ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 ԹՎԱԿԱՆԸ՝ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՏԱՐԻ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ մեր պետությունն այսօր իր սուղ հնարավորությունների պայմաններում անգամ անում է առավելագույնը՝ աջակցելու համար Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին: Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում արձանագրվող դեպքերին՝ նախարարը կոչ արեց դրանց դեմ պայքարել համատեղ ուժերով:

-Պարո՛ն Օհանյան, օրերս Դուք հայտարարեցիք, որ 2013-ին հայոց բանակում մարդկային կորուստները 32%-ով նվազել են: Սակայն միայն 2014թ. հունվար ամսվա ընթացքում արձանագրված դեպքերը, մասնավորապես հունվարի 13-ին Մհեր Խլղաթյանին հոսպիտալում ծեծի ենթարկելու դեպքը, ինչպես նաեւ հունվարի 20-ին մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված Էդիկ Շահնազարյանի տարօրինակ մահը, կարծես թե չեն հաստատում այդ միտումը: Միգուցե Ձեզ ճիշտ չե՞ն ներկայացնում իրավիճակը:
-Գիտեք, զինված ուժերը իր հնարավորություններով, իր կառավարման համակարգով եւ վերահսկման մեխանիզմներով այնպիսին է, որ անհնար է պաշտպանության նախարարին որեւէ հարցում ճիշտը չզեկուցել կամ իրավիճակը խեղաթյուրել: Քանի որ մենք վերահսկողության բազմաթիվ մեխանիզմներ ունենք՝ մեր իրավապահների, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով զբաղվող հրամկազմի, հետախուզական մարմինների, ինչպես նաեւ անընդհատ հանկարծակի ստուգումների իրականացման միջոցով բացահայտելու այն թերությունները, որոնք գոյություն ունեն զինված ուժերում:
-Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ հայոց բանակում կատարվող դեպքերի առնչությամբ ՊՆ ներկայացրած տեղեկատվությունն ու իրականությունը հաճախ համատեղելի չեն լինում:
-Այդ դեպքերի մեծ մասը պահի ազդեցության տակ կատարվող հանցագործություններ են: Շատ դեպքերում իրար հետ բավականին լավ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ խոսակցության մեջ են մտնում, եւ այդ կեղծ հայհոյանքների պարտավորվածությունների տակ գտնվելով՝ տեղի են ունենում նման դեպքեր: Իզուր չէ, որ ես 2014 թվականը հայտարարել եմ այդ արատավոր բարքերի վերացման տարի: Արատավոր բարքերն են, որ միջանձնային հարաբերություններում պահի մեջ այնպիսի իրադրություն են ստեղծում, որ զինվորները գնում են հանցագործությունների: Մենք պարտավոր ենք դրա դեմ պայքարել` մարդկանց համոզելով, զինծառայողի հոգու մեջ մտնելով: Պարտավոր ենք ե՛ւ մենք, ե՛ւ ծնողները, ու դրա համար է, որ ես համատեղ պայքարի կոչ եմ անում բոլորիս: Դրանից զատ՝ նաեւ պարտավորվելով բարձրացնել մեր հրամանատարների պատասխանատվությունը՝ որպես վերջնական վերադաստիարակողի կամ զտիչ դերակատարություն իրականացնողի:
-Պարո՛ն նախարար, 2013 թ. մայիս ամսից ազատամարտիկները սկսեցին իրենց բողոքի շարժումը՝ անցած ամիսներին կազմակերպելով տարբեր ակցիաներ եւ հանրահավաքներ: Նրանք, ինչպես հայտնի է, կառավարությունից պահանջում են սոցիալական կարգավիճակի բարելավում: Սակայն առ այսօր ազատամարտիկների պահանջները չեն բավարարվել: Չե՞ք կարծում, որ պետության կողմից նման վերաբերմունքը հայրենիքի պաշտպանների հանդեպ բացասական կանդրադառնա զինվորների մարտական ոգու վրա: Արդյո՞ք անտեսված, մի կտոր հացի համար կռիվ տվող ազատամարտիկն այն կերպարն է, որով այսօր պետք է ոգեշնչվեն մեր զինվորները:
-Յուրաքանչյուր պետություն պատերազմի մասնակիցների նկատմամբ քաղաքականությունն իրականացնում է իր հնարավորությունների սահմաններում: Շատ դեպքերում հասարակությունը միայն անդրադառնում է, երբ ինչ-որ մի կոնֆլիկտային իրադարձություն կա, իսկ առօրյա գործունեության ընթացքում մեծամասնությունն անտարբեր է: Եվ սոցիալական խնդիրներում պետությունն իր աջակցությունն իրականացնում է ունեցած հնարավորության սահմաններում: Հավատացե՛ք, այսօր մեր պետությունն իր սուղ հնարավորություններով մաքսիմալն է անում: Նաեւ նշեմ, որ 2014թ. համապատասխան քաղաքականություն ենք մշակելու, որպեսզի կենսաթոշակների ավելացում լինի:
-Այս օրերին «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարում բազմաթիվ պայմանագրային զինծառայողների հարազատներ եւ դժգոհում, որ թեեւ ՊՆ-ն խոստացել էր իրենց որդիների կամ ամուսինների աշխատավարձերը բարձրացնել, սակայն դա չի իրականացվել: Ի՞նչն է պատճառը:
-2014թ. աշխատավարձերի ընդհանուր բարձրացում է տեղի ունենալու, եւ նաեւ հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկություններն ըստ վայրերի եւ զորամասի՝ մշակված է առանձնահատուկ պայմանների համար հավելավճարների համակարգ, որը հնարավորություն է տալու լիարժեք ձեւով այն իրականացնել՝ առանց որեւէ մտահոգության:
-Հունվարի 13-ին, այցելելով կենտրոնական հավաքակայան, «Ժողովուրդ»-ը հետեւեց նորակոչիկների՝ ընտրություն կատարելու գործընթացին, եւ տպավորություն ստացանք, թե թմբուկներից վիճակահանության միջոցով կատարվող ընտրությունը կարծես թե կազմակերպված բնույթ էր կրում: Բացառո՞ւմ եք այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերը. ինչպե՞ս են ընտրում զինվորներին, թե ով որ թմբուկին պետք է մոտենա:
-Ես վստահում եմ այն աշխատանքին, որն այսօր իրականացնում են: Կարող է կոռուպցիոն ռիսկ լինել այն դեպքում, երբ ճիշտ չեն ուսումնասիրվել ժամկետային զինծառայողի տվյալները մինչ նրա՝ կենտրոնական հավաքակայան հասնելը: Բայց մենք այսօր հայրենյաց պաշտպանի գրքույկ ենք ձեւավորել, որտեղ բոլոր տվյալները կան, եւ դա բացառվում է:
շարունակելի

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՈԽ ՍԵՂԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Երեկ՝ վաղ առավոտից, Եռաբլուրը մարդաշատ էր: Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներ, գնացել էին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր երկրի խաղաղության համար զոհվածներին:

Թվում էր, որ երեկ տոնական տրամադրություն պետք է թեւածեր ողջ երկրով մեկ՝ հաշվի առնելով նաեւ հայոց բանակի երիտասարդ ներկայացուցիչների պահվածքը հայ-ադրբեջանական սահմանին, թե ինչպես կանխեցին դիվերսիան: Սակայն միայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը Եռաբլուրում եւ Տավուշի մարզի իշխանիկների անտարբերությունը բավարար է՝ հասկանալու համար, որ Հայաստանի իշխանությունների համար հայրենասիրությունը սկսվում եւ ավարտվում է ճոխ սեղանների շուրջ ասված բաժակաճառերով:
Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը եւ նրանց ուղեկցող չինովնիկներն այնպիսի արագությամբ ծաղիկներ դրեցին ու հեռացան Եռաբլուրից, որ տպավորություն էր, թե փախչում են իրենց երկրից՝ ՀՀ քաղաքացիների ձեռքից, որ իրենց կեցության վերաբերյալ հարցեր չտան: Ինչ վերաբերվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, նրանք կարծես թե շրջակա միջավայրը չէին ընկալում. ո՛չ տեսնում էին, ո՛չ լսում, ընդամենը քայլում էին:
Միայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կանգնեց, զրուցեց ՀՀ քաղաքացիների հետ, սակայն շատ հարցերի պատասխանելու լիազորություն չուներ: Պարզապես մարդիկ սփոփվեցին, որ գոնե մի պաշտոնյա կանգնեց իրենց կողքին: Ինչ խոսք, Գասպարյանն «ընդդիմության» հետ աղոթելու մեծ փորձ ունի:
Այսպիսով՝ երեկ տոն էր միայն պաշտոնյաների եւ իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար: Հայաստանը կառավարող էլիտան, որը հագեցած է դասալիք նախարարներով եւ այլ կարգի չինովնիկներով, նախ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց Հայոց բանակի կազմավորման օրը, ապա՝ ռեստորանում՝ ճոխ սեղանների շուրջ: Շարքային քաղաքացու համար պարզապես ոչ աշխատանքային մի օր էր, երբ հեռուստաեթերից առավել շատ հնչում էին զինվորական երգեր:
Ամենասարսափելին, իհարկե, Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող Տավուշի մարզի իրավիճակն էր. այնտեղ որեւէ միջոցառում չէր կազմակերպվել՝ մեր բանակի հոբելյանին նվիրված՝ մարզպետը մարզում չէ պատճառաբանությամբ: Ուշագրավ է, որ այսպիսի քար անտարբերություն է ցուցաբերվում մի մարզում, որտեղ դեռ օրեր առաջ սահմանամերձ գյուղերից ստիպված մարդկանց էին տարհանում: Փաստորեն, ապահով երկրի տեղական իշխանիկ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսպես է ոգեշնչում իր մարզի բնակիչներին: Էլ ինչպե՞ս մարդիկ պետք է հավատան, որ ապրում են ապահով երկրում:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԷԼԻ ՆՎԱԶՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը բավական մտահոգիչ փաստեր է արձանագրում. մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 4.1 տոկոսով: Նշենք, որ վերջին տարիների համեմատ՝ սա առաջին դեպքն է, երբ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազում են. նախկինում պարբերաբար աճել են` միջինը 8-10 տոկոսով: Սա, թերեւս, արտագաղթի տվյալների մասին պատկերացում տվող հերթական անուղղակի ապացույցն է. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետեւանքով` արտադրության ծավալները: Բացի այդ՝ հայկական էլեկտրաէներգիան սկսել են նաեւ քիչ գնել արտերկրում:

 

ՀԻՇԵՑՐԻՆ

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ը, պատրաստվում է անցնել աշխատանքային նոր կարգի. կայքի պատասխանատուները երեկ տեղեկացրել են, որ իրենք այսուհետ այն թարմացնելու են ոչ թե ամենօրյա կամ ամենշաբաթյա պարբերականությամբ, «այլ ըստ անհրաժեշտության եւ միայն արդիական նյութերով»: Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ կայքը հիշեցնում է դեռ 2013թ. վերջին Ռոբերտ Քոչարյանին իրենց ուղարկած ու դեռեւս չստացված պատասխանների մասին: «Հուսով ենք, որ առաջիկա տարիներին Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը բազմաթիվ առիթներ կընձեռի այդ իմաստով: Ի դեպ, մոտ ապագայի համար մեր սպասելիքներն ավելի քան առարկայական են. անցած տարվա դեկտեմբեր ամսին երկրորդ նախագահին ուղղված մեր հարցերից երեքը դեռ սպասում են իրենց պատասխաններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է վերանորոգել ու վերականգնել ԱԺ շենքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարի ԱԺ շենքի հիմնական վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների համար նախատեսվել է ծախսել 80 մլն դրամ: Իսկ միայն 5 մլն դրամ էլ նախատեսված է ծախսել նախագծային աշխատանքների համար: Բայց միայն շենքը չէ, որ հնացել է խորհրդարանում: Այս տարի ԱԺ-ն մեծ գումար է նախատեսել նաեւ մեքենաների վերանորոգման համար` 20 մլն դրամ: Եվ այս ամենը, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցներով:




Լրահոս