ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Եռաբլուրում

Այս հաշմանդամ մարդը, որը քայլել անգամ չի կարողանում, երեկ այցելել էր Եռաբլուր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակներին: Եվ ցավալի է, որ մեր օրերում նման կարգավիճակ ունեցող մարդիկ, մեղմ ասած, անտեսված են իշխանությունների կողմից:

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե Հայաստանի Հանրապետություն սննդամթերք ներմուծելու համար ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր:

Գարուշ Ասատրյան (48 տարեկան, խանութի տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի ներմուծումը ՀՀ տարածք կատարվում է արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեպետ գործող կարգը պարզ ներկայացված է, բայց հաճախ են պատահում դեպքեր, երբ այս կամ այն ընկերությունը որեւէ ապրանք ներմուծելու համար դիմում է տարբեր մեթոդների՝ բացի օրենքով սահմանված կարգը պահպանելուց:

 

 

ՀԱՐՑ. Բազմիցս նկատել եմ, որ հարսանեկան արարողությունների ժամանակ քահանայի սկուտեղի մեջ հարսանիքի մասնակիցները փող են դնում: Դա վարձատրությո՞ւն է, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ: Պսակադրությունը կարո՞ղ է անցկացվել առանց դրամի:

Անի Ներսիսյան (24 տարեկան, ակնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է քահանայի սկուտեղի մեջ հանգանակվող գումարին, ասենք, որ դեռեւս նախաքրիստոնեական շրջանում, երբ Աստված հրեա Ղեւիի ցեղին հանձնեց քահանայությունը, պատվիրեց, որ մյուս 11 ցեղերը հոգ տանեն ղեւտացիների մասին: Վերջիններս պիտի սպասավորեին Աստծո տաճարում եւ չէին կարող գումար ու ապրուստ վաստակելու այլ միջոց գտնել: Մինչ այդ, ամեն ընտանիքի առաջին արու զավակը՝ որպես սպասավոր, նվիրաբերվում էր եկեղեցուն: Հրեաների մոտ մինչեւ հիմա էլ մնացել է առաջնեկ տղաներին տաճարին նվիրաբերելու, նրա փոխարեն որեւէ բան նվիրաբերելու կամ մատաղ անելու սովորությունը: Եթե հիշում եք, 40 օրական Հիսուսին էլ ծնողները տարան տաճար, ապա տատրակ մատաղ արեցին:
Արարողությունների ու ծեսերի ժամանակ մարդկանց կողմից նվիրաբերվող գումարով էլ քահանաներն ապրում էին: Այդպես է նաեւ հիմա: Յուրաքանչյուր ոք ազատ է իր սրտի ուզածի չափ գումար նվիրաբերել: Մարդիկ կան, որ ի վիճակի չեն այդ նվիրաբերությանը: Որեւէ մեկը չի կարող ստիպել գումար տալ: Այն գումարը, որ ծեսերի ժամանակ ժողովուրդը տալիս է քահանային, մի տեսակ զոհաբերություն է Աստծո սպասավորին: Ինչ վերաբերում է առանց գումարի պսակադրվելուն, ասենք, որ նման բան իհարկե հնարավոր է: Սակայն որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեք ե՛ւ դուք, ե՛ւ քահանան, որը, սովորույթի համաձայն, վերջում պիտի սկուտեղ մեջտեղ բերի, լավ կլինի, որ նախօրոք մոտենաք պսակադրող քահանային եւ բացատրեք իրավիճակը:
Աղոթաբար՝ Նոյ սարկավագ Անդրեասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել նման իրավիճակ: Հայ ընտանիքներում, որքան էլ սոցիալական ծանր պայմաններ լինեն, քահանային ուրախության եւ սգո ծառայությունների համար վարձատրելու գումար միշտ էլ գտնվում է: Թերեւս, նման դեպքերում առավել աստվածահաճո կլինի, եթե քահանան ինքը, տեսնելով ընտանիքի վիճակը, կանխավ հրաժարվի վարձատրությունից:

 
ՀԱՐՑ. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ամուսնուցս բաժանված: Ունեմ տղա եւ աղջիկ: Տղաս 18 տարեկան է եւ այս տարի պետք է բանակ գնա: Խնդրում եմ ասել՝ ունենալով հաշմանդամ ծնող՝ նա որեւէ արտոնությունից կարո՞ղ է օգտվել:

Լաուրա Մելիքյան (49 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրամադրելու հիմք է հանդիսանում նաեւ զինակոչիկի անաշխատունակ հայր եւ մայր ունենալը, եթե նրանք չունեն ՀՀ քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ: Միեւնույն ժամանակ, նույն օրենքը որպես անաշխատունակ ծնողներ ճանաչում է նաեւ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հորը եւ մորը:
Երրորդ կարգի հաշմանդամ ծնող ունենալու հիմքով որդին չի օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքով տարկետման իրավունքից, սակայն նույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միայնակ, երրորդ կարգի հաշմանդամ ծնող ունենալու հիմքով օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող (մինչեւ 150 կմ տեղակայված) զորամասում ծառայելու արտոնությունից:
ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հարցում հաշմանդամության երկրորդ եւ երրորդ կարգի տարբերությունը կարող է վճռորոշ դեր խաղալ, քիչ չեն դեպքերը, երբ այդ հարցը լուծվում է բժշկական հանձնաժողովում համապատասխան կարգ ստանալու նպատակով գործադրված «ջանքերի» շնորհիվ:




Լրահոս