Կասեցվել են ճանապարհային ոստիկանության 4 ծառայողների լիազորությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն` ներքին անվտանգության վարչությունը պարբերաբար ստուգում է ճանապարհային ոստիկանության ծառայությունը: Եվ դարձյալ ի հայտ են բերվել խախտում կատարած աշխատակիցներ:

Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել ավագ տեսուչ Կարեն Գեւորգյանի, տեսուչներ` Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի եւ Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում: Խախտումները նաեւ նկարահանվել են: Տեսուչները քաղաքացիների հետ վարել են անհարկի խոսակցություններ, արձանագրություն չեն կազմել կանոնները խախտած վարորդների նկատմամբ, քաղաքացիներին թույլ են տվել նստել ծառայողական մեքենան, առանց անհրաժեշտության իրենք են խախտել երթեւեկության կանոնները, լուսաթարթիչները չեն միացրել շարք փոխելիս, իրենց ծառայողական մեքենան կանգնեցրել են երկրորդ շարք եւ այլն:

Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ավագ լեյտենանտ Ռուստամ Ավետիսյանի, լեյտենանտ Ռազմիկ Ասատրյանի, մայոր Կարեն Գեւորգյանի եւ ավագ լեյտենանտ Խաչատուր Սիմոնյանի լիազորությունները կասեցվել են, ներքին անվտանգության վարչությունը սկսել է ծառայողական քննություն:

Ոստիկանությունը հետամուտ է իր շարքերը մաքրելու բոլոր նրանցից, ովքեր արատավորում են իրավապահի պատիվն ու արժանապատվությունը: Համակարգի բարոյահոգեբանական մթնոլորտի բարեփոխման խնդիրը մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Ստուգումները կրելու են շարունակական բնույթ:




Լրահոս