«4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒԺԵՂ ԴՐԴԻՉ Է»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենց կուսակցության առաջնորդը եւս լինում է սահմանամերձ հատվածներում, բայց դա իրենք չեն անում Ֆեյսբուքում ներկայացնելու կամ հաղորդագրություն տարածելու համար:
-Պարոն Մարտիրոսյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ շփման գծում լարվածություն է, իսկ «Ժառանգություն» կուսակցությունն այդ ամենին որեւէ կերպ չի արձագանքում: Ինչո՞ւ:
-Նախ՝ շատ դրական ենք վերաբերվում այն հանգամանքին, որ բազմաթիվ ազատամարտիկներ, քաղաքացիներ ցանկություն են հայտնում հայոց բանակի կողքին լինելու, մեր տղաներին ոգեւորելու հարցում: Նշեմ նաեւ, որ մեր Մասիսի կառույցի ղեկավարը եւս զինկոմին առաջարկել է մի խումբ կուսակցական ընկերներով շփման գիծ գնալ: Ու այստեղ ամեն ինչ պետք է տեսնել ընդհանուրի մեջ, քանի որ հայրենիքի պաշտպանության մեջ իմ ու քո չկա, կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ պետք է միասնական լինի ժողովուրդը:
-Այսինքն, ըստ Ձեզ՝ կարիք չկա՞, որ «Ժառանգություն» կուսակցությունը որեւէ առաջարկությամբ կամ աջակցության նախաձեռնությամբ հանդես գա:
-Առաջարկության խնդիր այս պահին գոյություն չունի, կարծում եմ՝ բանակն ու հասարակությունն անում են այն, ինչ անհրաժեշտ է, իհարկե մենք մեր քաղաքական գնահատականները տալիս ենք, տվել ենք ու դեռ տալու ենք: Սա նոր հետեւանք չէ, սրա մասին մենք զգուշացրել ենք կեղծված ընտրություններից առաջ, սեպտեմբերի 3-ի նախօրեին եւ դեկտեմբերի 3-ից հետո: Իսկ ինչ վերաբերում է առանձնահատուկ գնահատականին, ապա կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Դուք տեղյակ եք, որ խորհրդարանը հանդես է եկել համընդհանուր հայտարարությամբ` «Ժառանգություն»-ը եւս այդ հայտարարության տակ ստորագրել է:
-Բայց «Ժառանգություն» կուսակցությունն ունի առաջնորդ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ով մինչեւ այսօր որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչո՞ւ շփման գիծ չեք գնում նրա գլխավորությամբ:
-Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր առաջ է եղել Այգեձորում, Չինարիում, բայց չեմ կարծում, թե այժմ այն վիճակն է, որ եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան անի, անպայման պետք է Ֆեյսբուքի իր էջում գրի, որ ես գնացի այսինչ տեղը, կամ կուսակցությունը հայտարարություն տարածի, որ, ասենք, Ր.Հովհաննիսյանը կամ որեւէ կուսակցական ինչ-որ բան է արել: Չեմ կարծում, որ այժմ այդ ժամանակն է:
-Օգոստոսի 9-ին Սոչիում նախատեսված է Ալիեւ-Պուտին եւ Սարգսյան -Պուտին հանդիպում, ու տեսակետ կա, որ ՌԴ-ն ցանկանում է ԼՂՀ-ի հարցը բացառապես իր հովանու տակ առնել: Ըստ Ձեզ, արդյո՞ք ՌԴ նախագահ Վ. Պուտինին կհաջողվի դա անել:
-Կարծես թե ակնհայտ է, որ ՌԴ-ի դրդումը կա` 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքից լավ դրդում գոյություն չունի: Հնարավոր է՝ նաեւ ինչ-որ քաղաքական աջակցություն գաղտնի ձեւով հայտնած լինի ու Ադրբեջանը դրանից օգտվելով փորձի իրավիճակը սրել: Բայց կարծում եմ՝ հայկական ուժերի, մեր քաջարի զինվորների պատասխանն ուղղակի նրանց հասկացնել տվեց, որ դեռ հայկական դիրքերն այդ առումով բավականին ամուր են: Ի տարբերություն քաղաքական ղեկավարության դիվանագիտության, մեր ռազմական դիրքերն առավել ամուր են, ի շնորհիվ մեր զինվորների: Ուստիեւ այդ դրդիչ հանգամանքն, ակնհայտ եւ ոչ ակնհայտ լինելով հանդեձ, կարծում եմ՝ մեր միասնական գործողությունների շնորհիվ հնարավոր է չեզոքացնել: Իսկ որ ՌԴ-ն ցանկանալու է ակտիվ դիրք ունենալ, կարծում եմ, որ դա շատ ակնհայտ է, հատկապես ուկրաինական զարգացումներից հետո:
-Պարոն Մարտիրոսյան, մինչեւ այսօր ՀԱՊԿ-ն քար լռություն է պահպանում ու որեւէ կերպ չի արձագանքում ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում տեղի ունեցող գնդակոծություններին: Ըստ Ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված, եւ այսօր որքանո՞վ է անհրաժեշտ ՀԱՊԿ-ի միջամտությունը տեղի ունեցող իրադարձություններին:
-Միջամտությունը բացարձակ պետք չէ, մենք մեր ուժերով, փառք Աստծո, կարողանում ենք մեր պաշտպանությունն իրականացնել: Մենք բացառապես մեր ուժերի վրա պետք է հույս դնենք, ուշադրություն դարձնենք, վստահենք մեր ուժերին ու այդ պաշտպանական միջոցառումներն իրականացնենք: Այդ դեպքում մենք բազմաթիվ գործընկերներ կունենանք: Բայց գոնե քաղաքական առումով ՀԱՊԿ-ի հայտարարությունը պետք է լիներ, անկախ նրանից զորքեր կգային, թե չէին գա, ինչ-որ միջամտություն կլիներ, թե չէր լինի: Կարծում եմ նաեւ, որ երբեւիցե միջամտություն չի լինելու, որովհետեւ ՀԱՊԿ-ի առանցքը ՌԴ-ն է, իսկ ՌԴ-ն հայտարարել է, որ որեւէ պետության դեմ ռազմական գործողություն չի իրականացնելու, այդ թվում նաեւ Ադրբեջանի դեմ, որի հետ ռազմավարական գործընկերներ են: Համենայնդեպս, արդեն իրար այդպես են կոչում: Ուստի սպասել, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ բան պետք է անի` սխալ է:
«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՈՒՍԱԴԻՐՆԵՐ ԿՐՈՒՄ»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ուժեղներից մեկն է ու հավելել, որ ՀՀ ԱԻՆ-ը կարող է օգնել ՊՆ-ին` շփման գծում տիրող իրավիճակը մեղմացնելու հարցում: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերն այսօր ծառայություն են իրականացնում իրենց բանակի հետ. «Մենք ունենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնող 4000 հոգանոց զորք, եւ ես առաջարկում եմ, մեզ տրամադրել տարածք, տալ զենք, որ այդ զորքը բանակի տղաների հետ միասին ծառայի այնտեղ»: Պաշտպանության նախարարը նշել է, որ այդ հարցն իրենք կքննարկեն:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
-Պարոն Երիցյան, Դուք ՀՀ պաշտպանության նախարարությանը առաջարկել եք ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերն ուղարկել շփման գիծ: Ըստ Ձեզ, իրավիճակն այն աստիճան լարվա՞ծ է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԱԻՆ զորքերը եւս միանան հայոց բանակին:
-Անկեղծ ասած, առաջարկն իմ սրտից էր բխում ու չկա այդտեղ ինչ-որ սենսացիոն բան, ընդամենը ես ցանկացել եմ հայտնել այն, ինչի մասին մտածում եմ: Ես այս օրերին հետեւել եմ, թե սահմանում ինչ է տեղի ունենում, մեր հայ զինվորները սահմանը պաշտպանելով, իրենց կյանքի գնով փորձում են պետությանն աջակցել, իսկ ես էլ այս կերպ եմ ցանկանում նրանց կողքին լինել: Ու եթե մենք անգամ մեկ զինվորի կորուստ ենք ունենում, դա արդեն շատ ցավալի է մեր երկրի համար: Ես ընդամենն ասել եմ, որ մենք ունենք լուրջ տղաներ, լուրջ զորք ու նշել եմ, որ մեր քաղաքացիական պաշտպանության զորքերը, մեր փրկարարները գնան այնտեղ, մենք էլ ծառայություն իրականացնենք: Եթե ուսադիր կրում ենք, մենք էլ պետք է իմանանք, թե ինչի համար ենք այդ ուսադիրները կրում: Եթե մենք այսօր չկանգնեցինք մեր զինվորի կողքին, էլ ե՞րբ ենք կանգնելու: Ու ուզում եմ նշել, որ այնպես չէ, որ ինձ մոտ մտավախություն կա, թե ադրբեջանցիներն ուժեղ են, իսկ մենք՝ թույլ: Ես մեր զինվորների վրա առավել քան վստահ եմ, մեր հայոց բանակը շատ պինդ է: Բայց ասում են՝ մի ձեռքը լավ է, երկուսն՝ ավելի լավ: Մենք էլ ցանկանում ենք այդ պինդ, ուժեղ տղաների կողքին կանգնել, իրենց հետ լինել, ու կարծում եմ՝ այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Պետք է հայոց բանակի զինվորն էլ տեսնի, որ ինքը մենակ չէ, որ մենք էլ ենք իրենց կողքին: Մենք պատրաստ ենք Պաշտպանության նախարարության հետ ծառայել այնտեղ:
-Իսկ ըստ Ձեզ, այս պահի դրությամբ որտե՞ղ է առավել անհրաժեշտ նման զորք ուղարկել՝ ԼՂՀ, թե՞ Տավուշ:
-Ես ընդամենն առաջարկել եմ, իսկ նման հարցերը պետք է որոշի Պաշտպանության նախարարությունը: Իրենց ենթակայության տակ կլինեն նրանք ու արդեն իրենք կասեն՝ որտեղ կանգնեն, ինչ անեն: Այսինքն՝ որպես լիազոր մարմին, կլինի ՊՆ-ն, իսկ մենք էլ կգնանք կկանգնենք մեր տղաների կողքը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
«ԿԱՄՈՒՖԼՅԱԺՈՎ ՖՈՏՈՍԵՍԻԱ» ԷԼ ՉԿԱ
ՀՀ ԱԺ-ում գոյություն ունի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով: Այն ղեկավարում է ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, իսկ տեղակալն է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը: Ու թեեւ վերջին օրերին սահմանում իրավիճակը լարված էր` ադրբեջանական դիվերսիաների հետեւանքով, բայց այդ հանձնաժողովից այդպես էլ որեւէ ծպտուն չլսվեց. ոչ հանձնաժողովի նախագահը, ոչ փոխնախագահն այդպես էլ չեն արձագանքել կատարվածին: Ամենայն հավանականությամբ, նրանք այնպիսի «խորը» արձակուրդի մեջ են, որ անգամ սոցցանցերում «կամուֆլյաժով ֆոտոսեսիայի» ժամանակ չունեն: Մի քանի օր է` «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել Կորյուն Նահապետյանի ու Աբրահամ Մանուկյանի հետ, բայց` ապարդյուն. նրանց հեռախոսներն անհասանելի են: Ի դեպ, նշենք՝ օգոստոսի 5-ին ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովը նախագահ Ժաննա Գալստյանի գլխավորությամբ այցելել են հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանագծի մի շարք դիրքեր ու դեռեւս շարունակում են լինել դիրքերում: Սա` իմիջիայլոց:
ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԱՃ
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացված առեւտրի համախառն ծավալը կազմել է 1010,75 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5.6 տոկոսով: ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, կասկածներ հայտնեց այդ ցուցանիշների վերաբերյալ: Ըստ նրա՝ նման ցուցանիշ հնարավոր է գնաճի ծավալները հաշվի առնելով: «Բայց բոլոր դեպքերում այստեղ ավելի կարեւոր է նայել ներմուծման եւ արտահանման ծավալներին, իսկ այնտեղ աճ չկա: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգաբնակչությունը պակասում է, դրա ծավալները պետք է որ այդքան չբարձրանան»,- ասաց նա:
ՄՏԱՆ ՈՒ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՆ
Երեկ կառավարության հերթական նիստը բավականին երկար տեւեց: Ավելին, նիստի ավարտից հետո կառավարության անդամները չշտապեցին դուրս գալ, նրանք վարչապետի մոտ նաեւ փակ խորհրդակցություն անցկացրին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդակցությունը տեւել է մոտ մեկուկես ժամ: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է այս օրերին սահմանին տիրող իրավիճակը: Մինչ այդ, կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից իրականացված վերջին դիվերսիոն գործողություններն ու դրանց հայ զինվորների տված պատասխանը: Կառավարության նիստում նաեւ որոշում է կայացվել սահմանամերձ գյուղերին ֆինանսական օգնություն ցույց տալու մասին: