Հանգստյան օրերին Երեւան-Սեւան ճանապարհին լուրջ միջադեպեր չեն արձանագրվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում է ակտիվ հանգստի սեզոնը, եւ հանրապետության մի շարք ճանապարհներ ծանրաբեռնված են նույն ինտենսիվությամբ: Թվում էր, թե Վարդավառի օրը Երեւան-Սեւան ճանապարհին գրանցված հոծ երթեւեկության ռեկորդն այլեւս չի կրկնվի, բայց ականատեսները փաստում են, որ օգոստոսի 10-ի ցուցանիշը ռեկորդի գրեթե կրկնությունն էր: Իսկ սա նշանակում է հավելյալ ռիսկ ու վտանգ, ինչն էլ ենթադրում է ճանապարհային ոստիկանության գերծարաբեռնված ծառայություն:

Ոստիկանության աշխատանքի շնորհիվ հանգստյան այս օրերին Երեւան-Սեւան ճանապարհին որեւէ լուրջ միջադեպ չի արձանագրվել: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ուժեղացված ծառայություն իրականացրած վերակարգերին` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում ցուցաբերած պատասխանատվության եւ բարեխղճության համար:

Երեւան-Սեւան ճանապարհից բացի հանգստյան օրերին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաեւ հարակից տարածքներում:

Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է ընդհանուր առմամբ 249 վարչական իրավախախտման արձանագրություն: Այդ թվում` Կոտայքում 7 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 15-ի վարորդ գերազանցել է սահմանված արագությունը, հայտնաբերվել է առանց ամրագոտու երթեւեկելու 51 դեպք:

Գեղարքունիքում արձանագրություն է կազմվել ոչ սթափ վիճակում վարող 14 վարորդի նկատմամբ, արագությունը գերազանցել է 18, առանց ամրագոտու երթեւեկել է 64 վարորդ:

Միջոցառումները շարունակվելու են, հարկ եղած դեպքում ամեն օր է լինելու ուժեղացված ծառայություն: Բայց հայտնի է, որ անվտանգության հարցում ամենաորոշիչը երթեւեկության բոլոր մասնակիցների իրավագիտակցության բարձր մակարդակն է:




Լրահոս