ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԵՎՈՍԻԿՆ ՈՒ ՆՐԱ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Հունվարի 27-ին Կենտրոն վարչական շրջանի Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում լարված իրավիճակ էր: Լսվել էին կրակոցների ձայներ, ավելի ուշ պարզվել էր, որ սպանվել է նշված շենքի բնակիչ Արթուր Սաֆարյանը, որը քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի` Թեւոսիկի եղբայրն էր:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Ա. Սաֆարյանը սպանվել է հրազենով: Նա վնասվածքներ է ստացել որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում:
Եվ այսպես, դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենք: Նկատեցինք, որ բնակիչները կատարվածից հետո բավական վախեցած էին: Նրանք հիմնականում չէին բացում իրենց բնակարանի դռները` նշելով, թե ոչինչ չգիտեն: Հարեւան շենքի բնակիչներից մեկը կցկտուր պատմեց, որ սպանված Արթուրի ընտանիքը նշված հասցեում ապրում է ընդամենը մի քանի տարի, եւ այդ ընթացքում իրենք ոչ մի տարօրինակ բան չեն նկատել ո՛չ Արթուրից եւ ո՛չ էլ նրա ընտանիքի անդամներից: Կատարվածի շուրջ փորձեցինք զրուցել սպանված Արթուրի հարազատների հետ, սակայն նրա հարեւանուհին ասաց, որ դեպքից հետո ընտանիքի անդամները գնացել են, եւ արդեն երկու օր է՝ տան դռները փակ են:
Հարեւանուհուց պարզեցինք, որ Արթուրն ուներ երկու երեխա՝ մեկ տղա եւ մեկ աղջիկ: Իսկ ի՞նչը կարող էր լինել այս ամենի պատճառը եւ, առհասարակ, նկատե՞լ են հարեւաններն այս ընթացքում որեւէ տարօրինակ բան իրենց շենքի տարածքում կամ Արթուր Սաֆարյանի շուրջ: Այս հարցին ի պատասխան՝ հարեւաններից շատերը նշեցին. «Նորմալ, համեստ տղա էր, էլ ոչ մի բան չգիտենք»:
Դեպքից անցել է երկու օր, եւ դեռ հայտնի չէ, թե ինչի հետեւանք է այս սպանությունը: Ո՞վ կամ ովքե՞ր կարող էին խնդիրներ ունենալ Թեւոսիկի եղբոր հետ: Ի վերջո, նրա անունն առաջին անգամը չէ, որ շրջանառվում է աղմկալի պատմությունների համատեքստում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2004թ. հունիսի 29-ին Թեւոս Սաֆարյանը եւ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը բախվել էին միմյանց: ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն ու Խոսրով Հարությունյանը հիմնադրել էին «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ին պատկանող գազի լիցքավորման կայան: «Ֆինանսական գործունեության հետ կապված՝ կողմերի միջեւ որեւէ տարաձայնություն չի եղել, իսկ կազմակերպչական հարցերում ՍՊԸ տնօրենի նկատողությունները մյուս կողմի ներկայացուցիչներին ընդունվել են հիվանդագին, ինչի մասին հայտնել են Խոսրով Հարությունյանին»,-նշված է հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության մեջ:
Այդ կապակցությամբ Խ. Հարությունյանը եւ Մ. Գաբրիելյանը մի քանի անգամ հանդիպել եւ խոսել են միմյանց հետ, սակայն ընդհանուր համաձայնության՝ հետագայում ինչ կարգով պետք է աշխատեն եւ ինչպես, չեն եկել, ինչի արդյունքում Խ. Հարությունյանը որոշել է որդու անվամբ ձեւակերպված 25% բաժնեմասը վաճառել իր ծանոթ Թեւոս Սաֆարյանին: Ասել է թե՝ պատգամավորական փոխհարաբերությունները միմյանց հետ չկարողանալով պարզել՝ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը դիմել է քրեական հեղինակությունների «օգնությանը»:
Գաբրիելյանները դեմ էին արտահայտվել այդ որոշմանը, իսկ Թեւոսիկն ասել էր. «Խոսրո՛վ, դու քոնն ասացի՛ր, կարաս գնաս, մնացածը ես կբացատրեմ»: Դրանից հետո Խ. Հարությունյանը եւ Թեւոսիկը դուրս էին եկել տնօրենի աշխատասենյակից: Վերջինիս գլխավորությամբ մի քանի վայրկյան անց այնտեղ էին ներխուժել 10-12 հոգի, որոնք, հայհոյանքներ տեղալով, ծեծի էին ենթարկել Գաբրիելյան եղբայրներին՝ հատկապես վնասելով Արտակ Գաբրիելյանին: Ամբաստանյալներ Թեւոս Սաֆարյանի, Օհան Մելիինյանի եւ Հարություն Ալեքսանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրված ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն): Իսկ ահա, ինչպես նկատեցինք, Խոսրով Հարությունյանը եւ Թեւոսը ջրից չոր դուրս եկան: Չնայած թե՛ մեղադրողը եւ թե՛ դատարանն ապացուցված համարեցին ամբաստանյալների հանցանքը, սակայն գտան, որ «ամբաստանյալների ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու», ուստի նրանք ազատ արձակվեցին:
Նշենք, որ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենն է:
Իսկ թե ինչ կապ կարող է ունենալ այս դեպքը Թեւոսի եղբոր սպանության հետ, դժվար է ասել, բայց «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ իրավապահները որպես վարկած կքննեն նաեւ այս դրվագը: Թերեւս քննության կառնվի նաեւ այն վարկածը, որ նախորդ տարի՝ աշնանը, Ուկրաինայում ձերբակալվել էր Թեւոսիկը:
Նշենք, որ ըստ 168.am-ի՝ սեպտեմբերի 20-ին Ուկրաինայում ձերբակալվել է քրեական հեղինակություն Թեւոսիկը: Վերջինս երկար ժամանակ Հայաստանում չի եղել տեղի որոշ օլիգարխների հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով: Համաձայն նույն աղբյուրների՝ Թեւոսիկի եւ հայ օլիգարխների միջեւ կոնֆլիկտային փոխհարաբերություններն արդեն հարթվել են, եւ սպասվում է, որ այս ձերբակալությունից հետո, պայմանավորվածության համաձայն, նա կտեղափոխվի Հայաստան: Ավելին, ըստ կայքի՝ Թեւոսիկն այժմ կալանավորված է անձի առեւանգման մեղադրանքով եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում:
Իսկ նրա եղբոր սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նշանակվել են փորձաքննություններ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐ

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՊՆ կենտրոնական հավաքակայանում նորակոչիկներին արված պատվաստումներն անորակ են եղել, եւ դա է պատճառը, որ այս օրերին բոլոր զորամասերի հոսպիտալներում պառկած զինծառայողների թիվը բավականին շատ է: Ու գրեթե բոլոր նորակոչիկները նույն խնդիրներն ունեն: Տեղեկությունը փորձեցինք պարզել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը նշեց. «Հոսպիտալներում պառկած զինվորները վարակվել են այն հիվանդությամբ, ինչ քաղաքացիների մի մասը: Դա որեւէ կապ չունի պատվաստումների հետ»: Ավելին, ըստ ՊՆ խոսնակի՝ զինվորներին արված պատվաստումների հարցում որեւէ խնդիր չկա:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ բարձրաստիճան սպաների հանձնարարությամբ՝ զինվորներին մեկ շաբաթ արգելվել է լողանալ հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Հավելենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկության՝ հանրապետությունում սուր շնչառական վարակների ստեղծված համաճարակային վիճակը մեղմվել է:

Ք. Մ.

 

 

 

 
ԲԼԹ

«Եթե մեր ժողովուրդը հավատա, եթե մենք կարողանանք այնպես անել, որ կառավարիչների ինստիտուտը կայանա եւ վստահություն ձեռք բերի, ամեն ինչ լավ կլինի: Իսկ քաղաքացիական բողոքներն ու շարժումները մենք չենք արհամարհում, հակառակը…»:

Կարինե Աճեմյան parliamentmonitoring.am
Ո՞ւմ հավատա մեր ժողովուրդը, ՀՀԿ-ի՞ն, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի՞ն: Այսօր իշխող կուսակցությունը նույնիսկ ինքն իրեն չի հավատում, ուր մնաց ժողովուրդը նրանց վստահի: Իսկ ՀՀԿ-ական հերթական պատգամավորը շարունակում է շռայլել իրականությանը չհամապատասխանող խոսքեր վստահության եւ նման՝ ՀՀԿ-ին ոչ հարիր երեւույթների մասին: Եթե նրանք իրոք չարհամարհեին քաղաքացիական բողոքներն ու շարժումները եւ, ընդհանրապես, մարդկանց կարծիքը, ապա վաղուց կամավոր կհրաժարվեին իշխանությունից: Սակայն նժդեհականները շարունակում են մնալ իրենց տեղում՝ արհամարհելով ժողովրդին:
«Իրականում մենք հպարտանալու շատ բան ունենք: Ցավոք, սիրում ենք զբաղվել ինքնախարազանմամբ եւ բողոքել, որ ամեն ինչ վատ է: Մեր նպատակը փոխելն է, ոչ թե զարմացնելը»:

Ռուբեն Վարդանյան «Մեդիամաքս»
Այստեղ են ասում՝ ձայնը տաք տեղից է դուրս գալիս, դրա համար էլ զբաղվում է իշխանավորին բնորոշ դատարկաբանությամբ: Դե իհարկե, մեծահարուստն ու գործարարը ինչի՞ց կարող է բողոքել եւ ինչպե՞ս կարող է հասկանալ իր բազմաթիվ այն հայրենակիցներին, ում համար կյանքը դժվար է, եւ ամեն ինչ՝ վատ: Ռ. Վարդանյանին իրականում դա հասու չէ, քանի որ ինքը չի ապրում ՀՀ քաղաքացու նման եւ չի էլ մտահոգվում ՀՀ քաղաքացիներով, հակառակ դեպքում նման կերպ չէր արտահայտվի: Պարզապես նա չափից շատ է սիրում ՀՀ իշխանություններին եւ հավանաբար նրանց կազմակերպած թալանով էլ հպարտանում է:
«Քաղաքապետը չէր կարող հայտարարություն տալ ոստիկանությանը, որովհետեւ ո՛չ քաղաքապետը, ո՛չ էլ քաղաքապետի ընտանիքի որեւէ անդամ մամուլում նշված դեպքին ականատես չի եղել»:

Սամվել Բալասանյան «ԳԱԼԱ»
Եթե Սամվել Բալասանյանն ու նրա ընտանիքի անդամները ոչինչ չեն տեսել եւ ոչ մի կրակոց չեն լսել, ապա այդ դեպքում ինչո՞ւ հակառակը չեն հայտարարում, թե ընդհանրապես ոչ մի միջադեպ էլ չի եղել: Թե՞ իրականում ԲՀԿ-ական օլիգարխն ունի նաեւ «գողական» մտածելակերպ, ու դա թույլ չի տալիս նրան Վարդան Ղուկասյանի որդու դեմ հայտարարություն տալ, քանի որ դա «ճշտով» չի լինի: Համաձայնե՛ք՝ ցավալի է, որ նման մտածելակերպ ունեցող մարդիկ պաշտոն են զբաղեցնում: Առավել ցավալի է, որ Բալասանյանը, ոստիկանապետին տեղում հակադարձելու համարձակություն չունենալով, 2 օր մտածեց, թե ինչ հնարի, նոր խոսեց:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս