ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆԸ

Իսպանացի հայտնի լուսանկարիչ Մարինա Կանոն, ով մասնագիտացել է վայրի բնության ներկայացուցիչներին լուսանկարելու գործում, հիանալի ֆոտոշարք է ներկայացրել: Ֆոտոշարքի հերոսները վայրի կենդանիներն են, որոնք միմյանց հանդեպ ցուցաբերում են այնպիսի քնքշություն, որ պատկերացնելը դժվար է: Լուսանկարներում կենդանիների աչքերն արտասովոր տպավորիչ են եւ գրեթե մարդկային աչքերի արտահայտություն ունեն: Կանոն իր նկարների մեծ մասն անում է ազգային պարկերում կամ վայրի բնության սաֆարիներում: Ներկայացնում ենք նրա վերջին հուզիչ ֆոտոշարքը:

 

ԼՈՒՐԵՐ

 

ԴԱՎԻԹԸ  «ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ»-ՈՒՄ
Օգոստոսի 16-18-ը կայանալիք «Մանկական Նոր ալիք-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Դավթի երաժշտական պրոդյուսերը երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն է: Որպես հայկական հիթ ներկայացնելու համար ընտրվել են Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ», Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» եւ Դավթի երգերից «Լուսավորական» երգերը: Իսկ որպես անգլալեզու երգ ընտրել են Բրունո Մարսի «Locked out of heaven» եւ Քելի Կլարքսոնի «Because of you» ստեղծագործությունները: «Կարծում եմ՝ Դավիթը մրցութային տեղ կզբաղեցնի, քանի որ նախընտրական փուլում շատ դրական խոսքեր են հնչել»,-հույս է հայտնել Դավիթի երաժշտական պրոդյուսերը:

 

ԱՍՏՂԱՅԻՆ ԱՃՈՒՐԴ
Բենեդիկտ Քամբերբեթչը եւ Լանա Դել Ռեյը իրենց հագուստները վաճառքի են դրել սեպտեմբերի 4-14-ը կայանալիք «eBay»-ի աճուրդում:
«Anno’s Africa» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված աճուրդին կարելի է ձեռք բերել Դենիել Քրեյգի, Թոմ Հենքսի, Էլթոն Ջոնի, Շառլոտա Գենսբուրգի, Միլա Յովովիչի, Թվիգի, Սթիվեն Ֆրայույի, Հեյլի Միլսի եւ Ջուդի Դենի հագուստներից: «Anno’s Africa» հիմնադրամը հիմվել է պոետ եւ երաժիշտ Աննո Բիրկինի հիշատակին:
Կազմակերպությունը օգնում է աֆրիկացի երեխաների ուսումնական հաստատություններին, հետեւաբար աստղերի զգեստապահարանների այս նմուշների վաճառքից հավաքված գումարները կտրամադրվեն այս գործին:

 

ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
Բարսելոնայի քաղաքապետարանը փակել է բիզնեսի բոլոր հնարավորություններն այն ընկերությունների համար, որոնց գործունեությունն իրականացվում է «La Rambla» բուլվարում եւ որեւէ կերպ կապված է զբոսաշրջության հետ: Փոխարենը` Բարսելոնայի քաղաքապետարանից հայտարարել են, որ այսուհետ լիցենզիաներ կտրվեն մշակույթի ոլորտում գործող ընկերություններին՝ գրախանութներին, պատկերասրահներին, արվեստի կենտրոններին, երաժշտական խանութներին եւ այլն:
Որպես տնտեսական պարգեւավճար՝ նրանց կթույլատրվի առավելագույնը 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող եւ սահմանափակ աշխատաժամերով աշխատող սրճարաններ, բարեր, ռեստորաններ, ինչպես նաեւ՝ հյուրանոցներ բացել:

 

ՊԱՊԱՐԱՑԻՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Հայտնի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը ավտովթարի է ենթարկվել: Գոմեսի ամենագնացին բախվել է նրան հետեւող պապարացիների ավտոմեքենան: Հենց նրանք էլ նկարել են դեպքի վայրը: Դատելով լուսանկարներից` Սելենա Գոմեսի ավտոմեքենան աննշան վնաս է կրել, իսկ ինքը՝ Գոմեսը, չի տուժել:
«Twitter»-ի իր պաշտոնական էջում Սելենան պատմել է կատարվածի մասին եւ հայտարարել, որ ինքն իրեն մեղավոր չի համարում: Ավելին, նրա ներկայացուցիչները պապարացիների մեքենայի սեփականտիրոջից փոխհատուցում են պահանջում:

 

ՈՍԿԵ ՉՂՋԻԿԸ
Ավելի քան կես դար առաջ Բոլիվիայի տարածքում գիտնականները հայտնաբերել էին անհավանական գեղեցիկ կենդանի՝ փափկամազ չղջիկ, որի մորթին վառ ոսկե-դեղնավուն գունավորում է ունեցել: «Myotis midastactus» տեսակի կենդանին նախկինում էլ էր ուշադրություն գրավում, սակայն այդ ժամանակ կենդանուն դասակարգում էին որպես այլ տեսակի ներկայացուցիչ, որը տարածված էր Հարավային Ամերիկայի Ամազոնի տարածքում:
Դեռեւս 1965թ.-ին այս նոր տեսակը սխալմամբ կոչվել է «M. Simus»: Կենսաբանները հաշվում են «Myotis»-ի հարյուրավոր տեսակներ, որի ներկայացուցիչները բնակվում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող քարանձավներում եւ անտառներում: Այդ բոլոր կենդանիներին միավորում է մեկ անատոմիական առանձնահատկություն, բայց այն, ինչ առանձնահատուկ է դարձնում «M. Midastactus»-ին, արտասովոր ոսկեգույն գունավորումն է:

 




Լրահոս