ՏՆՕՐԵՆԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԸ 1,5 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՐԺԵՑԱՎ
Վանաձորի «Աթլետիկայի եւ ձմեռային մարզաձեւերի ՕՀՄՄԴ» մարզադպրոցի աշխատանքից ազատված ուսմասվար Գոհար Նազարյանն ու նրա որդին՝ նույն մարզադպրոցի մարզիչ Արթուր Ղազարյանը, 2009-13 թթ. քաղաքացիական 7 դատական հայցերի արդյունքում վերականգնվել են աշխատանքի, եւ տնօրենը ստիպված է եղել դպրոցի բյուջեից վճարել նրանց հարկադիր պարապուրդի գումարն ու փոխհատուցել դատական ծախսերը:
7 դատական գործերից 2-ը տնօրենի՝ աշխատանքից ազատման հրամանները, մյուսները՝ նրա գրավոր նկատողությունները չեղյալ հայտարարելու հայցապահանջով են եղել, որոնք բոլորը բավարարվել են դատարանի կողմից: Այսպիսով, ըստ ուժի մեջ մտած վճիռների՝ ուսմասվարի եւ նրա որդու վերաբերյալ մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանի բոլոր որոշումներն անհիմն ու անօրինական են համարվել:
Իր գործողությունների հետեւանքով տնօրենը մարզադպրոցի եւ ընդհանուր քաղաքի բյուջեին պատճառել է 1,5 մլն դրամի վնաս: Գոհար Նազարյանին աշխատանքից ազատած ժամանակ նրա հաստիքում այլ աշխատող է ընդունել, եւ փաստացի մի ամբողջ տարի դպրոցի (համայնքի) բյուջեից վարձատրել է 2 ուսմասվարի՝ Գոհար Նազարյանին հարկադիր պարապուրդի, մյուս ուսմասվարին՝ լրիվ դրույքով աշխատանքի համար:
Պատասխանելով աշխատանքում վերականգնված Արթուր Ղազարյանի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված, ապա իրեն վերահասցեագրված դիմումին (հարցադրմամբ, արդյոք օրինական է, որ մարզադպրոցի տնօրենը վատնում է համայնքի գումարներն ու անպատիժ մնում գործած անօրինականությունների համար՝ քաղաքապետի հովանու ներքո), Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ամբողջովին արդարացրել է տնօրեն Չիլինգարյանին՝ նշելով, թե մարզադպրոցն «իր կամքից անկախ» է ստիպված եղել մասնակցել դատավարություններին, նույնիսկ իրավաբան չունենալով՝ դատական քննությունների ժամանակ սեփական ուժերով կատարել է անհրաժեշտ դատավարական գործողությունները: Քաղաքապետը հավատացրել է նույնիսկ, թե հարկադիր պարապուրդի համար վճարված գումարները կապ չունեն բյուջեի հետ, այնինչ՝ մարզադպրոցը համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն է (ՀՈԱԿ) եւ ամբողջությամբ համայնքի բյուջեից է ֆինանսավորվում՝ տարվա կտրվածքով հաստատված նախահաշվի հիման վրա:
Իսկ որ Չիլինգարյանը վայելում է քաղաքապետի հովանավորությունը եւ մրցույթով (ընտրովի) նրա կողմից «նշանակվել» է Աթլետիկայի մարզադպրոցի տնօրեն, անձամբ Սարգիս Չիլինգարյանն է հաստատել մեզ հետ զրույցում՝ նշելով. «Նախկին տնօրենին կենսաթոշակի գնալու համար հանեցին, իրա տեղը նշանակեցին սպորտբաժնի պետի տեղակալին, մի ամիս աշխատելուց հետո հիասթափվեց գնաց (հունվարին ընդունվել ա, փետրվարի վերջին հրաժարվել ա), քաղաքապետը ասավ՝ դու պըտի գաս, որպես լավ ձեւով են ասել, որ քեզ հարգում են, բան, պըտի գաս Աթլետիկայի մարզադպրոց,»: Ահա այսպես` քաղաքապետի քմահաճույքով դպրոցի տնօրեն է ընտրվում, տնօրենի քմահաճույքով էլ ուսմասվար է հեռացվում: Արդյունքում` քաղաքի բյուջեից պակասում է 1.5 մլն դրամ:
ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Վանաձոր
ՄԱՐԶԵՐ
ՉԻՆԱՐԻԻ ԱՐՏԵՐԸ ԿՀՆՁՎԵ՞Ն
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղի հացահատկի արտերից առանց հնձելու է մնացել 25-27 հեկտարը: Դրանք գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության գոտում: Հիշեցնենք, որ օրերս արտերը հնձելու ժամանակ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Մովսեսից բերված, դաշտում աշխատող հացահատիկահավաք կոմբայնի վրա: Ազերի զինյալները նաեւ կրակել էին արտհնձին հետեւող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենայի վրա: Ս. Սաղոյանը հայտնեց, որ արտերը հասունացած են եւ սպասելով` բերքի կորուստ է լինում: Դրան գումարած` օգոստոսի լույս 5-ի գիշերը Չինարիում անձրեւ է տեղացել, ինչի արդյունքում գերհասունացած արտերում ցորենի հատիկը թափվել է: Գյուղապետից հետաքրքրվեցինք, արդյոք հնարավոր չէ հասկերը գերանդիով հնձել: Նա ասաց, որ այդ դեպքում բերքի կորուստը մեծ է լինելու: Չինարեցիները հույս ունեն, որ սահմանագոտում լարվածությունը կթուլանա, եւ աշնանացանի դաշտերը կհնձվեն:
Համայնքապետը նաեւ հայտնեց, որ օգոստոսի 4-ին Չինարի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է ինչ-որ չափով հոգալ սահմանամերձ Չինարիի ուսանողների ուսման վարձերը: Սաղոյանը նկատեց, որ վարչապետին տարատեսակ խնդրանքներ չեն ներկայացրել. իրենք խաղաղության կարիք ունեն, եթե խաղաղություն լինի, իրենք կհոգան հանապազօրյա հացի խնդիրը:
ՋՐԵՐԸ ՑԱՄԱՔԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքի` Կողբի թաղամասերից մեկն արդեն մի քանի ամիս խմելու ջուր չի ստանում: Այդ մասին թաղամասի բնակիչները բողոքել են «Ժողովուրդ»-ին: Կողբ համայնքի ղեկավար Արամայիս Աբովյանին հարցրինք, թե որն է դրա պատճառը: Ա. Աբովյանն ասաց, որ ուժեղ երաշտից ցամաքել են այդ թաղամասի ջրագիծը սնուցող, անտառում գտնվող ջրաղբյուրները: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից էլ տեղեկացանք, որ քաղաքն այլեւս ջուր չի ստանում Նոյեմբերյան քաղաքից 38 կմ հեռավորության վրա գտնվող Գիժսարից սկիզբ առնող ինքնահոս ջրագծից: Այդ ջրագիծը սնող աղբյուրներում ջուրը ցամաքել է: Ներկայում Նոյեմբերյան քաղաքը խմելու ջուր է ստանում Բերդավանի արտեզյան հորերից, ջրհան պոմպերի միջոցով: Վերջին օրերին այդ ջուրը Նոյեմբերյանի բնակիչներին տրվում է ոչ կանոնավոր կերպով: Նոյեմբերյանցիներին առավել մտահոգում է մատակարարվող ջրի որակը, ավելի ճիշտ` խմելու ջրի անորակությունը: Բնակիչները տագնապով նշում են, որ իրենց դույլերում կուտակված ջրի մակերեւույթին մեկ օրվա ընթացքում փառի նման ինչ-որ գոյացություն է հայտնվում: Բերդավան գյուղի բնակիչներից մեկը պատմեց, որ ինքն անցյալ տարի Քոբուլեթիում մանդարինի ծառ է գնել, որը միշտ ջրել է աղբյուրի կամ խանութից գնված խմելու ջրով: Սակայն երբ մեկ անգամ ծառը ջրել է Բերդավանի արտեզյան ջրով, դրանից հետո այն չորացել է: Առանց այդ էլ սոցիալական ծանր պայմաններում ապրող նոյեմբերյանցիներից շատերը ստիպված են հիմա էլ խանութներից ջուր գնել` չվտանգելու իրենց առողջությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ