ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԼՍԵՑԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ երեկ Եռաբլուր զինվորական պանթեոն կատարած ՀՀ պետական պաշտոնյաների այցից տպավորություն էր, որ նրանք ստիպված են գնացել` պարզապես պարտք կատարելու եւ վայրկյան առաջ այնտեղից փախչելու համար: Եռաբլուրից պաշտոնյաները այնպիսի արագությամբ են հեռացել, որ լրագրողներն ու քաղաքացիները չեն հասցրել անգամ մի հարց տալ: Մի քանի հոգու համառ ջանքերի արդյունքում հաջողվել է մեքենա նստելու պահին փոքր-ինչ մոտենալ Սերժ Սարգսյանին ու բարձրացնել զինվորականների թոշակի խնդիրը: Ս. Սարգսյանն էլ պատասխանելով, որ իրենք թոշակը բարձրացրել են, արագ հեռացել է: «Սուտ ա ասում, զինվորականի թոշակը չեն բարձրացրել»,-հեռացող Սարգսյանի հետեւից ասել է քաղաքացիներից մեկը, սակայն Սարգսյանն այլեւս չի լսել: Ու այսպես էլ երկրի ղեկավարությունը շարունակում է անհաղորդ մնալ քաղաքացիների խնդիրներին: Հետաքրքիր է, թե մինչեւ երբ են Սարգսյանները պատրաստվում իրապես խաբել քաղաքացիներին:
Արդյոք անտեսված, մի կտոր հացի համար կռիվ տվող ազատամարտիկն այն կերպարն է, որով այսօր պետք է ոգեշնչվեն մեր զինվորները. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պետություն պատերազմի մասնակիցների նկատմամբ քաղաքականությունն իրականացնում է իր հնարավորությունների սահմաններում: Շատ դեպքերում հասարակությունը միայն անդրադառնում է, երբ ինչ-որ մի կոնֆլիկտային իրադարձություն կա, իսկ առօրյա գործունեության ընթացքում մեծամասնությունը անտարբեր է: Եվ սոցիալական խնդիրներում պետությունն իր աջակցությունն իրականացնում է՝ ունեցած հնարավորության սահմաններում: Հավատացե՛ք՝ այսօր մեր պետությունն իր սուղ հնարավորություններով մաքսիմալն է անում: Նաեւ նշեմ, որ 2014 թվականին համապատասխան քաղաքականություն ենք մշակելու, որպեսզի կենսաթոշակների ավելացում լինի»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում սկսել է բավական ակտիվ աշխատանքներ տանել Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու համար: Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա սկսել է ամենատարբեր խողովակներով հավատարմության երդում տալ ռուսական իշխանություններին՝ ցույց տալ, որ «իրենց մարդն է», «վստահելի է» եւ այսպես շարունակ: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հերքեց Ս. Սարգսյանի իրավահաջորդը դառնալու ցանկությունների մասին լուրը: «Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա մեր ռուս գործընկերների հետ ունենք հրաշալի հարաբերություններ»,-ասաց նա:
«Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում` կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես ուշ ժամերին դրանց բացակայության մասին: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից փորձեցինք պարզել խնդրի պատճառները: «Ձմեռ է, աշխատանքը դժվարացել է, մի քիչ ռիսկայնությունն է մեծացել: Վարորդը հիմնականում աշխատում է այն դեպքում, երբ կարողանում է եկամուտ ունենալ: Երթուղիներից մեկում ուսումնասիրություն ենք կատարել, որ վարորդին 3000-4000 դրամ հազիվ է հասնում: Մի քանի երթուղիների վարորդներ սպասարկող կազմակերպություններին նույնիսկ գումար չեն տալիս: Պարզապես փորձում ենք պահել, աշխատեցնել` մինչեւ շարժը մեծանա, օրերը տաքանան, ժողովուրդը դուրս գա: Ես ինքս էլ շատ եմ նկատել, որ այս օրերին ավտոբուսների կեսից ավելին դատարկ է: Սա է հիմնական պատճառը, որ վարորդները խուսափում են աշխատել, ինչի պատճառով էլ այսօր մոտ 300 վարորդի կարիք ունենք»,-նշեց Հ. Նավասարդյանը:
ՀԱԿԱՌԱԿ ՀՈՒՆՈՎ
Երկօրյա պետական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի օրը Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի»,-ասել է Օլանդը՝ ընդգծելով, որ առերեսումը սեփական պատմությանը, ի վերջո, նպաստում է ժողովուրդների հաշտեցմանը: Օլանդը նաեւ անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ընդունման հնարավորությանը. «Ցեղասպանության քրեականացման հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք կդիմենք ճիշտ քայլի՝ հետեւելով օրենքի պահանջին: Մեր նպատակը ճշմարտության հասնելն է, եւ մենք ցանկանում ենք, որ բոլորն ըմբռնեն այդ փաստը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա մեկնեց ֆրանսահայ համայնքի` վերջին օրերի բազմամարդ հանրահավաքներում հնչեցված սուր քննադատության ճնշման ներքո: Անձնական կյանքին վերաբերող սկանդալի արդյունքում վարկանիշի աննախադեպ անկում արձանագրած Օլանդի համար այս փուլում բավականին կարեւոր է դառնում ֆրանսահայ ընտրազանգվածի համակրանքը չկորցնելը, ինչի նպատակով էլ, թերեւս, արվեցին այս հայտարարությունները: Եվ ընդամենը:
Սակայն Ֆրանսիայի իշխանությունների՝ «ճշմարտության հասնելու» երկակի խաղերի հետ այլեւս քչերն են լուրջ հույսեր կապում: Եվ այս հարցում բավականին սպառիչ էր Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի հղումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշմանը եւ հայտարարությունը, թե Թուրքիան հարգում է Ֆրանսիայի բարձրագույն օրենսդիր մարմնի որոշումը: Գյուլը նաեւ հիշեցրեց անցած դեկտեմբերի 17-ի ՄԻԵԴ որոշումը, որով չեղյալ հայտարարվեց Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դեմ Լոզանի դատարանի կողմից կայացված վճիռը:
Իհարկե, հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում Ցեղասպանության՝ բառի բուն իմաստով կաթվածահար արված գործընթացի պատասխանատուները ամեն կերպ կփորձեն Օլանդի այս հայտարարությունները ներկայացնել որպես առաջիկա լուրջ զարգացումների մեկնարկ, սակայն իրականում շատերի համար արդեն իսկ պարզ է, որ սկսել է հակառակ գործընթացը, որը կանխելու ուղղությամբ հայկական դիվանագիտությունը, ըստ էության, ոչինչ չի ձեռնարկում: Դեկտեմբերի 17-ից ի վեր՝ Փերինչեքի նկատմամբ ՄԻԵԴ վերջին վճիռը վիճարկելու ուղղությամբ հայկական պետության միակ քայլը ԵԽԽվ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի երեկվա ելույթն էր: Ինչ խոսք՝ հզոր հակահարված էր: