Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջար եզդիների գյուղը:
Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել տեղաբնակների նկատմամբ. ահաբեկիչների ձեռքով սպանվել է արդեն 30 եզդի, ովքեր չեն ցանկացել իսլամ ընդունել: Զինյալները զգուշացնում են, որ չենթարկվելու դեպքում մնացած բնակիչներին ևս նույն ճակատագիրն է սպասվում: Հաղորդվում է նաև մի քանի կանանց առևանգման ու եզդիների կրոնական սրբավայրերի ոչնչացման մասին:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին, վստահեցրեց, որ սա ոչ թե պատերազմ է, այլ եզդի ժողովրդի և Իրաքում ապրող մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցեղասպանություն:
«Սարսափելի է նույնիսկ նշել, բայց տեղեկություններ կան, որ իսլամիստ չարագործները ողջ-ողջ թաղել են կանանց, երեխաններին ու ծերերին: Եզդի կանանց գերի են վերցրել և օգտագործում են որպես սրտկուհիներ, հարյուրավոր կանանց էլ վաճառել են, հազարավորները փախել են սարերը, նույնիսկ ինքնասպանություն են գործում, որ չընկնեն իսլամիստ ստահակների ձեռքը: Ես սխալված չեմ լինի, որ ասեմ իսլամիստ ահաբեկիչները վտանգ են ներկայացնում մեր ընդհանուր մոլորակին»,- նշեց ՀԿ նախագահը:
Վերջինս համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը պետք է բողոքի ընդդեմ իսլամական ահաբեկչության, դատապարտի այն: Հայաստանցիները նույնպես, ըստ Շարոյանի, պարտավոր են հնարավոր բոլոր միջոցներով սատարել Իրաքի եզդիներին, հայերին, ասորիներին և կանխեն ցեղասպանությունը:
«Կոպիտ կերպով խախտվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ընդունել է ամբողջ աշխարհը: Հավատացած եմ, որ բոլոր ժողովուրդները, ազգերը, յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին անհապաղ պետք է իր ձայնը բարձացնի և կանխի եզդիների և մյուս ազգային և կրոնական փոքրամասնություների ցեղասպանությունը, փրկի նրանց կյանքը, ազատությունը և ապահովի նրանց անձի անձեռնմխելիությունը»,- եզրափակեց Ամո Շարոյանը: