ՀԱՄԱՆԵՐՈՒՄ՝ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
«Վիկիլիքս»-ի հրապարակայնացրած փաստաթղթերից հերթականը պատմում է 2009թ. տեղի ունեցած համաներման նախապատրաստությունների մասին, որի արդյունքում ազատ արձակվեց քաղաքական բանտարկյալների մեծամասնությունը: Պետդեպին ուղարկված այդ զեկուցագիրը հեղինակել է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Դեսպանը ներկայացնում է իր, նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Վիգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ նույն թվականի մայիսի 20-ի հանդիպման մանրամասները: Փաստաթղթում ամփոփված են զրուցակիցների կարծիքները համաներման շուրջ, ինչպես նաեւ հայ հասարակական-քաղաքական տարբեր գործիչների տեսակետները տիրող իրավիճակի մասին: Մարի Յովանովիչը տեղ-տեղ հանդես է գալիս անձնական ուշագրավ դիտարկումներով ու մեկնաբանություններով:
Նախ եւ առաջ նկատենք, որ իշխանության՝ վերը նշված ներկայացուցիչները խոսակցության ընթացքում խոստացել են, որ Սերժ Սարգսյանը 2009թ. մայիսի 28-ին կարեւոր հայտարարությամբ է հանդես գալու, որը վերաբերելու է մարտի 1-ի ձերբակալվածների թեմային: Խորհրդականները հրաժարվել են որեւիցե տեղեկություն հաղորդել սպասվող հայտարարության մասին՝ նկատելով, սակայն, որ «դա կլինի ամենաբարձր օղակից եկող ազդակ, ըստ որի՝ բոլոր գործերը բարեհաջող հանգուցալուծում կստանան»: Մ. Մինասյանն ընդգծել է, որ իշխանության այդ քայլն իրենից ներկայացնում է «բարի ժեստ հանդեպ Լեւոն Տեր-Պետրոսյանը ու նրա ղեկավարած Կոնգրեսը՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին»: Դեսպան Յովանովիչը մեկնաբանում է. «Վ. Սարգսյանն ու Մ. Մինասյանն ուղղակիորեն չպատասխանեցին այն հարցին, թե արդյոք ձերբակալվածների մի մասն ազատ կարձակվի հենց հայտարարության օրը, բայց նրանց ժեստիկուլյացիան եւ կցկտուր ձեւակերպումներն ստեղծում էին այնօրինակ տպավորություն, որ ձերբակալվածներն ազատ կարձակվեն հայտարարությունից ավելի ուշ»:
Ամերիկացի դիվանագետը հաղորդում է, որ մայիսի 28-ին հայերը նշում են առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը, եւ դրա հետ կապված՝ «վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ ձերբակալվածներն ազատ կարձակվեն հենց այդ օրը: Բայց սա առաջին անգամն է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն անձնապես հաստատում են այդ շշուկները»: Դեսպանի կարծիքով՝ խիստ հավանական է թվում, որ Սարգսյանը հավատում է, թե այդ քայլը դրական տպավորություն կստեղծի 2009թ. Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից առաջ: Յովանովիչի համոզմամբ՝ «այն կարող է նաեւ կանխել հետընտրական հնարավոր բողոքներն ու դժգոհությունները, եթե ենթադրում ենք, որ քվեարկության օրը սպասվում է գաղտնի վնասարարություն, եւ Տեր-Պետրոսյանը պարտվելու է այդ ընտրություններում: Հաշվարկը կարող է այն լինել, որ ընդդիմությունը հազիվ թե գրավի փողոցը, եթե իր 50-ից ավելի աջակիցների ազատ արձակումն անխուսափելի լինի»:
Մ. Յովանովիչը նաեւ ներկայացնում է իշխանության խոստացած հայտարարության մանրամասները՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը. «Եթե գաղափարը (համաներման-հեղ.) հասունացել է մեր հասարակության մոտ անցած երեք տարիների ընթացքում եւ նոր համաներման կարիք կա, ապա ես պատրաստ եմ օգտագործել իմ սահմանադրական լիազորությունները»: Յովանովիչն արձանագրում է, որ Սարգսյանը կոչ է արել քաղաքական ուժերին եւ հասարակական գործիչներին, համաներման հետ կապված, համապատասխան առաջարկություններ ներկայացնել:
Նախկին դեսպանը փաստաթղթում ներկայացնում է նաեւ քաղաքական ուժերի տեսակետները համաներման առթիվ՝ հիշատակելով առաջին հերթին ՀԱԿ-ին. «Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է՝ շատ վատ է, որ նախագահը տեղյակ չէ իր ժողովրդի ցանկություններին եւ արդյունքում չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին»: Դիվանագետը հիշատակում է նաեւ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին, որը քննադատաբար էր մոտեցել Սարգսյանի հայտարարությանը՝ այն որակելով իբրեւ «միջազգային հանրության համար կազմակերպված շոու»: 2009թ. մայիսի 29-ին, հանդիպելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, դեսպանը հետաքրքրվել է համաներման խնդրով: Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինքն ամբողջովին սատարում է համաներման գործին, իսկ իր կուսակցությունն անպայման առաջարկներ է ուղարկելու ՀՀ նախագահին: ԲՀԿ ղեկավարն արտահայտել է իր համոզվածությունն առ այն, որ «համաներում լինելու է, բայց ազդելու է ձերբակալվածների միայն 90-95 տոկոսի վրա»:
Մարի Յովանովիչը, ավարտելով համաներման նախապատրաստական շրջանի վերաբերյալ իր զեկուցագիրը, արձանագրում է, որ նախագահականի ներկայացուցիչների հավաստիացումների ֆոնին Սերժ Սարգսյանի՝ մայիսի 28-ի հայտարարություններն առավելապես հիասթափեցնող էին: Հիմնվելով Սարգսյանի՝ համաներման գաղափարի հանդեպ ցուցաբերած անուղղակի մոտեցման եւ Ծառուկյանի նշած տեղեկությունների վրա՝ դեսպանն արձանագրում է, որ հազիվ թե ձերբակալվածներն ազատ արձակվեն մինչեւ հունիսի 10-ը. «Ինչեւէ, մենք կշարունակենք ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի նրանք արագացնեն Սարգսյանի հայտարարությունը շոշափելի արդյունքի վերածելու գործընթացը, եթե դա, իհարկե, կառավարության իրական նպատակն է»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿԹԱՆԿԱՆԱ
Առաջիկայում կաթնամթերքի շուկայում սպասվում են թանկացումներ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Չանախ» կաթնամթերքի արտադրության տնօրեն Ղուկաս Բունիաթյանից: «Գազն ու էլեկտրաէներգիան մի կողմից, հումքի թանկացումն էլ մյուս կողմից: Մեր ներքին ռեզերվներն արդեն օգտագործել ենք, այլեւս ելք չկա: Կաթնամթերքի հումքը թանկացել է: Գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսն ավելացել է: Այս վիճակը երկար կշարունակվի, թե ոչ՝ հստակ չեմ կարող ասել, բայց կաթնամթերքն անպայման կթանկանա»,-վստահեցրեց Ղուկասյանը: Նրա խոսքով՝ դա միայն Հայաստանով չի որոշվում, քանի որ ներմուծվող կարագը, կաթի փոշին նույնպես թանկացել են. «Իսկ դրանք անդրադառնում են կաթնամթերքի գների վրա»:
ՎՃԱՐՈՎԻ ՉԵՆ ԴԱՌՆԱ
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած մի խումբ քաղաքացիներ իրենց մտահոգությունը հայտնեցին Երեւանում գործող մանկապարտեզներն առաջիկայում վճարովի դարձնելու կապակցությամբ: Նրանք նաեւ խնդրեցին հստակեցնել՝ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Հարցի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությամբ Դուք վայելում եք մեր ժողովրդի սերն ու անմնացորդ հարգանքը: Մեծ է Ձեր ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման եւ հանրահռչակման գործում: Այսօր Դուք միջազգային ճանաչում եւ անուն վաստակած այն հայորդիներից եք, ում ստեղծագործությունները համարվում են դասական արժեքներ: Դուք հայ արվեստագետի, մտավորականի եւ քաղաքացու չափանիշ եք, որով սերունդներ են դաստիարակվելու»:
ԼԻՍԿԱՅԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու եւ Գորիսում «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակցի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: «Լիսկայի եղբորորդի, թմրամոլ Մայիս Խաչատրյանն իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ հարձակվել է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանի վրա, մետաղյա լոմով ջարդուխուրդ արել նրան, պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ: Վերջինիս մի կերպ է հաջողվել փրկվել»,-ասել է պարոն Հարությունյանը: Նրա տեղեկություններով՝ ոստիկանությանը դեռ չի հաջողվել հայտնաբերել ո՛չ Մայիս Խաչատրյանին, ո՛չ էլ տուժող Վիտալիկ Մեսրոպյանին: Հարությունյանն ընդգծել է. «Դա նույն Մայիս Խաչատրյանն է, որն անչափահասի տարիքը բոլորելուց կարճ ժամանակ անց իր հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ 2004-ի փետրվարի 29-ին դաժանաբար, բազմաթիվ դանակահարվածներով սպանել է Գորիսի բնակիչ, երեք անչափահաս երեխաների հայր Հովհաննես Բադալյանին: Հայաստանում ցմահ ազատազրկվածների մեծ մասի հանցանքներին չզիջող այդ ոճրի համար Էյներ Խաչատրյանը մեկ օր նույնիսկ չի ազատազրկվել, իսկ Մայիս Խաչատրյանը դատապարտվել է ընդամենը 12 տարվա ազատազրկման, որից 6,5 տարին կրել է արտոնյալ պայմաններում, իսկ 5,5 տարին էլ հանվել է Սերժ Սարգսյանի ողորմածությամբ: Հիշեցնենք, որ առանձնակի ծանրության այդ հանցագործությունից ընդամենը օրեր անց է իրենց հորեղբայրը` տխրահռչակ Լիսկան, նշանակվել Սյունիքի մարզպետ: Մայիսն արժանավոր որդին է Հոպոպի` Սերոբ Խաչատրյանի, որը տղայի կալանքի ժամանակ էլ է հեղինակել բազմաթիվ հանցանքներ, մասնավորապես 2007-ի ապրիլին Գորիսի հանրախանութում օրը ցերեկով փորձել է բռնաբարել գորիսեցի աղջկա»:
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԸ ՀԱՂԹԵՑ
Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի կառուցապատողին հաջողվել է դատարանի որոշմամբ հանել տալ շինարարության վրայի արգելանքը: Բնակիչներից Գոհար Սահակյանը Aravot.am-ին պատմել է, որ դատարանն իրենց երկընտրանքի առջեւ էր դրել. կա՛մ պետք է կառուցապատողին 40,600 դոլարով փոխհատուցեին շինարարության ժամանակավոր կասեցման արդյունքում նրա կրած վնասների համար, կա՛մ էլ արգելանքը հանվելու էր: Նկատենք, որ սա շատ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ վիճահարույց հատվածներում կառուցապատում իրականացնողների համար: