ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ

Երեկ Երեւանում` Ուկրաինայի դեսպանատան մոտ, հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ՝ հարգանքի տուրք մատուցելու Կիեւի Գրուշչեւսկու փողոցում օրեր առաջ զոհվածների հիշատակին, որոնց մեջ էր նաեւ հայազգի Սերգեյ Նիգոյանը: Ակցիային մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ, «Կոնկորդ» քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ի դեպ, նշենք, որ Կիեւի փողոցներում հայտարարություններ են տարածում, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները խոշոր գումարով պարգեւատրելու են Սերգեյ Նիգոյանին սպանող դիպուկահարի գլուխը բերողին: Նրանք պատրաստ են տալ 100.000 ԱՄՆ դոլար:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ մի փոքր մանրամասն տեղեկանալ, թե ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը: Եվ ո՞վ կարող է ձեռք բերել հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք:
Գագիկ Համբարձումյան (46 տարեկան, հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված): Իսկ կառուցապատման իրավունքն անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում, եթե Գ. Համբարձումյանն ունի հողամաս, որի սեփականատերը հենց ինքն է, ապա առանց խնդիրների կարող է ստանալ իր հողամասի վրա որեւէ շինություն կառուցելու իրավունք:

 

 

ՀԱՐՑ. Աշխատանքի անցնելու համար ինձնից 10.000 դրամ գանձում են ինչ-որ փաթեթի համար: Ինձ ասացին՝ վճարումից հետո կկնքենք պայմանագիր 3 ամսով, աշխատավարձը՝ 80.000 դրամ: Ես ուզում եմ հասկանալ, թե այդ պայմանագիրը որքանով է վստահելի: Կարո՞ղ է՝ ինձ խաբեն: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչ կետեր են պարտադիր նշված լինելու:
Մերի Հարությունյան (37 տարեկան, լաբորանտ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագրի բովանդակությունը ներկայացված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածում: Այդ հոդվածի 1-ին մասում թվարկված կետերից աշխատանքային պայմանագրում պարտադիր նշվում են՝
-աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ՝ նաեւ հայրանունը,
– կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ՝ նաեւ հայրանունը,
– կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում),
– աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
– աշխատավարձի չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը,
– աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը:
Վերոնշյալ հոդվածի 1-ին մասի մնացած կետերն աշխատանքային պայմանագրում ներառվում են ըստ անհրաժեշտության:
Ընդգծենք, որ, ՀՀ ԱՕ համաձայն, աշխատանքային պայմանագիր կնքելով՝ աշխատողը եւ գործատուն փոխադարձ պարտավորություններ են ստանձնում միմյանց նկատմամբ, որոնք չկատարելու դեպքում ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: Այսինքն՝ գործատուն չի կարող պարզապես խաբել աշխատողին, չկատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները եւ «անպատիժ» մնալ դրա համար:
Հաջորդը պայմանագրի ժամկետն է: Գործատուն աշխատողի հետ կարող է կնքել 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր օրենքով նախատեսված առանձին դեպքերում:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ առաջին հերթին քաղաքացին պետք է հստակեցնի, թե վճարվող 10.000 դրամն ինչ փաթեթի համար է պահանջվում, որից հետո արդեն ամենայն ուշադրությամբ ծանոթանա պայմանագրի բոլոր կետերին եւ դրա հիման վրա որոշում կայացնի աշխատանքի անցնելու կամ դրանից հրաժարվելու մասին:

 

 

ՀԱՐՑ. Եղբորս տղան 8 տարեկանից ծնողների հետ գտնվում է արտասահմանում եւ այնտեղի գրանցում ունի (Հայաստանի գրանցում չունի): Այժմ նա 23 տարեկան է: Ընտանիքով ցանկանում են վերադառնալ ՀՀ: Եթե իր քաղաքացիական անձնագրով գա Հայաստան, հնարավո՞ր է՝ զինծառայության հետ կապված խնդիրներ առաջանան:
Սուսաննա Մակարյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման, ինչպես նաեւ երկքաղաքացիության իրավական ռեժիմի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով, որի պահանջների համաձայն՝ անչափահաս անձանց քաղաքացիությունը որոշվում է նրանց ծնողների քաղաքացիությամբ: Ընդ որում, օրենքը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում նաեւ այն անձինք, որոնք 1995թ. հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում են որպես ի սկզբանե ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, իսկ որպես այդպիսին՝ ՀՀ զինապարտ եւ ենթակա պարտադիր զինվորական ծառայության՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն:
ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե երիտասարդը 23 տարեկան է, ապա ինքնըստինքյան հայրենիք վերադառնալուն պես նա պետք է անցնի պարտադիր զինվորական ծառայության: Ամեն դեպքում, հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելը, կարծում ենք, յուրաքանչյուր հայ երիտասարդի համար պետք է պարտադիր լինի:




Լրահոս