Գ. Ղազարյանը շնորհավորել է երիտասարդներին նրանց օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավել է Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Նրա մաղթանքը՝ ստորև.

«Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ երազանքների իրականացում, անկոտրում կամք և վճռականություն` ի շահ մեր հայրենիքի և մեր պետականության: Ձեր նպատակներից ու ձգտումներից, ձեր գիտելիքներից ու աշխատանքից է մեծապես կախված մեր երկրի , մեր հայրենիքի ապագան: Ուստի և բնական է, որ երիտասարդության հարցերը մշտապես մեր պետության ուշադրության կենտրոնում են, և պետությունն անում է հնարավորը ձեր ինքնադրսևորման, կայացման ու զարգացման համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական, իրավական, հոգևոր-մշակութային պայմաններ և երաշխիքներ ապահովելու համար: Ես կոչ եմ անում ձեզ լինել գործունյա, դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, ունենալ վառ ու համարձակ երևակայություն, և ես վստահեցնում եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր դժվարությունները և հասնել ցանկալի արդյունքների: Հենց երիտասարդությունն է իր մեջ կրում հայրենասիրության վառ գաղափարները, և հայ երիտասարդներն են նաև ողջ աշխարհին լավագույնս ներկայացնում մեր հայրենիքը:

Սիրելի երիտասարդներ, հիշեք, որ դուք եք կերտում մեր այսօրը և հպարտորեն քայլում դեպի ապագա: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ անսպառ ուժ ու եռանդ, հարուստ գիտելիքներ, չնվազող ոգևորություն և վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր ծրագրերով ու գործունեությամբ պատրաստ է մշտապես սատարել ձեզ՝ ծառայեցնելու ձեր ստեղծագործ ներուժն ու կարողություններն ի նպաստ ձեր լավագույն ներկայի ու ապագայի կերտմանը, ինչպես նաև մեր հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյան




Լրահոս