«Մոնթե Մելքոնյան» վարժարանի հիմնադիր, ռազմական ինստիտուտի նախկին ղեկավար, որի օրոք ռազմական ինստիտուտը տվել է «լեյտենանտի» առաջին ուսադիրները, «Ժայռ» համահայկական հասարակական երիտասարդական կազմակերպության հիմնադիր, «Հետախույզների միավորում» ՍՀԿ նախագահ Ալեքսան Մինասյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 4 ընտրատարածքում: Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ժողովուրդը որոշի իր ձայնը վաճառել քսան հազար դրամով, որը 5 տարիների բաժանելու դեպքում կազմում է օրական 11 դրամ, ուրեմն այդ մարդը 11 դրամի արժեք ունի:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
-Ճիշտն ասած, ես այդպիսի մտադրություն չունեի, ուղղակի «Ժայռ»-ը բավական մեծ հասարակական կազմակերպություն է դարձել, իրենք առաջարկեցին իմ թեկնածությունն առաջադրել: Իսկ քանի որ «Ժայռ»-ը հասարակական կազմակերպություն է եւ ոչ թե քաղաքական, ես էլ որոշեցի որպես անկուսակցական առաջադրվել:
-Այսինքն` Հայաստանում չկա՞ կուսակցություն, որի հետ կարելի էր մասնակցել ընտրություններին:
-Շատերը կային, բայց ես «Ժայռ»-ն էի ներկայացնում եւ նրա մտահոգությունները, նրա առաջարկած փոփոխություններն օրենսդրությունում, այդ պատճառով որոշեցի մենակ գնալ: Իսկ համամասնական ցուցակում լինելու դեպքում ես ընդամենը կդառնայի պատգամավոր, որը կունենար պատգամավորական տեղ, բայց ուրույն մտքերի, առաջարկների, արտահայտման ձեւ ես չէի ունենա: Ես կաղապարված կլինեի, ինձ զսպաշապիկ կհագցնեին հենց կուսակցության կողմից, որը ես չէի ընդունի:
-Իսկ որեւէ կուսակցությունից իրենց հետ ընտրապայքարի գնալու առաջարկություն եղե՞լ է:
-Եղել է, բայց չեմ ուզում այդ թեմայով խոսել, որովհետեւ մի քանի կուսակցություններ են առաջարկել: Ասեմ նաեւ, որ առաջարկել են համամասնականի անցողիկ տեղեր, բայց ես չուզեցի: Իմ խնդիրն ազգային մտածելակերպի ձեւավորումն է, այդ իսկ պատճառով ես չէի կարող որեւէ կուսակցության ներքո իրագործել իմ ծրագրերը: Ես հենց այս գործունեությամբ եմ ցանկանում զբաղվել:
-Դուք Ձեր թեկնածությունն առաջադրել եք 4-րդ ընտրատարածքում, որտեղ շատ ուժեղ մրցակիցներ ունեք` Արտակ Սարգսյան` ՍԱՍ-ի Արտակ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան, ՀՀՇ-ից` Արամ Մանուկյան, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյան… Դուք հաղթանակի ռեսուրսներ ունե՞ք:
-Տեսնենք, կյանքը ցույց կտա: Կարծում եմ` երիտասարդությունն իմ մեջքին կանգնած է, տեսնենք, թե ինչ կստացվի: Սխալ կլինի, որ ես հիմա ինչ-որ բան ասեմ, ընտրությունները դեռ առջեւում են: Բայց հույսեր ունեմ: Ես այն մարդն եմ, ով միշտ մտածել է սերնդափոխության մասին: Ես շատ եմ կարեւորում սերնդափոխությունը, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դառնանք հայրենատեր:
-Բոլորին հայտնի է, որ թեկնածուներն իրենց հույսը դնում են ընտրակաշառքի վրա, շատ թեկնածուներ արդեն իսկ սկսել են դրանց բաժանման գործընթացը: Դուք նման քայլի դիմելո՞ւ եք:
-Գիտեք ինչ, ես այդ տարածքում դրել եմ իմ թեկնածությունը նրա համար, որովհետեւ այնտեղ մարդիկ տեղաբնակներ են, եւ նրանք, կարծում եմ, ավելի մտավորական են, քան նյութապաշտ: Ես այդ տարածքը դրա համար եմ ընտրել, կարծում եմ` այնտեղ նյութապաշտությունը քիչ է, այնտեղ ավելի բարոյական նորմերի, հասկացողության, մտքի խնդիր կա: Ճիշտ է` կաշառքներ էլ կբաժանվեն, թող բաժանեն, դա էլ իրենց խնդիրն է: Ամեն մարդն իր ձայնի տերն է: Իսկ ես չեմ պատրաստվում կաշառք բաժանել` նսեմացնելով իմ հայրենակցին: Մաղթում եմ արդար ընտրություն, որը ճանապարհն է հայրենատիրության:
«ԻՆՁ ԶՍՊԱՇԱՊԻԿ ԿՀԱԳՑՆԵԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ