ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ՆՈՐ ԿՐՔԵՐԸ

Գործարար Խաչիկ Խաչատրյանի (Ձվերի Խաչիկի) շուրջ աղմկալի պատմությունները ոչ միայն չեն դադարում, այլեւ` ընդհակառակը, նոր տեմպերով են շարունակվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ նրան պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկան ՊԵԿ-ի կողմից տուգանվել է:

2014թ. հուլիսի 11-ին «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանը Հայաստան է ներմուծել 10 հազար 575կգ ապրանք, որոնց վերաբերյալ փաստաթղթերը, սակայն, նա այդպես էլ սահմանված ժամկետում չի ներկայացրել մաքսային մարմիններին: Արդյունքում Պետական եկամուտների կողմից հուլիսի 25-ին Խաչիկ Խաչատրյանի թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանը տուգանվել է 50.000 դրամով: Իհարկե, Խ.Խաչատրյանի թռչնաֆաբրիկայի համար սա մեծ գումար չէ, բայց փաստն այն է, որ ամենատարրական օրենքները պահպանելը նրանց համար դարձել է խնդիր:
Խաչատրյանի հետ կապված պատմությունները քիչ չեն: Այս տարվա մարտ ամսին տեղեկություններ էին տարածվել, որ Խաչիկ Խաչատրյանը Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աշխատակիցներից 38-ամյա ոմն Վյաչեսլավի հետ էր վիճաբանել: Այնուհետեւ` Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց տարածքում ծեծի էր ենթարկել Վյաչեսլավին։ Թե ինչն էր եղել ծեծի պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձել էր պարզել թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից, ով, սակայն, հերքել էր լուրերը: Այնինչ, ոստիկանությունը պաշտոնապես հաստատել էր միջադեպի փաստը եւ հայտնել, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում: Նշենք, որ այս գործով քննությունը դեռ շարունակվում է: Ու որեւէ մեկը չի կասկածում, որ Ձվերի Խաչիկն այս անգամ եւս ջրից չոր դուրս կգա: Ի վերջո, նա մեծ հարստության տեր է եւ վայելում է իշխանությունների հովանավորությունը:
Նշենք, որ Խաչատրյանի` աշխատակիցների հետ վատ վարմունքը ներքին դժգոհությունների առիթ է հանդիսացել: Ավելին, երբ դանակը հասել էր ոսկորին, աշխատակիցներն այս տարվա փետրվարին նույնիսկ բողոքի ակցիա էին փորձել կազմակերպել: Ինչպես այն ժամանակ գրել էր «Հրապարակ» օրաթերթը, «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները պատրաստվում էին ի նշան բողոքի չմտնել ֆաբրիկա։ Նրանց խոսքով՝ դժգոհությունները վաղուցվանից են կուտակվել եւ խնդիրն աշխատավարձերի չափն է (միջինը 60-80 հազար դրամ), ինչպես նաեւ աշխատանքից անհիմն ազատումները։ «Բավական է մի 2 հատ ձու վերցնենք, որ սոված չգանք աշխատանքի, գողություն են համարում ու աշխատանքից ազատում»,- ասել էր աշխատակիցներից մեկը: Բայց Ձվերի Խաչիկը կարողացել էր լռեցնել նրանց:
Խաչատրյանի հետ կապված աղմկալի պատմությունները շատ են: 2013թ. ապրիլի 4-ին «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում էր տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք` հավկիթի գողության մասին: Ձվերի Խաչիկի աշխատակիցները ֆաբրիկայից գողացել էին 890 արկղ հավկիթ, որը կազմում էր մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Այս գործը 2013թ. սեպտեմբերի 20-ին ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դեկտեմբերի 11-ին դատարանը վճռեց ձվերի գողության համար մեղադրվող Վարդան Մկրտչյանին ու Հովհաննես Մկրոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Մկրոյանը ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեց: Գեւորգ Մկրտչյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն նրա պատիժը պայմանականորեն չկիրառվեց` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դավիթ Հաբեթյանը նույնպես դատապարտվեց ազատազրկման՝ 3 տարի 10 ամիս 21 օր ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Նրանց փաստաբանները դատավճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինս ուժի մեջ թողեց այն: Դե իհարկե, եթե որեւէ մեկը համարձակվում է Խաչիկ Խաչատրյանի դեմ դուրս գալ, անպայման պատժվում է, իսկ երբ բանը հասնում է Խաչիկ Խաչատրյանին պատժելուն, բոլորը միաբերան լռում են:

 
ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԱԾՐ Է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, որ Հայաստանը դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աջակցությանը: Հիշեցնենք, որ ըստ ՀԱՊԿ համաձայնագրի՝ պայմանագրի անդամ պետություններից որեւէ մեկի նկատմամբ ոտնձգության դեպքում մյուսները պարտավոր են աջակցել:

Երեկվա ասուլիսի ժամանակ Օհանյանը նշեց, թե ե՛ւ ինքը, ե՛ւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱՊԿ գործընկերների հետ, որոնց ընթացքում ՀԱՊԿ ներկայացուցիչներն արտահայտում են մտահոգությունը ստեղծված իրավիճակի ուղղությամբ, նաեւ` բարոյական աջակցություն են արտահայտում եւ փորձում ազդել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ հակառակ կողմի վրա` ներկա լարվածությունը թոթափելու համար: «Արցախում անվտանգության նկատառումներով ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման կարիքը դեռ չկա: Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիներում Արցախը միակն է, որտեղ առանց որեւէ երրորդ ուժի, մարտական ոգու ու պատրաստվածության մեր առավելության շնորհիվ հնարավորինս կարողանում ենք պահպանել հրադադարի հարաբերական վիճակը»,-ասաց նա` հավելելով,-«Մենք մեր առջեւ դրված խնդիրը ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր այսօր չկա»:
Սեյրան Օհանյանը չբացառեց, որ օգոստոսի 8-9-ին Սոչիում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո հակառակորդը պահպանի լարված իրավիճակը: «Միաժամանակ, մենք կարծում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար տարվող ցանկացած հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու եւ կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին: Երկխոսությունն է այն պայմանը, որի առկայությամբ կարող ենք ստեղծել հնարավորություն, որ համապատասխան ընթացք տանք հակամարտության քաղաքական լուծմանը»,-նշեց նա:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել էր, թե Սոչիում կայանալիք հանդիպումը կթուլացնի սահմանում ստեղծված լարված իրավիճակը: Այնինչ, ՀՀ պաշտպանության նախարարը համամիտ չէ այս տեսակետին:
Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակը կհանգեցնի պատերազմի, նախարարը պատասխանեց. «Անկասկած, Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, Հայաստանը նույնպես պատրաստվում է: Սակայն այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռ ցածր է: Բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Եթե սկսվեց, ի՞նչ ենք անելու, պետք է ամեն մեկս մեր պարտավորությունները պատվով կատարենք եւ պատվով դուրս գանք»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկվանից ԼՂ ՊԲ գրոհային ավիացիան օդ է բարձրացվել. նրանք շփման գոտու երկարությամբ ավիացիոն թռիչքներ են իրականացնում` ստեղծված օպերատիվ իրադրության պատճառով: Մինչ այդ, նախօրեի գիշերը հակառակորդը հերթական դիվերսիոն հարձակումն է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Մարտունու հատվածի ուղղությամբ: Հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հակառակորդը մեկ զոհ եւ վիրավորներ տալով նահանջել է:
Հ.Գ. Երեկվա ասուլիսից հետո Սեյրան Օհանյանը մեկնել է Ղարաբաղ, հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 
ԲԼԹ

«Դրա համար է, որ խնդիրը շատ հրատապ է` փոփոխել Սահմանադրությունը»:

Գագիկ Հարությունյան «Հրապարակ»

Սահմանադրությունը փոփոխելու խնդիրն ինչպե՞ս կարող է հրատապ լինել, եթե երկրում բազմաթիվ խնդիրներ կան, հատկապես արտագաղթն ու աղքատությունը: Էլ չենք ասում այն մասին, որ գործող Սահմանադրությունը խախտելն իշխանությունների համար դարձել է կենսակերպ: Եվս մեկ փաստ. այսօր երկրում եղած բոլոր խնդիրները գործող սահմանադրությամբ էլ հնարավոր կլինի լուծել: Պարզապես հարկավոր է քաղաքական կամք: Ու դժվար թե ՍԴ նախագահը դա չգիտակցի, պարզապես իր հանձնարարությունն է կատարում, իսկ թե ում են իրականում ձեռնտու այդ փոփոխությունները, մենք շատ լավ գիտենք:

 

«Նաեւ պաշտոնյաները…»:

Տարոն Մարգարյան «Հրապարակ»

Հայոց բանակում երբեւէ չծառայած, սակայն ԵԿՄ նախագահության անդամ հանդիսացող Երեւանի քաղաքապետը լրագրողի այն հարցին, թե պատերազմի վերսկսման դեպքում միայն ազատամարտիկներն են մասնակցելու, թե պաշտոնյաներն ու նրանց որդիները եւս, նման պատասխան էր տվել: Սակայն այդ բառերը նա արտաբերել է մեծ դժվարությամբ եւ դեմքի ամենադժկամ արտահայտությամբ: Հոգու խորքում երեւի կուզեր ասել, որ ինչո՞ւ պետք է պաշտոնյաներն ու նրանց որդիները կռվեն: Բայց` չասաց, հավանաբար վախենալով հերթական անգամ խայտառակվել լրագրողների մոտ: Դե ի՞նչ ասես Տարոն Մարգարյանին` ինքը նույնիսկ չի ծառայել, էլ ուր մնաց՝ կռվի:

 

«Նա 60 տարեկան մարդ է, ինչ հայհոյանք, ինչ բան: Սուտ բաներ են: Ովքե՞ր են ասողները»:

Ռուդիկ Ղուկասյան «Հրապարակ»

Սեւանի քաղաքապետը, ով հայտնի է Ուդո մականունով, «դոշ է տալիս» իր կոմունալ բաժնի պետ Մերուժան Թովմասյանի համար, ով դեռ նախորդ տարվանից աշխատավարձ չստացած ու գործադուլ անող սեւանցի աղբահավաքների` իրենց աշխատավարձերը տալու պահանջին պատասխանել էր «Առը ձեզի աշխատավարձ»: Ռուդիկ Ղուկասյանն իր կոմունալի պետին պաշտպանելու համար, սակայն, ընտրեց ամենաանհիմն արդարացումը` նրա 60 տարեկան լինելը: Ինչու, 60 տարեկան մարդիկ չե՞ն հայհոյում, այդ ե՞րբ է հայհոյելու համար տարիք սահմանված եղել: Թե՞ միգուցե Ուդոն ու իր աշխատակիցներն ամաչելով են հայհոյում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս