ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունը կարծես թե միս ու արյուն է ստանում: ՌԴ կառավարության երեկվա նիստում քննարկվել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը: Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտքի կողմից անկյուն մղված Ռուսաստանը հիմա փորձելու է ջանք ու եռանդ չխնայել` ԵՏՄ-ն կայացնելու եւ այդպես աշխարհին ցույց տալու, թե ինքն, այնուամենայնիվ, դեռ կարող է թելադրող գործոն լինել: Բայց այստեղ հատկանշական է մեկ այլ հանգամանք. ՌԴ կառավարությունն այս հարցին անդրադարձել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների նախաշեմին: Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության խոչընդոտներից մեկն էլ ԼՂՀ-ի հետ ՀՀ սահմանին մաքսակետեր տեղադրելու հարցն է, որը պնդում էին ԵՏՄ անդամներից Բելառուսն ու Ղազախստանը: Այս մասին ՌԴ կառավարության երեկվա նիստում որեւէ բառ չասվեց, եւ հայտնի չէ` խնդիրն ինչ լուծում կստանա: Սակայն ենթադրվում է` նման հարցերը կքննարկվեն Սոչիի հանդիպման ժամանակ:

 

 

Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել: Ըստ նրա՝ հրապարակվող թվերը վերաբերում են ընդամենը սահմանահատումներին: Նրա մեկնաբանմամբ, այս պարագայում մարդը կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո վերադառնալ, հետեւաբար` դա չի կարելի համարել արտագաղթ: Ըստ Եգանյանի՝ արտագաղթի վերաբերյալ լիարժեք եւ ամփոփ տվյալներ ձեռք բերելու համար ամփոփ պատկեր ստանալ հնարավոր է սոցիոլոգիական հարցումների միջոցով, միայն թե` դա այնքան էլ հավատընծա չէ: Նշենք նաեւ, որ 2013թ. կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 միլիոն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն: Բայց առ այսօր այդ ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվել:

 

 

Չնայած հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման կետում վերջին օրերի լարվածությանն ու հակառակորդի` հաճախակի դարձած դիվերսիաներին, ՀՀ Սահմանադրությամբ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար համարվող Սերժ Սարգսյանը չի շտապում որեւէ կերպ արձագանքել: Փոխարենը, այս օրերին Սերժ Սարգսյանը շարունակում է պարտաճանաչ կերպով ջանասիրաբար ցավակցական ու շնորհավորական ուղերձներ հղել տարբեր պետությունների ղեկավարներին: Օգոստոսի 2-ից նա մեկնել է Բելգիա ու չի վերադարձել: Նրա գործունեության մասին միակ պաշտոնական տեղեկատվությունը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին Ս.Սարգսյանի մասնակցության մասին, եւ վերջ: Սարգսյանի խոսնակն այս ընթացքում հասցրել է հաղորդել, որ Ս.Սարգսյանը սահմանային միջադեպերի մասին դժգոհություններ է հայտնել տարբեր երկրների ղեկավարներին: Իսկ թե ինչ արձագանք է նա ստացել, որեւէ բառ չի հաղորդվում:

 
«Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որ պատկանում է այս տարի Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, օրերս ՊԵԿ-ի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը 2014թ. հուլիսի 29-ին հայտարարագրել է 2 հազար 784 շիշ 0,5 լիտրանոց օղի: Սակայն ՊԵԿ-ը պարզել է, որ հայտարարագիրը սխալ է եղել. փաստաթղթերում պետք է նշվեր 1 776 շիշ 0,5 լիտրանոց, 540 շիշ՝ 0,7 լիտրանոց եւ 120 շիշ՝ 1 լիտրանոց օղի, որոնց մաքսային կետի վճարը կազմում էր 10մլն 490 հազար դրամ: Արդյունքում, ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով:

 
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Երեկ հայտնի դարձավ, որ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է վերցվել ադրբեջանցիների կողմից: Չինարիի գյուղապետի հավաստմամբ` Պետրոսյանը էշով գնացել է անտառ` փայտի, եւ մոլորվելով` անցել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական գյուղում: Սա, իհարկե, առավելապես գյուղապետի եւ չինարեցիների ենթադրությունների տիրույթում ձեւավորված վարկած է, իսկ թե իրականում ինչպես է Պետրոսյանը հայտնվել ազերիների ձեռքում` հստակ հայտնի չէ:
Փոխարենը` արդեն հայտնի է, որ ադրբեջանական կողմն օգտագործելու է Կարեն Պետրոսյանին` գլոբալ ապատեղեկատվության տարածման նպատակով: Արդեն երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին առ այն, որ ադրբեջանական զինուժն իբր վնասազերծել է Հայաստանից ներթափանցած դիվերսիոն խմբին, ինչի արդյունքում չորս հայ դիվերսանտներ սպանվել են, իսկ մեկը` Կարեն Պետրոսյանը, գերի է վերցվել: Կասկածից դուրս է, որ «հայկական դիվերսիոն խմբի» մասին ապատեղեկատվությունն ադրբեջանական քարոզչությունն օգտագործելու է` ամրապնդելու այս օրերին տարբեր մակարդակներով հրամցվող սուտը, թե իբր վերջին շրջանի լարվածությունը հայկական կողմի նախահարձակության արդյունքում է: Իսկ գերեվարված Կարեն Պետրոսյանին էլ ներկայացնելու են որպես կենդանի ապացույց:
Ինչ խոսք, այսօր առաջնային է գերեվարված Պետրոսյանի վերադարձին հասնելն ու այս ընթացքում նրան ադրբեջանական խոշտանգումներից զերծ պահելու ուղղությամբ տարբեր կառույցների կողմից տարվող աշխատանքը: (Թեեւ, դժբախտաբար, սպասելի է, որ վերջին օրերի տասնյակ զոհերից կատաղած ազերիներն է՛լ ավելի դաժան կգտնվեն, քան սովորաբար): Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ այս ցավալի միջադեպի համար պատասխանատվության հարցի քննարկումը: Ի վերջո, մի՞թե այս աննախադեպ լարվածության պայմաններում կարելի է լինել այդքան անպատասխանատու եւ այդպիսի նվեր մատուցել ազերիներին:
Սրանում նախ եւ առաջ մեղավոր են պետական կառույցները եւ առաջին հերթին` ԱԱԾ-ն: Փաստն այն է, որ այսօր որեւէ աշխատանք չի տարվում սահմանագոտու բնակչության հետ: Մինչդեռ անչափ կարեւոր է եւ հրատապ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ բացատրական աշխատանքների իրականացումը, նաեւ` որոշակի սահմանափակումների կիրառումը: Այդ թվում ` տեղաշարժի եւ սահմանամերձ գոտում կատարվող իրադարձությունների շուրջ լրատվամիջոցների հետ շփումների մասով: Այս ամենը, սակայն, ՀՀ պետական ատյաններին կարծես չի հուզում: Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին զբաղված են շատ ավելի կարեւոր գործով. նրանք մեկը մյուսի հետեւից այցելում են սահման, խրամատներում մի քանի հաջող լուսանկար անում եւ անմիջապես վերադառնալով Երեւան` խրոխտ հարցազրույցներ տալիս այն մասին, թե որքան անվախ են մեր սահմանը պահող զինվորներն ու սահմանամերձ գյուղերի բնակիչները:

 




Լրահոս