ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՌԱՉՈՒՆ ԱՊՏԱԿԸ ՍԱՆՁԵՑ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ

Հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գոտում տեղի ունեցած զինված միջադեպերը, որոնք, ի դեպ, 1994թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո իրենց լայնածավալ բնույթով աննախադեպ էին, զարմանալի զուգադիպությամբ հաջորդեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին:

«Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով: Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման: Սխալ չհասկացվելու համար ավելացնեմ, որ հայկական կողմի պասիվությունն ամենեւին բանակի մեղքը չէ, այլ քաղաքական որոշման արդյունք, հետեւաբար` դրա պատասխանատուն իշխանություններն են, եւ ոչ թե զինված ուժերը, որոնք, ենթարկվելով այդ քաղաքական որոշմանը, ակամա հայտնվել են քննադատության թիրախի կամ քավության նոխազի դերում: Մյուս կողմից՝ հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»,- հուլիսի 21-ի հարցազրույցում ասել էր Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նա այս հարցազրույցը տվել էր այն բանից հետո, երբ Ադրբեջանը ոչ միայն հաճախակիացրել էր հրադադարի ռեժիմի խախտումները, այլեւ սկսել էր պարբերաբար գնդակոծել Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը: Բանը հասել էր անգամ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության մեքենայի վրա կրակոցներ արձակելուն:
Թեեւ ՀՀԿ-ականները բավական բուռն արձագանքեցին այս հարցազրույցին` չխորշելով անգամ որոշ վիրավորական արտահայտություններ անել ՀՀ առաջին նախագահի հասցեին, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Տեր-Պետրոսյանի խոսքերն իշխանության ներսում, հատկապես զինվորական վերնախավի մոտ, լուրջ քննարկման առարկա է դարձել: Ընդ որում, վերջին տարիներին զինվորական վերնախավի մոտ այս հարցի կապակցությամբ մշտապես խուլ դժգոհություն միշտ է եղել. իրենք ամեն անգամ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններին, հրադադարի ռեժիմի խախտումներին ցանկացել են ավելի կոշտ հակադարձել, սակայն քաղաքական իշխանության կողմից ներքին հրահանգ է եղել` հետագա բարդություններից խուսափելու համար չսրել իրավիճակը: Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը չի ցանկացել հրադադարի ռեժիմի խախտումներին համարժեք, երբեմն` ավելի ուժեղ հակադարձելուն, քանի որ վախեցել է իրադարձությունների անկանխատեսելի զարգացումներից ու պատերազմի վերսկսման հեռանկարից: Իսկ Տեր-Պետրոսյանի խոսքերը առիթ են դարձել, որպեսզի զինվորականները բարձրաձայնեն իրենց մտահոգություններն ու պնդեն` «դանակը հասել է ոսկորին»:
Վերջին օրերի սահմանային միջադեպերի ժամանակագրությունից ակնհայտ է դառնում, որ այնուամենայնիվ, իշխանությունները որոշել են հրադադարի ռեժիմի խախտումներին լուրջ հակահարված տալ: Պատահական չէ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, եթե հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները դիվերսիոն փորձի ժամանակ տվել են 2 զոհ եւ վիրավորներ, ու հետ շպրտվել դիրքեր, ապա «ՊԲ կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ եւ 7 վիրավոր: Իրենց ոտքով փախուստի է դիմել 19 զինվորից միայն 3-ը, նույն ժամանակահատվածում (օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը) Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ եւ 7 վիրավոր», իսկ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 զինվորի, 4-ին` վիրավորել:
Ասել է թե՝ հայկական կողմն ադրբեջանական վերջին դիվերսիոն փորձերին գնալով ավելի ու ավելի կոշտ պատասխաններ է տվել: Ու թեեւ սկզբում հակառակորդը ամեն ձախողված փորձից հետո փորձել է ավելի մեծ խմբով հարձակվել, այնուամենայնիվ, հայ զինվորների զգոնության, պատրաստվածության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, լուրջ կորուստներ կրելով հետ է շպրտվել ելման դիրքեր ու սսկվել:
Մինչդեռ, նախորդ ամիսներին իրավիճակն այլ է եղել. ԼՂՀ ՊԲ տվյալների համաձայն, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում` շուրջ 500 անգամ եւ այսպես շարունակ: Թեեւ հայկական կողմը լռեցրել է հակառակորդին, սակայն պատասխանը համարժեք չի եղել. համենայնդեպս հակառակորդը կորուստներ չէր ունեցել, փոխարենը հուլիսի 26-ին հայկական կողմն էր մեկ զոհ տվել: Իսկ վերջին օրերին, ահա, հակառակն է եղել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հենց իշխանությունների մոտեցման փոփոխությունն է եղել պատճառը, որ ՀԱԿ-ը համաձայնվել է իշխանությունների հետ սահմանային դեպքերի վերաբերյալ համատեղ հայտարարություն ստորագրել, ավելին` զարմանալի զուգադիպությամբ այդ հայտարարության ընդունումը տեղի է ունեցել հենց ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՀԱՍԿԱՑԵԼ Է ՍԽԱԼԸ
Հայաստանի կառավարությունը փորձում է իր լիազորությունների շրջանակում օգնել հուլիսի 15-ից Մոսկվայում ձերբակալված ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանին: Այս մասին Վանաձոր կատարած այցի ժամանակ երեկ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք գնահատում ենք Լեւոն Հայրապետյանի բարեգործությունը եւ այն, որ նա մշտապես օգնել է Արցախին: Մենք իր կողքին ենք, փորձում ենք իրեն օգնել, բայց չենք կարող դիմել, որ նրան ազատ արձակեն»,- ասել է նա: Անդրադառնալով օրերս իր կոշտ հայտարարությանը, վարչապետը նշել է, որ լրագրողի սխալ հարցի պատճառով է իր պատասխանն այդպիսին ստացվել. «Իմ կոշտ պատասխանն ուղղված էր լրագրողին, ոչ թե Լեւոնին»: Նկատենք, որ տեսագրությունում հստակ երեւում է, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը նման պատասխան տալիս` մինչեւ լրագրողի դիտարկումը, որն, ի դեպ, հենց այդ պատասխանին հետեւած արձագանքն է: «Կարող են Լեւոնին բռնել, վաղը` Բարխուդարին, էն մյուս օրը` Սիմոնին, ի՞նչ կապ ունի մեր… ինձ հետ ընդհանրապես»,-ասել էր նա այդ տեսագրության մեջ:

 

ԿԱՐՃՎԵՑ
Ոստիկանությունը կարճել է նախորդ տարի Երեւանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործը: Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 16-ին Նոր Արեշում տեղի էր ունեցել դանակահարություն. 1985թ. ծնված Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Դենիշ Բաբու Շահաբ Սինգխն ամուսնության առաջարկ էր արել Աստղիկ Աղաջանյանին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո դանակահարել էր նրան` որովայնի շրջանում հասցնելով բազմաթիվ վնասվածքներ: Այնուհետեւ նույն դանակով ինքնասպանություն էր գործել` կտրելով պարանոցի զարկերակները: Ինքնասպանության հասցնելու համար հարուցված քրեական գործը շուրջ 8 ամիս քննելուց հետո հուլիսի 31-ին կարճվել է` հանցագործության բացակայության հիմքով:

 

ՏՈՒԳԱՆՎԵՑ
Դեռեւս 2013թ. մայիսին «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել էր, որ ՀՀ ՊՆ-ն խոզի մսի մատակարարման մրցույթում հաղթել է նախկին զինդատախազի՝ Գեւորգ Կոստանյանի հետ առնչություն ունեցող կազմակերպություն: Խոսքը «Էլիտ կապիտալ» ՍՊԸ կազմակերպության մասին էր: Սակայն Պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ այդ ընկերությունն, իրենց տեղեկություններով, որեւէ պաշտոնյայի հետ կապ չունի: Եվ ահա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 8-ին ՊՆ-ին միս մատակարարող այդ ընկերությունը տուգանվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից: Պատճառը եղել է այն, որ ՍՊԸ-ի տնօրեն Արման Խաչատրյանը Հայաստան ներմուծելով սառեցված խոզի միս` սահմանված ժամկետում չի ապահովել հայտարարագրի ներկայացումը մաքսային մարմին եւ տուգանվել է 50.000 դրամով:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՍԿԾՈՒ
Երեկ Իլհամ Ալիեւը ժամանել է Աղդամի շրջանի ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատված: Նա եղել է նաեւ առաջնագծում, որտեղ նրան դիմավորել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն՝ Ալիեւը դիրքերում նվերներ ու պատվոգրեր է հանձնել վերջին բախումների ժամանակ աչքի ընկած զինծառայողներին` նշելով, թե նրանք «հաջողությամբ կարողացել են հետ մղել հայկական հարձակումը»:

 

ՌՈՒՍ-ՂԱԶԱԽԱԿԱՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման հարցը: Պայմանագրի մշակումը, հիշեցնենք, տեւել է 3 տարի, այն Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները Աստանայում ստորագրեցին այս տարվա մայիսին: Սակայն երեք երկրների խորհրդարանները մինչեւ տարեվերջ պետք է վավերացնեն այդ փաստաթուղթը, եւ միայն այդ դեպքում այն կսկսի Մաքսային միության տիրույթում գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա հետ մեկտեղ կողմերի միջեւ կան բազում խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

 

Ի ՊԱՏԱՍԽԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով արգելել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական հումքի եւ պարենի արտահանումը: Գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ պարենի տեսակների որոշումը հանձնարարված է Ռուսաստանի կառավարությանը: Հիշեցնենք, որ տվյալ պահին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Կանադան եւ Ավստրալիան:

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍԱԴՐԵԼ ԵՆ
Նոյեմբերի 5-ի գործով երեկվա դատական նիստում վկա Արտավազդ Անտոնյանը պատմել է, թե ինչպես են այդ օրը ոստիկանները սադրել քաղաքացիներին. «Ես տեսա, որ սկզբում քաղաքացիական հագուստով երկու մարդիկ դուրս եկան Մաշտոցի պողոտա, հետո իմացա, որ ոստիկաններ են, նրանցից հետո նոր փողոց դուրս եկան երթի մասնակիցները: Ես տեսա՝ ինչպես է ոստիկանը լրագրողի քաշքշում, մոտեցա, ասացի, որ չի կարելի, նա էլ իր աշխատանքն է կատարում։ Հետո տեսա՝ ինչպես ոստիկանները մոտեցան եւ ճանապարհից հրեցին տասներեք-տասնչորս տարեկան մի երեխայի, ով հեծանիվով կանգնած էր։ Ես նորից միջամտեցի, հետո չորս բերետավորներ ձեռքերիցս քաշեցին եւ տարան բաժին։ Ես մեքենայի մեջ վատացել եմ, ժամը 8-ին նոր ինձ բուժօգնություն են ցույց տվել»,- կատարվածը ներկայացրել է վկան։

 




Լրահոս