ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆ ԱՊՐԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ անանուն դիմում-բողոք ստացավ մի քաղաքացուց, ով ներկայացել է որպես ընդերքաբան եւ նշել, որ մտահոգված է Հայաստանի ընդերքի ներկայիս վիճակով: Նամակի հեղինակի խոսքով՝ Ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանն իր պաշտոնավարման տարիներին թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահում, ինչի արդյունքում դիզել է մեծ հարստություն:

Նշենք, որ դիմում-բողոքն ուղղված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին եւ ՀՀ ոստիկանությանը:
Դիմում-բողոքում մասնավորապես նշված է, որ ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանի ու նրա տեսչության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումով իրականացվել են ճնշումներ ընդերքօգտագործման եւ բնական քարերի մշակման ոլորտում աշխատող անձանց վրա, որպեսզի մեկ դեպքում՝ տիրանան սեփականությանը եւ «կրիշա» հանդես գան այդ կազմակերպություններին, իսկ մյուս դեպքում՝ աչքերը փակելով, պահանջելով եւ ստանալով դրամային «պարգեւներ»` թույլատրեն եւ աջակցեն ապօրինի ընդերքօգտագործմանն ու թանկարժեք եւ բնական քարերի մշակմանն ու վաճառքին, որի արդյունքում մեկ լումա հարկավճար չի վճարվում:
Նամակի հեղինակը նշել է նաեւ, որ Հովհաննիսյանն ու իր աշխատակիցները նախկինում եւ այժմ հովանավորում են Արարատի մարզի Գոռավան գյուղի տարածաշրջանում գտնվող տրավերտին բնական քարի բոլոր գործող հանքավայրերը՝ թույլատրելով վերջիններիս թաքցնել հանքարդյունահանվող իրական ծավալները եւ թաքցված ահռելի պաշարների վաճառքից ստանալ անօրինական եկամուտներ: «Նույն իրավիճակը տիրում է նաեւ բնական քարի մշակման ոլորտում, որտեղ իրենց ավազակային հովանավորությունը տարածված է Արարատի, Արտաշատի եւ Մասիսի քարի վերամշակման գործարաններում եւ որոնցում նաեւ ունեն սեփականության իրավունքով մասնակցություն՝ այլ անձանց անուններով գրանցված: Օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը անազնիվ եւ անօրեն տիրացել են Եղեգնաձորի, Վայքի ավազի հանքերին, Ամասիայի, Ալավերդիի եւ Իջեւանի տարածաշրջանների թանկարժեք եւ բնական քարերի հանքավայրերին: Իրենց պաշտոնավարման ընթացքում կատարել են ընդերքի գաղտնի ուսումնասիրություններ՝ պարզելով հասպիսի, ագաթի, օբսիդիանի եւ այլ քարերի պաշարները: Այդ ժամանակահատվածում իրականացրել են այդ քարերի արտահանումն այլ անվան ձեւակերպմամբ, իսկ տեղական սպառումը իրականացնում են՝ պարտադրելով օբսիդիան մշակող բոլոր գործող ձեռնարկություններին գնել քարը միայն իրենցից՝ սպառնալով վերահսկողության մահակով փակել գործարարների աշխատանքը»,-նշված է դիմում-բողոքում:
Նամակի հեղինակի խոսքերով՝ նրանք այս ամենն իրականացնում են թաքնվելով ուսումնասիրության թույլտվությունների ներքո, կատարելով «ուսումնասիրված» պաշարների արտահանում եւ վաճառք «Օբսիդիան Վ.Ե. Ժ.» եւ «Սոկրատ եւ թոռներ» կազմակերպություններով: «Դրանք ստանալով ուսումնասիրության թույլտվություններ մեկ տարածքում իրականում ուսումնասիրության փոխարեն հանքարդյունահանում են թանկարժեք քարերը այլ տեղանքներից՝ ձեւացնելով, թե անմեղ են եւ կապ չունեն»,- ասված է անանուն նամակում:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց ՀՀ կառավարության պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում եւ պարզեց, որ «Օբսիդիան Վ.Ե.Ժ.» ՓԲԸ-ն գրանցված է, իսկ հիմնադիրներն են Ժորա Մալոյանը, Վլադիմիր Գասպարյանը եւ Երվանդ Հովհաննիսյանը: «Սոկրատ եւ թոռներ» ընկերությունը նույնպես գրանցված է, որի հիմնադիրն է Վահե Հովհաննիսյանը: Այս ընկերությունների հետ կոնտակտներ գտնելու «Ժողովուրդ»-ի փորձերը հաջողություն չունեցան: Այնուամենայնիվ, կապ հաստատեցինք Ընդերքի պետական տեսչության հետ, որտեղից Գուրգեն Հակոբյան անունով տեսուչը փոխանցեց, որ նամակում գրվածը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանի հետ, ով, լսելով նամակի բովանդակությունը, նախ ծիծաղեց, ապա՝ ասաց. «Այն, ինչ որ գրված է նամակում, դրանք լրիվ հերյուրանքներ են: Ուղղակի մարդիկ կան, ովքեր չեն կարողանում հանգստանալ կամ ինչ-որ մտադրություններ ունեն: Աստված տա նամակում ինչ գրված է իմը լիներ»:
Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե «Օբսիդիան Վ.Ե.Ժ.» եւ «Սոկրատ եւ թոռներ» ընկերութնունների հետ ինքն ինչ առնչություն ունի: ««Օբսիդիան Վ.Ե.Ժ.» ընկերությունը հիմա ուզում է հանքի շահագործման ուսումնասիրության գործունեություն սկսի, բայց եթե չեն ուզում, չի սկսի: Այդ նպատակն ունեցել եմ, նույնիսկ մի տեղում էլ ասել եմ, որ նման նպատակ ունեմ: Բայց, անկեղծ ասած, հիմա հասկացել եմ, որ Հայաստանում անիմաստ է ապրելն ու աշխատելը: Եվ իմ դիմումի հիման վրա էլ ազատվել եմ աշխատանքից. ուղղակի հոգնել էի»:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեսչության նախկին պետից պարզել, թե նրա կարծիքով` ով է դիմում-բողոքի հեղինակը. «Ես, ճիշտն ասած, մի հոգու վրա կասկածում եմ: Նա այն ժամանակ ապօրինի ճանապարհով փորձում էր օբսիդիան արտահանել, բայց ես՝ որպես տեսչության պետ, արգելել էի: Իմ ուսումնասիրած հանքավայրերը բավականին շատ են եւ որեւէ մեկը ես չեմ փորձել վերցնել շահագործման, բոլորն էլ տրամադրված են պետությանը: Իսկ օբսիդիանի մասով, իրոք, շատ եմ մտածում, որովհետեւ այն կարող է արտաքին շուկայում մեծ հաջողություններ բերել: Կուզե՞ն՝ թող անեն, իմ նպատակները փոխվել են»: «Ժողովուրդ»-ի հարցին` Հովհաննիսյանը նեղացա՞ծ է կառավարությունից, պատասխանեց. «Օրինակ, դուք չէի՞ք նեղանա, որ այսօր զանգում ու ասում են, որ դուք էս ինչ բաներն ունեք: Դե, նայեք ու տեսեք, թե ով ինչ ունի: Ախր ես բան չունեմ: Նույնիսկ ապրելու խնդիր ունեմ»:

 
ԷՆՏԵՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԵՆԻՆԳԻՏԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ ԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ Երեւանում, այսպես կոչված, «ջրային մենինգիտ» է տարածվել, արդյունքում` երեւանյան հիվանդանոցներում այցելությունների աճ է նկատվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

-Ջրային մենինգիտ ախտորոշում գոյություն չունի: Ջրի հետ կապված որեւէ խնդիր չունենք, բայց ես կասկածում եմ, որ խոսքը գնում է էնտերովիրուսային մենինգիտների մասին: Ընդհանուր առմամբ, կարող են այդ մենինգիտներն առաջանան այն դեպքում, երբ երեխաները լողում են այնպիսի ջրավազաններում, որտեղ չի թույլատրվում: Եղանակը շոգ է եւ նրանք կարող են այդ ջրավազաններում վարակվել էնտերովիրուսներով, որը եւ կարող է առաջացնել մենինգիտ:
-Իսկ այս պահին Ձեր նշած ախտորոշմամբ Երեւանում կա՞ն հիվանդներ:
-Մենք ունենք երեք հոսպիտալներում էնտերովիրուսային վարակով պայմանավորված հիվանդներ: Դա նոր բան չէ, ուղղակի այս տարի մենք հստակ գիտենք, թե որ հարուցիչի հետ գործ ունենք:
-Տիկին Սահակյան, դա բուժման ենթակա՞ է, թե՞ ոչ: Որեւէ վտանգ սպառնո՞ւմ է մարդուն:
-Իհարկե բուժման ենթակա է: Երեխաները շատ արագ կազդուրվում են: Առավելագույնը հոսպիտալացվում են չորսից-հինգ օր: Նրանք շատ արագ ոտքի են կանգնում՝ առանց որեւէ բարդության: Պատկերացրեք, ընդամենը մեկ կամ երկու կաթիլային ստանալուց հետո անմիջապես ախտանշաններն անցնում են եւ երեխաների մոտ կարծես ոչինչ էլ չի եղել:
-Ի՞նչ խորհուրդ կտաք քաղաքացիներին: Նման դեպքերում ինչպե՞ս վարվել:
-Հիմնականում դա համարվում է կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Այն օրգանիզմ է թափանցում բերանով, այդ պատճառով էլ ծնողներին խորհուրդ է տրվում, որ շատ ուշադիր լինեն հիգիենային. ձեռքերին, բանջարեղենի, մրգերի լվանալուն եւ դրանք օգտագործեն միայն լավ լվանալուց հետո: Ամեն անգամ խաղալուց, զուգարան գնալուց հետո աշխատեն, որ երեխաները հիգիենայի այդ կանոնները պահպանեն: Խորհուրդ կտամ նաեւ, որ երեխաներին չթողնեն պատահական ջրավազաններից օգտվել: Այս պահին կանխարգելիչ ուղղությունը ծնողի համար միայն դա է, որպեսզի մի փոքր զերծ մնան եւ խուսափեն պատահական ջրավազաններից:
-Կարո՞ղ եք հստակ թիվ ասել, թե որքան երեխա է բուժվում հիվանդանոցներում:
-Այս հիվանդությունն առաջին տարին չէ, որ գրանցվել է: Այն մշտապես եղել է, ուղղակի այս տարի մի փոքր աշխուժացում նկատվեց: Հուլիսի սկզբին էր այդ շարժը, հիմա վիճակը բավականին կայունացել է:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԽՆԴՐԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ
«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը»,-հաղորդում է «Artsakh Today»-ը: Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու շուրջ փաստաբանների բողոքը: «Այն հիվանդությունների փունջը, որով ներկայում տառապում է Հայրապետյանը (քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ), ինչպես նաեւ վերջին օրերին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը, որը պատճառ է հանդիսացել կալանավայրում մի քանի ուշագնացությունների, պահանջում են նրան կալանքից ազատելու եւ հիվանդանոց տեղափոխելու անհապաղություն՝ թե՛ ՌԴ իրավական ակտերով, թե՛ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով: Հաշվի առնելով Սոչիում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմանագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաեւ Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»՝ մասնավորապես ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքն արձագանք կստանա: Ի դեպ, նշենք, որ բաց նամակի տակ ստորագրել է նաեւ Լեւոն Հայրապետյանի հայրենի Վանք գյուղն՝ իր ողջ բնակչությամբ:

 

ԳՆԱԼՈՎ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ
Վաղուց հաստատված փաստ է, որ Հայաստանի դատավորները ամենահարուստ պաշտոնյաների շարքում են: Դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Օրինակ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանն իր հայտարարագրում նշել է, թե ունի 43 միլիոն դրամ: Բացի այդ, նա 1 տարվա ընթացքում 10 մլն դրամ է վաստակել, որը գոյացել է միայն աշխատանքի վարձատրությունից: Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը հայտարարագրել է 4 միլիոն դրամ: 1 տարվա ընթացքում, ի տարբերություն իր գործընկերոջ, նա մի փոքր ավելի է վաստակել՝ 14,4 միլիոն դրամ, որից 5,6 միլիոն դրամը կենսաթոշակն է, իսկ 8,4 միլիոնը՝ տարեկան աշխատավարձը, 360 հազար դրամ էլ կազմել են այլ եկամուտները: Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավոր՝ Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարագրել է 6 միլիոն դրամ, իսկ միայն աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 8.4 մլն դրամ:




Լրահոս