Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր օգոստոսի 13-ի նիստում որոշում կկայացվի, ըստ որի «Սատելնետ» բաժնետիրական ընկերությունը պարտավոր է գումար փոխանցել պետական բյուջե: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Նշված է, որ 2005թվականի հունիսի 29-ին «Սատելնետ» բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման №ՊԼ-4000 լիցենզիա, սակայն ընկերությունը չի վճարել լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար սահմանված տարեկան պետական տուրքերը:
Այս փաստի ուսումնասիրության նպատակով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում՝ Հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 17-ի №286Ա որոշմամբ կասեցվել է Ընկերությանը տրամադրված տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № ՊԼ-4000 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի 9.5 կետի համաձայն՝ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություների մատուցման լիցենզավորված գործունեության իրականացման համար սահմանված է հարյուր հազար դրամ տարեկան պետական տուրք: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են ժամանակին և լրիվ վճարել Օրենքով սահմանված պետական տուրքերը և տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:
2014 թվականի հուլիսի 16-ին Հանձնաժողովը երկարաձգել է Ընկերության
նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը, որի մասին Ընկերությունը
ծանուցվել է 2014 թվականի հուլիսի 16-ի №ՍԱ-1583Հ գրությամբ: Ընկերությունը հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվող հարցի կապակցությամբ որևէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել, Հանձնաժողովի աշխատակազմի կողմից իրականացված վարչական վարույթի արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը խախտել է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար սահմանված տարեկան պետական տուրքի և ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժի վճարման պարտավորությունը, և չի վճարել մինչև 2013 թվականի հունիսի 15-ն հաշվարկված հինգ միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար դրամ պարտքը, որից մեկ միլիոն հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր դրամ գումարի մասով առկա է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գումարի բռնագանձման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2009 թվականի օգոստոսի 4-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
Այս ամենը նաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. «ՍԱՏԵԼՆԵՏ» բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2005 թվականի հուլիսի 29-ին «ՍԱՏԵԼՆԵՏ» բաժնետիրական ընկերությանը տրամադրված տվյալների փոխանցման
ծառայությունների մատուցման №ՊԼ-4000 լիցենզիայի տարեկան պետական տուրքի մասով մինչև 2013 թվականի հունիսի 15-ն հաշվարկված չորս միլիոն հինգ հարյուր երեսունինը հազար դրամ պարտքը, որից երեք հարյուր հազար դրամը լիցենզիայի տարեկան պետական տուրքն է, իսկ չորս միլիոն երկու հարյուր երեսունինը հազար դրամը՝ ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժը, և վճարումը հավաստող անդորրագիրը ներկայացնել Հանձնաժողով: