ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գ. ԳՐԻԳՈՐԻՉՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Նախօրեին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն այցելել են հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ: Առաջիկա օրերին նախատեսվում են ԼՂՀ ԱԺ նախագահի եւ պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչու ՀՀ ԱԺ պատգամավորներն իր գլխավորությամբ շփման գիծ չեն գնում:

-Պարոն Սահակյան, Դուք որեւէ կերպ չեք արձագանքում այս օրերին սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Միայն նախօրեին ԱԺ խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ: Ինչո՞ւ եք լռում:
-Մեր արձագանքն արդեն քաղաքական ուժերը, խմբակցության ղեկավարները ներկայացրել են հանրությանը:
-Իսկ կոնկրետ Ձեր տեսակետն ինչո՞ւ մինչեւ այսօր չի հնչել:
-Բնականաբար ՀՀԿ-ի տեսակետը ամբողջականացված է, առավելեւս ես մասնակից եմ` տեքստի կազմման առումով:
-ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Ղարաբաղի հյուսիս-արեւելյան սահմանագծի մի շարք դիրքեր, ԼՂ ԱԺ անդամները շարունակելու են իրենց այցելությունները: Ինչո՞ւ Դուք, լինելով ՀՀ ԱԺ նախագահ, նման նախաձեռնությամբ հանդես չեք գալիս:
-Խնդիրներ կան, որոնք համազգային իրողությունների պրոցես է ու չի կարելի նման խնդիրներ առաջադրել, յուրաքանչյուրս մեր գործը ճշտորեն անում ենք: Այստեղ հերթի խնդիր չի, խնդիրը հետեւյալն է. ոչ թե պետք է կարողանանք սեթեւեթել, թե ինչպես ենք դիմագրավում ամեն ինչ, այլ պետք է մտածենք, համենայնդեպս, թե ինչպես ենք կարողանում երեւույթի նկատմամբ վերաբերմունք ցույց տալ: Դա ոչ թե հատվածային է կամ կառուցողական, կամ ով ինչպես ցանկանում այդպես է անում, այլ մենք ճիշտ դիրքորոշումով առաջ ենք գնում:
-Իսկ ո՞րն է այդ դիրքրորոշումը, որեւէ կերպ չխառնվե՞լ կատարվող իրադարձություններին ու հեռվից հետեւել, թե երկրում ինչ է կատարվում:
-Ոչ, ճիշտ դիրքորոշումն է` խառնվել իրադարձություններին, այլ ոչ թե ցուցադրել դրանք լրագրողական տեխնիկայի միջոցով: Այնպես որ, մենք շատ մտահոգ ենք ամեն ինչում, կատարվող իրադարձությունները մեզ անհանգստացնում են, բայց կարողանում ենք իրականացնել այն խնդիրները, որոնք այժմեական են ու կօգնեն խնդրի լուծմանը:
-Բայց ՀՀ ԱԺ-ն շփման գծում օրեր շարունակ տեղի ունեցող իրադարձություններին, կարելի է ասել, արձագանքեց ամենավերջինը: Ինչո՞ւ էր ԱԺ-ն «լռում»:
-Մենք պետություն ենք, ոչ թե ԱԺ, կառավարություն կամ քաղաքական ուժեր: Ու մենք կարողանում ենք մեր դիմագրավումն ապահովել լուրջ քաղաքական դրսեւորումներով, այն, ինչն արվում է` հենց այդպես էլ անհրաժեշտ է:
-Հասարակությունը շունչը պահած սպասում է օգոստոսի 8-ին Սոչիում կայանալիք Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանպիպմանը: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է ակնկալել այդ հանդիպումից:
-Նախ՝ այդ հանդիպումը կանխորոշված չէ, մենք որեւէ մի տեղից ակնկալիքներ չունենք, կարծում եմ՝ մենք մեր դիրքորոշումը բազմից արտահայտել ենք, մեր խնդրի լուծումը տեսնում ենք մեր միջոցներով եւ, իհարկե, եթե միջազգային հանրությունը կարձագանքի, ապա բարի: Մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, լրջորեն էլ լուծումները տեսնում ենք, ինչպես որ անհրաժեշտ է: Մենք յուրաքանչյուրս մեր տեղում ենք, մենք կարողանում ենք յուրաքանչյուր պրոցեսի վրա մեր տեսակետն արտահայտել: Մենք անում ենք այն, ինչը հարազատ է մեր ժողովրդին եւ մեր պետությանը: Գալուստ Սահակյանը ցանկացած օր կարող է գնալ դիրքեր, մեր ընկերներն ամեն օր կարող են գնալ դիրքեր, դա ոչ թե սովորական արժեքավորում է, այլ պետությունն իր քաղաքականությունը ճիշտ ճանապարհով տանում է:
-Այսինքն, ըստ Ձեզ՝ չպետք է շփման գիծ գնալ ուղղակի «նկարվելու» ու ցույց տալու, որ ինչ-որ բա՞ն են անում:
-Պետք են դիվանագիտական հմտություններ, խորություններ ու յուրաքանչյուրն իր գործը ճշտորեն կատարելու մեխանիզմների մեջ լինի այդ ամենը: Ու մենք ապացուցել ենք, որ խնդիրների լուծման արդյունքները ոչ միայն բավարար են, այլեւ նորմալ են, ու կարծում եմ՝ նույն ձեւով էլ կշարունակվեն: Ես հիմա այնպիսի վայրում եմ, որ կարող եմ հրավիրել լրագրողի, որեւէ հեռուստատեսության, որ նկարահանեն, ցույց տան, որ դուք էլ ասեք՝ տեսեք, Գ. Սահակյանն էլ ինչ-որ մի բան արեց: Մի բան անելը դա այլ խնդիր է, որոշակիորեն հրապարակումներով հանդես գալը՝ մեկ այլ խնդիր: Դրա համար ես խնդրում եմ ճիշտ դրսեւորումներով մոտեցեք, այսօր խնդիրն ավելի է լրջացել, ոչ թե նրա համար, որ ինչ-որ վտանգ ենք տեսնում, այլ պետք է այնպես անել, որ վտանգներում միշտ էլ արդյունավետ հանդես գանք: Եթե հասարակությունը մտածում է, որ Գալուստ Սահակյանին պետք է դիրքերում տեսնի, կարծում եմ՝ կարող եմ այդ նկարահանումներն ուղարկել, բայց մի մտածեք, որ դիրքերում տեսնելը կամ որեւէ խոհեր արթնացնելը… Պետությունը վարում է իր քաղաքականությունը ճշտորեն, այնպես որ մտահոգություններ մի ունեցեք, մեր միակ մտահոգությունն այն է, որպեսզի այնպիսի միջավայր ստեղծվի, որ ամեն օր մեկ զինվորի մահով մենք չվշտանանք: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է անում պետությունը, ապա ես կարծում եմ, որ դա լրագրողական տեխնիկայի հետեւանք չի լինելու, եթե կարծում եք, որ դրանով ժողովուրդը կբավարարվի, ապա այնպես կանենք, որ շատ նկարահանումներ կլինեն ու ժողովուրդը կտեսնի Գալուստ Սահակյանին դիրքերում կամ մարտավարական պրոցեսներում: Ես չեմ կարծում, որ դա ինձ հարիր մոտեցումներ են, ես այսօր էլ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետության համար անհրաժեշտ է:

 

 

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԵԿՈՒՍԱՑԵԼ Է

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «ընկճախտի» մեջ է: Բանն այն է, որ հուլիսի 18-ին Ազատության հարապարակում ՕԵԿ-ի հրավիրած համազգային հանրահավաքը Ա. Բաղդասարյանի «սրտով չի եղել»: Մեր տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդն ավելի մեծ սպասումներ է ունեցել, ավելի բազմամարդ հանրահավաք է պատկերացրել, սակայն արդյունքը հակառակն է եղել: Ու հենց դա է եղել պատճառը, որ Ա. Բաղդասարյանի խոստացված «բոցաշունչ» ելույթն այդպես էլ չի հնչել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ համախոհները` ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ, մեծ հույսեր են կապել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի հետ: Նրանք կարծել են, որ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը բարձրաձայնելով կարող են շատ մեծ զանգված հավաքել իրենց շուրջ: Ինչի համար էլ շատ լուրջ են նախապատրաստվել:
Սակայն Ա. Բաղդասարյանը Ազատության հրապարակի հարթակ բարձրանալով շատ է հիասթափվել, երբ տեսել է, թե որքան սակավամարդ է հանրահավաքը: Դա է եղել պատճառներից մեկը, որ Ա. Բաղդասարյանը շատ «համեստ» ելույթ է ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՕԵԿ առաջնորդը շատ ընկճված է եւ այժմ հույսը կապում է ԱԺ-ի հետ: Ըստ ամենայնի` նա ակնկալում է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանում կկարողանա ավելի մեծ արդյունքի հասնել եւ խորհրդարանական ամբիոնից բոցաշունչ ելույթներով հասարակության ուշադրությունն իր վրա ավելի շատ բեւեռել, քան նման ձախողված հանրահավաքներում, որոնք ավելի շատ իրեն խայտառակում են:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ՝ պարզելու, արդյոք Ա. Բաղդասարյանը մեկնե՞լ է արձակուրդի: «Ոչ, պարոն Բաղդասարյանը Հայաստանում է, աշխատում է, զբաղված է իր կուսակցական աշխատանքներով: Նաեւ մեր երկրի խնդիրներով, որոնք մտագոհում են մեր հասարակությանը: Մենք նաեւ սեպտեմբերին բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով ենք հանես գալու, նաեւ նախագծերի մշակումների հետ կապված ենք աշխատանքներ տանում: Մի խոսքով, ողջ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում ենք»:
Իսկ դիտարկմանը, թե Ա. Բաղդասարյանը հիասթափվել է ՕԵԿ վերջին հանրահավաքից ու մեկուսացել` մեր զրուցակիցը հակադարձեց. «Նման բան չկա, իսկ ինչ է՝ հանրահավաքը վա՞տ հանրահավաք էր, իսկ ո՞վ է ասել, թե սակավամարդ է եղել, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե հանրահավաքը սակավամարդ է եղել, կա՛մ լավ չեն տեսնում, կա՛մ չեն ուզում տեսնել: Ուզում էին սակավամարդ լինի, բայց հիասթափություն ապրեցին»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը: Փոխարենը` առաջին կարգի մասնագետը ստանում է մոտ 50.000 դրամ: Այս կառույցում աշխատավարձերը վերանայվել ու բարձրացվել են հուլիսի 1-ից, մինչ այդ, 4 տարի է՝ նրանք նույն գումարն էին ստանում: Միգրացիոն ծառայությունում աշխատավարձերը խիստ տարբեր են, ոմանք ստանում են 50, ոմանք էլ` 350 հազար դրամ: Այստեղ աշխատում է 35 հոգի, որից 25-ը քաղծառայողներ են, 10-ը՝ տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ:

 

ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ
Հայաստանյան բանկերից մեկը պարտքի դիմաց իրեն է վերցրել «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող եւ վաճառքի հանված չորս «Այրբաս» ինքնաթիռներից մեկը: Թե որքան գումարի դիմաց է բանկը վերցրել ինքնաթիռը, «Ժողովուրդ»-ին ճշտել չհաջողվեց: Նշենք, որ Բաղդասարովը դեռ չի մարել իր նախկին աշխատակիցների պարտքերը, թեեւ խոստացել էր։ Այժմ նոր վերջնաժամկետ է նշվում՝ այս ամսվա վերջ։ Սա գործարարի հերթական խոստումն է, իսկ կկատարի այն, թե ոչ` ցույց կտա ժամանակը:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԸ
2014թ. հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության 85 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դեպքերը նվազել են. 2013թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր 107 դեպք: Ըստ ԱՎԾ տվյալների՝ ինքնասպանության հիմնականում դիմում են տղամարդիկ: Նկատենք նաեւ, որ ինքնասպանության հիմնականում դիմում են գործազուրկները` 58.3 տոկոսը:

 

ԴՈՓՈՒՄ ԵՆ
Թեեւ «Արցախբանկ»-ը ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատում է, որպեսզի «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիների հարցը լուծելու համար ուղիներ գտնի, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերությունից տուժած քաղաքացիներից: «Դեռ ոչ մի առաջընթաց, ոչ մի կոնկրետ ժամկետներ եւ կոնկրետ որեւէ քայլ չի արվում»,-հուսահատված ասաց քաղաքացիներից Քնարիկ Բարսեղյանը: Նրա խոսքով՝ տուժած բնակարանատերերի մեծ մասն այս օրերին երկրում չէ, ինչի հետեւանքով էլ բողոքի ակցիաներ չի անցկացվում. «Ճիշտ է, հարցը լուծելու ուղղությամբ իրենց խոստացած ժամկետներն անցել են, բայց, այնուամենայնիվ, մենք դեռ շարունակում ենք հույսով սպասել»:

 

ՀԵՏՄԱՀՈՒ
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Մկրտիչի Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

 




Լրահոս