ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ

Արդեն երկար ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում` կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես սպասարկման ժամերի հետ: Քաղաքացիները դժգոհում են մասնավորապես 7, 9, 37 համարի ավտոբուսների եւ 38 համարի միկրոավտոբուսի աշխատանքից: Այդ բողոքների եւ հասարակական տրանսպորտի հետ կապված այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, մեզ դիմող բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ հատկապես երեկոյան ժամերին ստիպված են լինում կանգառներում 30 րոպեից ավելի սպասել տրանսպորտի: Դժգոհությունը մեծ է հատկապես 7 համարի ավտոբուսների աշխատանքից: Բացի այդ՝ մենք զրուցել ենք 7 համարի ավտոբուսների վարորդների հետ, որոնք հայտարարել են, թե հրաժարվում են վարել, քանի որ իրենց աշխատանքային պայմանները սարսափելի են: Նրանցից շատերը հանձնել են իրենց բանալիները: Տեղյա՞կ եք այդ ամենի մասին:
-Նման բան չկա, ահազանգ չենք ստացել, ոչ էլ սպասում ենք: Հենց հիմա ինձ մոտ է հունվարի 21-ի տեղեկատվությունը, ըստ որի՝ 7 համարի նախատեսված ավտոբուսների քանակը կազմում է 10, որից 8-ը հունվարի 21-ի դրությամբ աշխատել է:
-Մյուս երկուսն ինչո՞ւ չեն աշխատել: Հետաքրքրվե՞լ եք:
-Հազար ու մի բան կա՝ վարորդի հիվանդություն, մեքենայի անսարքություն եւ այլն: Ես այդ երկուսի մասով չեմ կարող ասել: Բայց այն, որ դադարեցված է, եւ չեն աշխատում, նման բան չկա: Իսկ քաղաքացին չի կարող 30 րոպե սպասել ավտոբուսի:
-Եվ, այդուամենայնիվ, սպասում է: Իսկ 9 համարի ավտոբուսի հետ կապված ի՞նչ կասեք:
-9 համարի ավտոբուսի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ավտոբուսների քանակն իրականում քիչ է: Սկզբնական շրջանում էլ էր քիչ, հիմա էլ: Այս համարի ավտոբուսը սպասարկողը բավականին գումարներ էր պարտք մնացել Երեւանի քաղաքապետարանին, հիմա վարձակալության վերցրած ավտոբուսները հետ է վերադարձրել: Փորձում ենք մենք սպասարկել՝ չնայած, որ ավտոմեքենաների տեխնիկական վիճակը բավարար չէ, անսարքություններ կան: Այստեղ խնդիր կա, եւ 20 րոպեի ինտերվալը պահպանվում է: Իսկ մյուսներում այդպես չէ, կան որոշակի շեղումներ, բայց ոչ 30 րոպե:
-Նախկին 76 համարի միկրոավտոբուսների երթուղին, որը հիմա սպասարկում է 37 համարի ավտոբուսը, նույնպես սկսել է 30 րոպեից ավել միջակայով աշխատել: Քաղաքացիներն այս համարի ավտոբուսից էլ են դժգոհում` նշելով, որ այն նախկինում հինգ րոպե միջակայով էր աշխատում: Ո՞րն է խնդիրը, ուսումնասիրե՞լ եք:
-Բնականաբար, միկրոավտոբուսից ավտոբուս դառնալու դեպքում միջակայքը չի կարող նույնը լինել, որովհետեւ նույնը լինելու դեպքում վնասով կաշխատեն: Առանց այն էլ վնասով են աշխատում: Այսօր 5-7 րոպե ինտերվալով ավտոբուս աշխատեցնելը հանցագործություն կլինի: Երթուղային ցանցով միկրոավտոբուսների համար ինտերվալը նախատեսված է 5-7 րոպե, իսկ ավտոբուսների համար՝ 10-12 րոպե: Նորմատիվներով այդպես է: Այսօր բավականին շատ վարորդների պակաս ունենք: Ձմեռ է, աշխատանքը դժվարացել է, մի քիչ ռիսկայնությունն է մեծացել: Նաեւ` այս ամիսներին ժողովրդի քանակն է նվազել, ուսանողությունը չկա, դրա համար էլ որոշ վարորդներ խուսափում են աշխատելուց:
-Այնուամենայնիվ, Ձեր նշած գործոններից զատ, արդյո՞ք նաեւ առաջարկվող աշխատանքային պայմանները չեն պատճառը, որ վարորդները չեն ցանկանում աշխատել:
-Վարորդը հիմնականում աշխատում է այն դեպքում, երբ ինքը կարողանում է եկամուտ ունենալ իր կատարած աշխատանքի դիմաց: Երթուղիներից մեկում ուսումնասիրություն ենք կատարել. վառելանյութի գումարն է ընդամենը դուրս եկել եւ 3000-4000 դրամ էլ մի կերպ վարորդին է հասել: Մի քանի երթուղիների վարորդներ սպասարկող կազմակերպություններին գումար չեն տալիս, ուղղակի սպասարկողները չեն էլ ուզում, որպեսզի գիծը չփակվի: Այնպես որ, փորձում ենք պահել, աշխատեցնել, մինչեւ շարժը մեծանա, օրերը տաքանան, ժողովուրդը դուրս գա: Այնպիսի տպավորություն ունեմ, որ այս ցրտին մարդիկ չեն ցանկանում դուրս գալ քաղաք: Ցերեկը ավտոբուսները գրեթե դատարկ են երթեւեկում: Ես ինքս էլ շատ եմ նկատել, որ այս օրերին ավտոբուսների կեսից ավելին դատարկ է: Սա է հիմնական պատճառը, որ վարորդներն այսօր խուսափում են աշխատել: Ինչի պատճառով էլ այսօր մոտ 300 վարորդի կարիք ունենք:
-Պարո՛ն Նավասարդյան, իսկ ի՞նչ նորություն կա՝ տրանսպորտի սակագների վերանայման հետ կապված:
-Դրա մասին չեմ կարող ասել: Դեռ մինչեւ ամսվա վերջ ուղեւորահոսքերի ուսումնասիրություններ պետք է կատարվեն: Այն ամսվա վերջին կավարտենք, փետրվարին մի քանի անգամ հանձնաժողովը կաշխատի, կուսումնասիրի, կքննարկի: Այնտեղ տարբեր առաջարկություններ կարող են լինել:
-Ի վերջո, հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալո՞ւ է:
-Թող իմ բերանից ոչինչ դուրս չգա: Այսօր տեսնում եմ իրավիճակը ու չեմ ուզում որեւիցե բան ասել, որովհետեւ այսօր մենք ունենք վարորդների ահավոր պակաս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԸՆԴԴԵՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ

Հունվարի 27-ին Իջեւանի Մեծահասակների կրթության ակումբում կայացել է «Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը նպաստո՞ւմ է, արդյոք, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը» թեմայով քննարկում: Այն կազմակերպել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Բանավեճի մասնակից իջեւանցի ուսանողները բաժանված են եղել յուրաքանչյուրը 6-հոգանոց՝ «կողմ» եւ «դեմ» խմբերի: «Կողմ» խմբի անդամները մասնավորապես նշել են, որ Հայաստանի կառավարությունը, տնտեսական բարեփոխումներ իրականացնելով, օրենսդրական բարենպաստ միջավայր է ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, այդ նպատակով վարկեր են տրվում, պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ նշված ոլորտում աճ կա եւ այլն: «Դեմ» խմբի անդամները թվարկել են այն դժվարությունները, որոնք առկա են փոքր եւ միջին բիզնեսի կայացման համար. հարկային բեռը, բարձր տոկոսադրույքներով վարկերը, տնտեսության տարբեր ոլորտներում առկա մենաշնորհները խանգարում են Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Վերջում 3-հոգանոց ժյուրին, վերլուծելով խմբերի փաստարկները, գնահատել է դրանք եւ մեկ միավորի առավելությամբ ընդունել, որ Հայաստանի պետական քաղաքականությունը չի նպաստում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:
Բանավեճի կազմակերպիչը՝ Ջինիշյան հիմնադրամի Իջեւանի ներկայացուցիչ Արման Եգանյանը, ասաց, որ դրամաշնորհային այդ ծրագիրը 3 փուլից է բաղկացած. առաջին փուլում ուսանողների մասնակցությամբ սեմինար է կազմակերպվել, այս փուլում՝ բանավեճ, իսկ 3-րդ փուլում նախատեսվում է քննարկում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից հրավիրված մասնագետների, Իջեւանի շրջանից փոքր եւ միջին ձեռներեցների, ուսանողների մասնակցությամբ: Ա. Եգանյանը, սակայն, դժգոհ էր ժյուրիի որոշումից. նրա կարծիքով՝ «կողմ» խմբի փաստարկներն ավելի ուժեղ էին: Եգանյանի գնահատմամբ՝ ժյուրիի անդամները նախապատրաստված չէին իրենց գործառույթներին, նրանցից մեկը վերջին պահին հանդես է եկել իր սուբյեկտիվ կարծիքով, ինչի իրավունքը չուներ: Նշենք, որ տնտեսագիտական այդ բանավեճի լսարանը եղել են Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղ» եւ «Հույսի կամուրջ» հ/կ Իջեւանի մասնաճյուղ հաճախող երեխաները:
Որքանո՞վ էր նպատակահարմար նման լուրջ թեմայով բանավեճին ունկնդիր դարձնել երեխաների: Այս կապակցությամբ Ա. Եգանյանն ասաց, որ իրենք համագործակցում են այդ հ/կ-ների հետ: Նշենք, որ սույն բանավեճը, ինչպես եւ առաջին սեմինարը, նկարահանվել է մարզային «Տավուշ» հ/ը-ի կողմից, բանավեճին այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ներկա չեն եղել: Սակայն մարզային հեռուստաընկերությունը հունվարի 2-ից եթեր դուրս չի գալիս: Ա. Եգանյանն ասաց՝ հ/ը-ից իրեն հայտնել են, որ մինչեւ փետրվարի 10-ը «Տավուշ»-ը կգործի, եւ բանավեճի մասին հաղորդումը եթեր կհեռարձակվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՄԵԿՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՄՅՈՒՍՆ ՍԿՍՎԵՑ

Չնայած Վեյկ ան Զեեում կայացած շախմատային մրցաշարի վերջին` 11 տուրում Լեւոն Արոնյանը զիջեց Լյուկ վան Վելլիին, սակայն այդ արդյունքն արդեն չէր կարող փոխել իրավիճակը մրցաշարային աղյուսակի վերնամասում: Հայ գրոսմայստերը մրցաշարի ավարտից 1 տուր առաջ արդեն ապահովել էր հաղթողի կոչումը` անհասանելի դառնալով մրցակիցների համար: Ի վերջո, նա վաստակեց 8 միավոր եւ 1,5 միավորով գերազանցեց 2-3-րդ տեղերում հաստատված Գիրիին ու Կարյակինին: Նշենք, որ Արոնյանը չորրորդ անգամ է հաղթում «Masters»-ի գլխավոր մրցաշարում: Մեր հայրենակիցը նշել է, որ հույս ունի գերազանցել Վիշվանաթան Անանդի ռեկորդը (հնդիկ շախմատիստն այդ մրցաշարում հաղթել է 5 անգամ): Դեռ նոր է ավարտվել խոշոր մրցաշարը, սակայն Լեւոն Արոնյանն արդեն այսօր կմասնակցի մեկ այլ խոշոր մրցաշարի։ Հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 4-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք գերմրցաշարում նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս Գելֆանդը: Բացման օրը կկայանա կայծակնային, փակմանը` արագ խաղի մրցաշար:

 

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Անցյալ տարվա սեպտեմբերին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ Սոչին հիմնականում պատրաստ է օլիմպիադային՝ չնայած բոլոր կառույցների շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2012-ին: Եվ մշտապես հետ ընկնող գրաֆիկով Սոչիի օլիմպիական խաղերն ավելի թանկ են արժեցել. նախատեսված 314 մլրդ ռուբլու փոխարեն օլիմպիադան արժեցել է 1,5 տրլն ռուբլի:
Ըստ «Վեդոմոստի»-ի՝ դեռ 2008-ին հասկանալի էր դարձել, որ Սոչիի օլիմպիադայի նախապատրաստումը մոտ 1 տրլն ռուբլի կարժենա: Բուն օլիմպիադայի վրա ծախսվել է 214 մլրդ ռուբլի, իսկ մնացածը ծախսվել է թերի ենթակառուցվածքների վրա, որոնք առանց այդ էլ բարեկարգման կարիք ունեին: Այսպիսով՝ Սոչիի օլիմպիադան դարձել է ամենաթանկը պատմության մեջ: Նախկին ռեկորդակիրը Պեկինի օլիմպիադան էր` 40 մլրդ դոլար արժողությամբ: Գումարն աճել է 3 հիմնական պատճառներով` շինարարության մեծ ծավալներ, վատ երկրաբանական վիճակ, ՄՕԿ-ի լրացուցիչ պահանջներ: Հայտնի է նաեւ, որ օլիմպիադայից հետո Սոչիում 55.000 հյուրանոցային համար կլինի` ավելի շատ, քան այժմ Մոսկվայում (41.300):

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ

Ռուսաստանում շրջանառության մեջ մտած 100 ռուբլիանոցները դարձել են առաջին թղթադրամային հուշադրամները ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ (մինչ այդ ստեղծվել են միայն մետաղադրամներ) եւ առաջին ռուսական ուղղահայաց թղթադրամները: Կենտրոնական բանկը մտադիր է տպել 20 մլն այդպիսի թղթադրամ: Նաեւ առաջին անգամ ռուսական ռուբլու պատմության մեջ կիրառվել է հոլոգրաֆիկ նշանը: Դրա շնորհիվ թղթադրամի վրա տեղակայված կրակի լեզուները «շարժվում» են:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս