ՀԱՐՑ. Ես բնակվում եմ Երեւանում` Թամանյան 3 հասցեում: Ամեն ամսվա վերջում տարածքի սպասարկման վճար եմ մուծում, բայց մինչ օրս չգիտեմ` ինչպես է սահմանվում տարածքի սպասարկման վճարի չափը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Թամանյան 3 հասցեում պարտադիր նորմերի վճարները բնակարանի տարածքով (քկմ-ով) են հաշվվում: Այն շենքերում, որտեղ վերելակ չկա, մեկ քկմ-ի դիմաց տասնհինգ դրամ է հաշվվում, իսկ վերելակով շենքերում` քսան դրամ: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` յուրաքանչյուր սեփականատեր, իր սեփականությանը համամասնորեն, պարտավոր է մասնակցել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարներին:
իրավաբան Արաքսյա Գրիգորյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվում է` օրենքը հստակ սահմանում է թե՛ վճարաչափը, թե՛ գանձվող գումարի նպատակը: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն, որ սա ընդամենը սպասարկման վճարի օրինական մասն է: Թերեւս չի գտնվի մի շենք, որտեղ մի քանի օրը մեկ ամենատարբեր նպատակների համար` սկսած մի քանի հարյուր դրամից մինչեւ 2 հազար դրամ, չհավաքեն: Պարզ է, որ մարդիկ կնախընտրեին տարբերակներից միայն մեկը. այսինքն` կա՛մ սահմանված գումարը վճարեին ու իրենց շենքում առաջացած բազմաբնույթ խնդիրների հետ այլեւս չառնչվեին, կա՛մ պարտավորվեին պետք եղած դեպքում սեփական ուժերով ու միջոցներով լուծել ցանկացած հարց:
Իբր քիչ են մեր հայրենակիցների ուսերին ծանրացած կոմունալ վճարումները, հիմա էլ ամենատարբեր իրական ու հորինովի ծառայությունների սպասարկումից օգտվելու համար մարդիկ պետք է վճարեն: Անկասկած ճիշտ կլինի, եթե ինչ-որ կերպ կա՛մ դրամահավաքությունն արգելվի, կա՛մ սպասարկման վճարը վերացվի: