Երեկ թերթը հավաստի տեղեկություն է ստացել, որ նախօրեին Արմավիրում մի խայտառակ դեպք է կատարվել:
Բախում է տեղի ունեցել Արմավիրի ՀՀԿ շտաբի անդամների և Արմավիրի գլխավոր վիրաբույժ Սամվել Ֆրանկյանի միջև, ինչի հետևանքով բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ թերթի հետ զրույցում բժիշկը նշված տեղեկությունը հերքել է, սակայն շտապել է Հանրապետական կուսակցության մասին դրական խոսքեր շռայլել: Հեռախոսով թղթակիցը զրուցել է Սամվել Ֆրանկյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ֆրանկյան, արդեն լա՞վ եք:
-Այո, այո: Լավ եմ:
-Իսկ ի՞նչ էր եղել: Ի՞նչ միջադեպ էր տեղի ունեցել ձեր և Հանրապետական կուսակցության անդամների միջև:
-(ծիծաղում է) Չի եղել: Ես անձամբ վարչության անդամներից եմ, նման բան չի կարող ֆիզիկապես լինի:
-Դուք Հանրապետական կուսակցության անդա՞մ եք:
-Այո:
-Ո՞ր կառույցից եք:
-Արմավիրի:
-Իսկ ձեր կուսակցական ընկերների հետ տարաձայնություններ չունե՞ք:
-Իհարկե` չունեմ: Բժիշկ մարդ եմ: Բժիշկ մարդը իրա համար…ես իմ հիվանդների հետ եմ, իմ գործերով:
-Բժիշկ մարդ եք, բայց կուսակցական եք:
-Միանշանակ:
-Իսկ շուտվանի՞ց եք ՀՀԿ-ական:
-2006 թվից: Եթե ուզում եք, կարող ենք հանդիպենք էլ, որ տեսնեք… այդ լուրերը, որ ասում եք, շատ հետաքրքիր են:
-Ասում են, որ ձեզնից պահանջել են` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել, իսկ դուք հրաժարվել եք: Դրա պատճառով էլ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ եք ստացել:
-Միանշանակ դա ավելորդ ինչ-որ անկապ խոսակցություն է: