Հայ հեղինակներից հաճախ են երգեր գողանում: Երգահան Մանե Հակոբյանը բազմիցս խոսել է այդ մասին ու փաստերով ապացուցել, որ Սիլվայի երգերը գողանում են, փոխում բառերն ու երգում իբրեւ իրենց երգը: Կրկին գողություն է տեղի ունեցել, այս անգամ էլ հերթը հասել է Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգին, որը մարտի 27-ին հայտնվել է համացանցում ադրբեջանցի երգիչներ Ֆարիդ Դադաշովի եւ Ալի Ալիեւի կատարմամբ: Կարող եք ինքներդ համոզվել, YouTube-ում փնտրե՛ք Farid Dadashov&Ali Aliyev-Vay Vay 2012, հետո նույն երգը լսե՛ք Ռազմիկի կատարմամբ: Բառերից բացի, ոչինչ փոխված չէ, նույնիսկ գործիքավորումն է նույնը: Կասկած անգամ լինել չի կարող, որ ադրբեջանցիներն են մեզանից գողացել, քանի որ Ռազմիկի երգի պրեմիերան եղել է դեռ ամռանը, իսկ Youtube-ում տեղադրվել 2011 թվականի օգոստոսի 17-ին: Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ մեր կատարողների հիթ դարձած երգերը գողանում են: Երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանն այս առնչությամբ BRAVO.am-ին ասել է. «Երգի մասին իմացանք շատ պատահական. համացանցում «Վայ-վայ» երգն էինք փնտրում եւ գտանք սա: Մեզ համար այս երգի գոյությունը վառ ապացույցն է այն բանի, որ միշտ ադրբեջանցիներն են գողացել հայկական երգերը: Դիմելու եմ YouTube-ի ադմինիստրացիային` տեսահոլովակն այնտեղից ջնջելու համար, քանի որ ադրբեջանցիները խախտել են երգչի հեղինակային իրավունքները»:
ԿՐԿԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ