ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի քաղաքացի եմ: 12 տարեկանից բնակվում եմ այստեղ: Շուտով կլրանա իմ 18 տարին, եւ ուզում եմ հասկանալ` լինելով երկքաղաքացի` պարտավորված եմ արդյոք ծառայել ՀՀ բանակում:

Նորայր Օհանյան, 17 տարեկան, ուսանող


ՊԱՏԱՍԽԱՆ. Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իրենց սահմանադրական պարտականությունը` ինչպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, այնպես էլ կամավոր հիմունքներով պայմանագրային զինվորական ծառայության անցնելով: Վերոնշյալը տարածվում է նաեւ 1995թ. հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության  քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունից  միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում, ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից եւ վարժական հավաքներից:

Փաստաբանների միջազգային միություն
(համագործակցություն) իրավախորհրդատու փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման հարցով մեր ընթերցողները հաճախ են խմբագրությանը դիմում: Ինչ խոսք, գովելի է, երբ քաղաքացին փորձում է ճշտել իր իրավունքներն ու պարտականությունները: Թեեւ երկքաղաքացիների զինծառայությանը վերաբերող հարցերի մեծ մասում ակնհայտորեն գերակշռում է ՀՀ քաղաքացի լինելու պատիվն ունենալու, բայց  մեր երկրի զինված ուժերում չծառայելու շահագրգռվածությունը:




Լրահոս