ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵ՞Լ Է
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել: Հարցին, թե եթե կոալիցիան ձեւական է եղել, ԲՀԿ-ն ինչու է տարիներ շարունակ մնացել կոալիցիայի մեջ, Օսկանյանը պատասխանել է. «Ես չեմ ուզենա մեկնաբանել մի բան, որին մասնակցություն չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ մենք արդեն հասուն պետություն ենք»: Օսկանյանը նաեւ խուսափել է  ուղիղ պատասխանել այն հարցին, թե ԲՀԿ-ն իրեն  պատասխանատու զգում է առկա իրավիճակի համար. «Մեզ մոտ ոչ միայն խորհրդարանում հակակշիռ չկա, այսինքն` մի կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, այլեւ քաղաքական համակարգում չկա»:

ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ի պատասխան վերջինիս կողմից Պուտինին ուղղված շնորհավորական հեռագրի: «Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում եւս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների»,-ասված է հեռագրում:  

ՀԻՆԳ ՀՈԳԻ
Հայտնի են այն հինգ անձանց անունները, որոնց Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին: Նրանք են` ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանը, ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին` Դավիթ Սեդրակյանը, ՀԱԿ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը եւ Արմեն Սահակյանը:  

ԴԵՐԻ ՄԵՋ Է
Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ նախկին անդամ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը երեկ հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից մարզում սկսված  կամայականությունների մասին. «Դեռ քարոզարշավը չմեկնարկած` նա հավաքում է մարդկանց ու իր բառապաշարով ստիպում անել ամեն բան` ապահովելու համար ինձ հետ միասին նույն ընտրատարածքում առաջադրված հանրապետական 28-ամյա թեկնածու Հայկ Գրիգորյանի հաղթանակը»: Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել իր հետ նույն ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից տրված վերջին հինգ տարում Հայաստանում մշտական բնակության մասին վկայող տեղեկանքը:

ԳԺԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ
Երեկ  ակտիվիստ Լալա Ասլիկյանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «Հ1-ի հակաժողովրդավարական գործունեության դեմ» բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ակտիվիստ Երվանդ Կարապետյանը` այն հիմքի վրա, թե ահազանգ է ստացվել, իբրեւ այդ մարդը հոգեկան հիվանդ է: Ոստիկանության Նորք-Մարաշի տարածքային բաժանմունք բերված, այնուհետեւ Նորքի հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Երվանդ Կարապետյանը ժամը 18:00-ի սահմաններում ազատ է արձակվել:

ԼՂՀ-ՈՒՄ
Երեկ Ղարաբաղի խորհրդարանի լիագումար նիստում որոշվել է ԼՂՀ նախագահական ընտրությունների օրը` հուլիսի 19: Թեեւ չորս ամիս ժամանակ է մnացել, սակայն ընտրություններին մասնակցելու մասին որեւէ մեկը չի հայտարարել, այդ թվում նաեւ` գործող նախագահը:




Լրահոս