ՍԻՐՏԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՉԻ ԿՏՐՎՈՒՄ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի ֆոնին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում: Բայց նրա քայլերը գնալով վերածվում են պոպուլիզմի ու սեփական անձի PR-ի: Հովիկ Աբրահամյանը հիմա էլ փորձում է «խցկվել» ԱԺ պատգամավորների գործերի մեջ: Բանն այն է, որ ԱԺ բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները միասնական հայտարարությամբ հանդես գալուց հետո որոշել էին մեկնել զորամասեր` առաջին գծում զինվորների հետ հանդիպելու: Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն ամեն գնով ուզում է ԱԺ պատգամավորների հետ միասին մեկնել առաջին գիծ: Այս քայլի իմաստը դժվար չէ հասկանալ` պատգամավորների այցին միանալով, նա փորձում է ցույց տալ, թե ինքը վերահսկում է խորհրդարանը, ավելին` իբր միավորում է ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ուժերին: Հիշեցնենք, որ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո նույնքան համառ կերպով անակնկալ հայտնվել էր Քառյակի նիստին: Բայց հիմա վարչապետը շատ ավելի ճիշտ կաներ` առաջին գիծ գնար իր նախարարների հետ, այլ ոչ թե նրանց հերթով ուղարկեր արձակուրդ` հանգստանալու:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջերս «խորը ընկճախտի» մեջ է: Բանն այն է, որ հուլիսի 18-ին Ազատության հարապարակում ՕԵԿ հանրահավաքը Ա. Բաղդասարյանի «սրտով չի եղել»: Նա մեծ սպասումներ է ունեցել, որ հանրահավաքը կլինի բազմամարդ, սակայն հրապարակ գալով ու մի քանի հոգի տեսնելով, նա թեւաթափ է եղել: Դա է եղել պատճառը, որ Ա. Բաղդասարյանի խոստացած «բոցաշունչ» ելույթը բավականին «հանգած» ստացվեց: Հիմա, ՕԵԿ առաջնորդի հույսը սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանն է, որի ժամանակ ՕԵԿ խմբակցությունը փորձելու է ԱԺ ամբիոնից սուր ելույթներ ունենալ: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է, թե Բաղդասարյանն ակտիվ աշխատում է, իսկ հանրահավաքը սակավամարդ չի եղել: «Ուզում էին սակավամարդ լինի, բայց հիասթափություն ապրեցին»,- ասել է նա: Միայն թե` այդ «գերմարդաշատ» հանրահավաքից հետո Բաղդասարյանի ակտիվությունն այդպես էլ չի նկատվում:
«Այժմ պետք չէ լրագրողական տեխնիկան աշխատեցնել ապացուցելու, որ մենք ինչ-որ բան ենք անում: Եթե կարծում եք, որ դրանով ժողովուրդը կբավարարվի, ապա այնպես կանենք, որ շատ նկարահանումներ կլինեն ու ժողովուրդը կտեսնի Գալուստ Սահակյանին դիրքերում կամ մարտավարական պրոցեսներում: Ես չեմ կարծում, որ դա ինձ հարիր մոտեցումներ են, ես այսօր էլ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետության համար անհրաժեշտ է»,- «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում երեկ նման խորիմաստ մեկնաբանություն է տվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Թե ինչու ինքը մինչեւ հիմա չի արձագանքել սահմանային միջադեպերին, հետեւյալ «մեկնությունն» է տվել. «Խնդիրներ կան, որոնք համազգային իրողությունների պրոցես է ու չի կարելի նման խնդիրներ առաջադրել, յուրաքանչյուրս մեր գործը ճշտորեն անում ենք: Այստեղ հերթի խնդիր չի, խնդիրը հետեւյալն է. ոչ թե պետք է կարողանանք սեթեւեթել, թե ինչպես ենք դիմագրավում ամեն ինչ, այլ պետք է մտածենք, համենայնդեպս, թե ինչպես ենք կարողանում երեւույթի նկատմամբ վերաբերմունք ցույց տալ»:
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին երեկ հեռացրել են աշխատանքից: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, պատճառը եղել է տուն-ինտերնատում հայտնաբերված չարաշահումները, որոնց մասին վերջերս բարձրաձայնել էր նաեւ օմբուդսմենը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Նվեր Հովհաննիսյանը պնդել է, որ ինքն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ դա որեւէ չարաշահման հետ կապ չունի: Ավելին՝ ինչպես տեղեկացանք նախկին տնօրենից, ապագա տուն-ինտերնատի տնօրեն է նշանակվել Արտակ Հարությունյանը: Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար «մեծ ջանք էր թափում» երիտհանրապետականների փուչիկասեր առաջնորդ Կարեն Ավագյանը` փորձելով իր հարազատ հորեղբորորդուն` ինտերնատի նախկին գանձապահ Արմեն Ավագյանին կարգել այդ պաշտոնում: Սակայն, պարզվում է, ջանքերն ապարդյուն էին:
ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ
Այս օրերին պատերազմի սպառնալիքից մտահոգված հայ հանրությունը հույսեր է փայփայում, որ վաղը Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքը կլինի առնվազն սահմանային լարվածության երկարաժամկետ նվազեցումը: Թեեւ փորձագիտական շրջանակներն էլ մտավախություն են հայտնում, որ դա կարող է լինել Պուտինի կողմից շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման պարտադրանքի արդյունքում:
Մի բան պարզ է. հենց օգոստոսի 8-ին` ռուս վրացական հնգօրյա պատերազմի տարելիցի օրը «խաղաղասերի մանտիան» հագնելով` Ռուսաստանը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ժամանակ առ ժամանակ տարբեր սուվերեն պետությունների` Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքներ ներխուժելուց զատ, կարող է նաեւ հանդես գալ որպես խաղաղության ջատագով:
Ռուսների ջանքերն առավել կարեւորվում են` հաշվի առնելով այն, որ մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին այդպես էլ չհաջողվեց կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Եւ հիմա` լարվածության այս էսկալացիայի ֆոնին, կարողանալով հասնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահների համաձայնությանը` Սոչիում կայանալիք հանդիպման շուրջ, Ռուսաստանն այդպիսով ի ցույց է դնում իր ազդեցության չափը Հարավային Կովկասում:
Սակայն ամբողջ խնդիրն էլ այն է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպում, իբրեւ այդպիսին, չի կայանալու: Համենայնդեպս` մինչ օրս երկու երկրների նախագահների դեմ առ դեմ հանդիպման մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Իհարկե, Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարեց, որ Սոչիում կկայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպում, սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի` նման կարեւոր հարցերի շուրջ հնչեցրած հայտարարությունները հաճախ իրականություն չեն դառնում: Եվ դատելով ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի` դրան հաջորդած հայտարարությունից, սա եւս հենց այդ դեպքերից է: Լավրովը, հիշեցնենք, հայտնեց, որ Սոչիում կլինի երկու առանձին հանդիպում Պուտինի հետ. սկզբում կկայանա Պուտին-Սարգսյան, ապա` Պուտին-Ալիեւ հանդիպում:
Թե ինչ նպատակ է հետապնդում Պուտինը` խաղալով «փչացած հեռախոսի դեր», ակնհայտ է. նա փորձելու է կողմերից առանձին-առանձին պոկել առավելագույնը, եւ, թերեւս, կարելի է չկասկածել, որ այդ ֆորմատը հենց Պուտինի ցանկությամբ է ընտրվել: Դժվար թե Իլհամ Հեյդարովիչը համարձակվեր մերժել իր «ռազմավարական գործընկերոջը», եթե նա խնդրեր: Այդուամենայնիվ, չբացառելով Ալիեւի քմահաճությունն այս հարցում` նկատենք, որ հանդիպումների հաջորդականությունը Հայաստանի օգտին չէ: Փաստորեն` ի սկզբանե լսելով Ս. Սարգսյանին` Պուտինը Ալիեւին է ներկայացնելու Հայաստանի առաջարկը, որն ըստ տրամաբանության՝ պետք է պարունակի զիջման բաղադրիչներ: Մինչդեռ պատերազմով սպառնացող եւ վերջին հարձակումները նախաձեռնած կողմը` Ադրբեջանը, պետք է դրանք լսի եւ որոշի ընդունել, թե ոչ: