ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՎՐՈՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

Եվրոպական կառույցները բավական կոշտ արձագանքեցին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին, այդ թեման դարձավ նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկումների գլխավոր նյութը, բանը հասավ նույնիսկ Ուկրաինայի վարչապետի հրաժարականին:

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Ուկրաինայի իշխանությունների գործողությունները որակել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային անհամապատասխան: Իր հերթին, Ուկրաինայում կատարվող իրադարձություններին անդրադարձել է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավար, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: Առաջիկայում ԵԽԽՎ-ն նաեւ բանաձեւ կընդունի` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. մինչ այդ, հինգշաբթի օրը ԵԽԽՎ-ում այդ թեմայով սպասվում են դեբատներ:
Որեւէ մեկը չի կասկածում, որ ինչպես այդ դեբատները, այնպես էլ դրան հաջորդելիք ԵԽԽՎ բանաձեւը կլինի բավական կոշտ: Առավել եւս, երբ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արդեն իսկ իր վերաբերմունքն է արտահայտել կատարվածի վերաբերյալ: ԵԺԿ-ն երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նախազգուշացրել է` Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը, թեկուզ արտակարգ դրություն հայտարարելը կդիտվի որպես հանցագործություն: Ավելին, ԵԺԿ-ն հայտարարել է, որ նման քայլերի դեպքում մեղավորները պատասխանատվության կենթարկվեն Հաագայի միջազգային քրեական դատարանում: Հարկ է ընդգծել, որ ԵԺԿ-ի դիրքորոշումը ոչ թե սոսկ եվրոպական կուսակցության կարծիք է, այլ այն, ըստ էության, արտացոլում է եվրոպական կառույցների, ԵՄ անդամ երկրների ղեկավարների տրամադրությունները, քանի որ եվրոպական ավելի քան 15 երկրի ղեկավար անդամակցում է ԵԺԿ-ին: Ու կարելի է ենթադրել, որ այս տրամադրությունները կարտացոլվեն նաեւ ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ եվրոպական մյուս կառույցների բանաձեւերում:

 

 

ԶԳԱ՛ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ եվրոպական այս արձագանքները, թերեւս, ուշագրավ են մեկ այլ առումով. 2008թ., երբ Հայաստանում իշխանությունները, բռնի ուժ կիրառելով, ցրեցին խաղաղ ցույցը, երբ բանտերը լցվեցին հարյուրավոր քաղբանտարկյալներով, իսկ երեկոյան Երեւանի կենտրոնում գնդակահարեցին 11 հոգու, ԵԽԽՎ-ն այդպես սուր չարձագանքեց. անգամ 11 հոգու սպանությունից հետո որեւէ ակնարկ չեղավ մեղավորներին Հաագայի միջազգային քրեական դատարանի առաջ կանգնեցնելու մասին: ԵԽԽՎ բանաձեւերում ստանդարտ ձեւակերպումներ էին. կոչ էր արվում անհապաղ նախաձեռնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն, ազատ արձակել այդ իրադարձությունների հետեւանքով ձերբակալված անձանց, բոլոր քաղաքական ուժերի միջեւ նախաձեռնել բաց եւ լուրջ երկխոսություն: Մարտի 1-ի իրադարձություններից հետո ԵԽԽՎ առաջին իսկ բանաձեւը նույնիսկ ողջունել էր այն ժամանակ չորս քաղաքական ուժերի` Ս. Սարգսյանի հետ կոալիցիոն իշխանություն ձեւավորելու հանգամանքը: Ընդ որում, ԵԽԽՎ-ն այդպես էլ լրջորեն հետամուտ չեղավ իր բանաձեւում նշված պահանջների կատարմանը, այլ ամեն անգամ «մեկ քայլ առաջ» հերթապահ նախադասություններով փորձեց մեղմել իրավիճակը: Այլ կերպ ասած՝ եվրոպական կառույցները ժողովրդավարության հարցում երկակի ստանդարտներ են կիրառում:

 

 

ՀԻՇԵՑՐԵՑ

Ի դեպ, եվրոպական կառույցների այս պահվածքին ԵԽԽՎ նիստում անդրադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավար, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին հարցրել է. «Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող տագնապալի իրադարձությունները՝ շատ կարեւոր է, որ Եվրոպայի խորհուրդը լրջորեն կենտրոնացնի իր ջանքերը` ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու կանխարգելման ուղղությամբ: Չնայած 2008 թվականի մարտի մեկի դեպքերը հավուր պատշաճի քննելու կոչերով ԵԽԽՎ 4 բանաձեւերին, երբ Հայաստանի իշխանությունները մահաբեր ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, ինչը բերեց 10 մարդու մահվան, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Արդյո՞ք նախարարների կոմիտեն ջանքեր է գործադրելու` կոչ անելու համար Հայաստանի իշխանություններին բացահայտել եւ պատժել ոճրագործություններ կատարած մեղավոր անձանց»: Սակայն եվրոպացի պաշտոնյան այդպես էլ կոնկրետ պատասխան չի տվել: «Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ հիմնական խնդիրը բռնության կիրառման դեմ պայքարն է, իսկ այս առումով Վեհաժողովի գործունեությունը դրական եմ գնահատում»,-հայտարարել է նա, իսկ ՀՀ-ում տեղի ունեցածի մասին ասել. «ՀՀ իշխանությունների` բարեփոխումների իրականացման պատրաստակամությունը բարձր ենք գնահատում եւ պատրաստ ենք նրանց աջակցել ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման հարցում»:

 

ՀԱՆՈՒՆ ԵՎՐԱՇԱՀԵՐԻ

Վերլուծաբանները, իհարկե, պնդում են, որ եվրոպական կառույցների դիրքորոշման հարցում իր դերն ունի նաեւ ընդդիմության քաղաքական օրակարգը. Հայաստանում ընդդիմությունը 2008թ. պայքարում էր ընտրակեղծիքների դեմ, իսկ Ուկրաինայում այսօր ընդդիմությունը պայքարում է կոնկրետ իրենց երկիրը Մաքսային միություն տանելու դեմ, հանուն եվրոինտեգրացիայի, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման: Ավելին, ժամանակին Սերժ Սարգսյանը մեծ-մեծ խոստումներ եւ «անձնուրաց երդումներ» էր տվել եվրոպացիներին` Հայաստանը եվրոինտեգրացիայի ուղղությամբ տանելու, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու եւ, վերջապես, ԼՂ խնդիրը լուծելու մասին: Սակայն 5 տարի հետո նա պարզապես խաբեց նույն եվրոպացիներին` բռնելով Մաքսային միության ուղին:
Հ.Գ. Այսքանից հետո, թերեւս, տեղին է հիշել. «Այն, ինչ կարելի է Կեսարին, չի կարելի շարքային ցենտուրիոնին»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Նրանցից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նկատեց, որ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը հերթական անգամ իրենց խոստացել է հունվար ամսին աշխատավարձերը «կամաց-կամաց» վճարել, սակայն չի պահել խոստումը: Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն դեռ մեծ պարտքեր ունի վճարելու նախկին ինժեներներին, բորտուղեկցորդուհիներին, օդաչուներին:

 

ԲՆԱԿԱՆՈՆ Է

Հայաստանում, եղանակային փոփոխությունների հետ կապված, լայն տարածում են գտել սուր շնչառական վարակները: Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համաճարակային այս իրավիճակը մեր հանրապետությունում հանգիստ է: Այսպիսով, ԱՆ-ի տվյալներով, 2014-ի ընթացքում Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2013-ի համեմատ, գտնվում է միեւնույն մակարդակի վրա: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: 2014-ի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակներով հիվանդ 7 անձ, որոնց լաբորատոր հետազոտությունների արդյունքում եւս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս տարվա մարտի 9-ին ՀՀ Լոռու մարզի որոշ համայնքներում, այդ թվում նաեւ Պետրովկայում, տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահին Պետրովկայում ապրում է 230 բնակիչ: Համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի իրենից՝ դեռ ոչ ոք չի ցանկանում իր թեկնածությունն առաջադրել: Նշենք, որ գյուղի բնակիչների հիմնական եկամուտն արտագնա աշխատանքի գնացածների կողմից ուղարկված կամ բերված գումարն է: Բացի այս՝ նրանք զբաղվում են նաեւ անասնապահությամբ եւ հողագործությամբ: «Ո՛չ անասնապահությունն է արդարացնում, ո՛չ էլ հողագործությունը»,-նկատեց Հ. Գրիգորյանը: Պետրովկան այս պահին ունի 28 աշակերտ նախկին 40-ի փոխարեն: Համայնքապետի խոսքով՝ աշակերտների թվի նվազումը կապված է երեխա չունենալու հետ. «Սոցիալական վատ պայմանների պատճառով երիտասարդները հրաժարվում են երրորդ երեխա ունենալ»:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի շրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջայանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Համագյուղացիների խոսքով՝ նա արդեն 3 տարի է՝ հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Վեց երեխաների հայր Խոջայանը երեկ մասնակցել է համագյուղացիներից մեկի մահվան տարելիցի միջոցառմանը, ապա, դույլը ձեռքին, գնացել՝ ասելով, թե գնում է մոշ հավաքելու:

 

ՄԵԶ ՀԵՏ Է ԻՐ ՈԳԻՆ

Ավանդույթի համաձայն՝ երեկ Մահապարտների գնդի մարտիկներն այցելել են սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային, որը, «Ա1+»-ի փոխանցմամբ, իր հյուրերին ընդունել է ոչ թե տանը, այլ հիվանդանոցում առողջական վիճակի պատճառով: «Ձեզ հետ միասին Վազգենս ներս մտավ: Ես հիմա իրեն մեռածների մեջ չեմ փնտրում, ես նրան փնտրում եմ ձեր մեջ, ողջերի մեջ: Ինքը կա, մեզ հետ է իր ոգին»,-ասել է սպարապետի մայրը:

 

ԱՊՏԱԿԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻՆ

168.am-ի տեղեկացմամբ՝ երեկ ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արա Նոդոլյանն ու ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին եւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 4 մայրերին մոտենալ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքին, որտեղ ժամը 17։00-ից հայոց բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ տոնական համերգ է անցկացվել։ Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է ճեղքել ոստիկանների պատը, սակայն նրան հրելով հետ են շպրտել։ Ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները փորձել են Օպերայի շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, հրել ու քաշքշել։ Զոհված զինվորների մայրերից մեկն ապտակել է ոստիկանին՝ իրեն առաջ չգնալու կոչ անելու համար:

 

ԻՐԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերի լարվածությանը: «Մենք ձգտում ենք հասնել խաղաղության հաստատմանը ինչպես Իրանում, այնպես էլ մյուս երկրներում եւ ջանքեր չենք խնայում այդ ուղղությամբ: Կարծես թե, զորքերի շփման գծում տեղի ունեցածի մասշտաբը նվազագույն է: Մենք հուսով ենք, որ այդ աննշան բախումները նույնպես կդադարեն»,-նախօրեին ասել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիա Աֆհամը:




Լրահոս