչ, միեւնույն է, ողջ ուժն ու կարողությունը ներդնելու է Հայ ազգային կոնգրեսին աջակցելուն: «Մեզ բոլորիս հաջողություն եմ ցանկանում»,-ասաց նա:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին այս անգամ ցուցադրեց ՕԵԿ բաժանած ջեմն ու օծանելիքը: Նշելով, որ ՕԵԿ բաժանածը ժամկետանց ապրանք է, Մանուկյանն ասաց. «Մարդկային տխմարությունը սահման չունի: Բայց մենք շնորհակալ ենք իշխանությանը, որ նման տեսակին են դրել մեր առաջ` մրցակցելու»: Ըստ Արամ Մանուկյանի՝ ՀՀԿ ցուցակը, բացի ատելությունից, բացի վատ հուշերից, ոչինչ չի առաջացնում: Հայաստանը մտել է նախընտրական փուլ, որը լինելու է ակտիվ ու լարված: «Երբեւէ չի եղել այնպես, որ ԱԺ ընտրություններին հաջորդեն նախագահի ընտրությունները, երբեւէ իշխանությունը չի ունեցել այնպիսի ճգնաժամ, ինչպիսին այսօր է»,-ասաց նա:
Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը եւս խոսեց ՀՀԿ նախընտրական ցուցակից. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժիկ Սարգսյանը քաղաքական գործունեությունը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ, որովհետեւ առաջին հերթին ֆոկուսնիկներն են կրկեսում, մկանը դհոլ սարքելով` ուզում է հավատացնել, որ մուկը փոխվեց, դարձավ դհոլ: Էդ նույն Սերժիկ Սարգսյանն էր եթերում ճամարտակում, որ բիզնեսը տարանջատվում է քաղաքականությունից, բայց ՀՀԿ-ն հետեւյալ մականունավոր բիզնեսմեններին է առաջադրել` Նեմեց Ռուբո, Լֆիկ Սամո»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքերով` ՀԱԿ-ը սկսում է իր նոր ճակատամարտը՝ հանուն ժողովրդավարության: «Մինչեւ այսօր մենք զբաղված էինք բազմաթիվ ներքին կազմակերպչական խնդիրներով, համամասնական ցուցակի կազմումով, մեծամասնական մեր թեկնածուների առաջադրումով, ըստ էության, որոշվում էին մեր ժողովրդավարական բանակի ներսում դերակատարությունների բաշխումը եւ ճակատի տարբեր հատվածների համար պատասխանատուների ընտրության հարցերը: Հասարակության համար աննկատ այս աշխատանքի պատճառով թվում էր, թե քաղաքական կյանքում հաստատվել է անդորր: Բայց դա անդորր էր փոթորկից առաջ: Այսօր ես ձեզ զեկուցում եմ, որ մեր բանակն արդեն շարված է եւ պատրաստ ընդհանուր հարձակման»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ «ժողովուրդը մեծ անակնկալ է մատուցելու այս իշխանություններին, որոնք մտածում են, թե իրենց ընտրացուցակային կեղծիքներով կարող են նորից բռնաբարել ժողովրդի կամքը»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, որ Կոնգրեսի պայքարը չի սկսվել խորհրդարանական ընտրություններով, հետեւաբար՝ դրանց ավարտով չի վերջանալու: «Մենք համակարգային լուրջ փոփոխությունների նպատակ ունենք, մենք երազանք ունենք, որը միասնություն, համախմբվածություն եւ համբերություն է պահանջում, որը տեւական է լինելու, բայց բերելու է հաղթանակի: Մենք խնդիր չունենք այսօրվա քաղաքական դասավորությունների մեջ մեր ես-ը փնտրելու եւ գտնելու: Մենք խնդիր ունենք այսօրվա քաղաքական մեր դասավորությունը բերելու»,-ասաց նա: Արամ Սարգսյանի կարծիքով՝ հազար մղոն ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից, եւ հազար մղոնն էլ վերջ ունի: «Գնացողն իրեն նպատակ է դարձնում ընթացքը, մենք դրանցից չենք: Ոմանք նպատակ են դարձնում ինչպես եւ ում հետ գնալը, դա մեր դեպքը չէ, հաղթականն է մեր ելքը»,-նշեց նա:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ուշադրություն հրավիրեց ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե ընտրությունները լինելու են աննախադեպ արդար, եւ ՀՀԿ-ն 40 տոկոս ձայն է ստանալու: «Սա ասում է մի ուժ, որի իշխանության տարիներին երկրի արտաքին պարտքը հասել է 4 մլրդ-ի, աննախադեպ չափերի են հասել արտագաղթն ու աղքատությունը, երկիրը կանգնել է էկոլոգիական եւ ժողովրդագրական խայտառակ պատկերի առաջ»,-հիշեցրեց նա: Ուստի, Դեմիրճյանի կարծիքով, իշխանություններն օգտագործում են իրենց վարչական ռեսուրսներն ու բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանում: Բայց նա մատնանշեց վարչախմբի պլանները ձախողելու ճանապարհը. «Մեր հասարակությունը ո՛չ ասի քրեաօլիգարխիկ համակարգին, ո՛չ ասի ստորացուցիչ ընտրակաշառքին»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս