«Կարար Գուրչենկոյի նման ամուսնանար, հետո նորից բաժանվեր, հետո ի՞նչ». մատուցողուհու սպանության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Դավիթ Թամրազյանի գործով դատական քննությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ 27-ամյա Դավիթ Թամրազյանը մեղադրվում է մատուցողուհի Մարիամ Հունանյանի կոկորդը կտրելու և այդ կերպ նրան սպանելու մեջ:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ իր ձեռքին կա սկավառակ, որում պատկերված են մարդիկ, ովքեր պետք է հարցաքննվեն:

Նախագահողը պարզաբանեց, որ այդ մասին պետք է հայտարարվեր նախորդ դատական նիստին, որպեսզի հնարավոր լիներ համակարգչով ապահովել: Սակայն պաշտպանը հարց ուղղեց դատարանին, վերջինս չի՞ ծանոթացել սկավառակի պարունակությանը, դատավոր Բալայանը բացասական պատասխան տվեց:

Լուսանկարներից մեկում, ըստ ամբաստանյալի, պատկերված էին մահացած Մարիամն ու ընկերը` Միսակը:

Մեղադրող Սարգսյանը հարց ուղղեց, թե ի՞նչ իմաստ ունի նիստը հետաձգել և քննարկել այն հանգամանքը, որ տուժողը կարող էր հարաբերություններ ունենալ հազարավոր տղաների հետ:

«Կարար Գուրչենկոյի նման ամուսնանար, հետո նորից բաժանվեր, հետո ի՞նչ»,- հարց ուղղեց մեղադրողը, ինչին պաշտպանը պատասխանեց, որ նշված տեսաձայնագրությունները գործի համար կարևոր հանգամանքներ են պարունակում, և իրենց համար խնդիրը Մարիամի ընկերների մասին պատմելը չէ:

Նախագահողը հայտարարեց, որ կարող են բանտախցում այդ տեսաձայնագրությունները քննարկել, հետո բերել դատարան:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին:




Լրահոս