ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ` ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ԴԵՐՈՒՄ
Վերջին շրջանում օպերատիվ ամփոփագրերը «զարդարում են» ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների մասին լուրերը: Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին կանխել կամ բացահայտել հանցագործությունները, իրենք են գնում այդ քայլին: Ոչ բոլոր դեպքերում են ոստիկանները կարողացել «հաջողությամբ պսակել» իրենց ապօրինությունը, բայց միայն այն հանգամանքը, որ նրանք դիմել են հանցանքի, բավականին խոսուն է:
Դատեք ինքներդ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2013թ. սեպտեմբերի 22-ին երկու կին ոստիկանությունում հայտարարություն էին տվել, որ գիշերն անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա նստեցնելով ավտոմեքենա, տարել է Ջրվեժի գերեզմանոց ու թողնելով այնտեղ, հեռացել: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ դիմակավորված անձը եղել է նախկին ոստիկան, սերժանտ, 1985թ. ծնված Էդգար Վարագյանը, ով կոտրելով Ք. Բ.-ի տան պատուհանը, ներս էր մտել, ատրճանակով սպառնացել նրան ու անչափահաս դստերը: Հետո, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ին, կպչուն ժապավենով` դստեր ձեռքերը, եւ «անցել գործի»` հափշտակելով ոսկե զարդեր, 186 հազար դրամ եւ 100 դոլար: Այդքանից հետո կանանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենց»-ի բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների մոտ, որտեղ եւ կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել Ք.Բ-ի հետ:
Եթե այս պատմության մեջ նախկին ոստիկանն էր նման քայլի դիմել, ապա 2013թ. օգոստոսի 5-ին Գյումրիի «Ռուբին» ոսկերչական սրահից գողությունը իրականացրել էին գործող ոստիկանները: Գիշերը՝ ժամը 4:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը եւ նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը փորձել էին թալանել Գյումրիի Խաղաղության օղակ 8 հասցեում գործող «Ռուբին» ոսկերչական սրահը: Սակայն գողության փորձը կանխվել էր` ոսկերչական խանութի անվտանգության ազդանշանները միանալու պատճառով: Հատկանշականն այն է, որ ոսկերչական սրահը թալանելու փորձ անող ոստիկանները եղել էին դիմակավորված:
Եվս մեկ ուշագրավ փաստ. 2014թ. հուլիսի 31-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սերժանտներից մեկը զեկուցագիր է ներկայացրել` տեղեկացնելով, որ ՃՈ կարգապահական խմբերից մեկը Լենինգրադյան փողոցում կանգնեցրել է իր վարած մեքենան: ՃՈ տեսուչները ոստիկանության սերժանտին կասկածել են ոգելից խմիչքի ազդեցության տակ մեքենան վարելու մեջ: Կասկածներն իրականում անհիմն չեն եղել, սակայն ՃՈ տեսուչներից մեկը ոստիկանին արձանագրություն չկազմելու եւ չտուգանելու համար պահանջել է 70.000 դրամ: Վարորդ սերժանտը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, սակայն սա եւս չի փրկել իրավիճակը: Ու քանի որ սերժանտի մոտ այդ պահին գումար չի եղել, վերջինս տեսուչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել` հանդիպել հաջորդ օրը: Թեեւ հաջորդ օրը հանդիպելով տեսուչները հրաժարվել էին պահանջած գումարը վերցնել, սակայն արդեն ուշ է եղել. գումար պահանջելն արդեն իսկ քրեական գործի առիթ է: ՀՔԾ-ում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 311 հոդվածի երկրորդ մասով, իսկ տեսուչ Տիգրան Գեւորգյանը ձերբակալված է:
2014թ. օգոստոսի 4-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ Երեւանի Մանթաշյան փողոցի իր տանից գողության փորձ է կատարվել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության մեկ այլ` Մաշտոցի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Գարեգինն, իր ծանոթներից մեկի` նախկին ոստիկան Գարուշի հետ 2014թ. հունիսի 5-ին փորձել են մուտք գործել Գարուշի կնքահոր՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորի տուն: Սակայն Գարեգինին եւ Գարուշին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել:
Թե որոնք են ոստիկանների կողմից նման քայլերի պատճառները, դժվար է միանշանակ ասել: Սակայն փաստն այն է, որ նման միջադեպերն այնքան էլ լավ տպավորություն չեն ստեղծում ոստիկանության մասին:
Ա. ԳԱԼՈՅԱՆ
ԻՋԵՎԱՆԱՏԵՐԸ ԻՋԵՎԱՆԵՑ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ
4 ամիս առաջ մահափորձի ենթարկված Անդրանիկ Խոջումյանն օրերս ինքն է հայտնվել կալանավորի կարգավիճակում:
Իջեւանի «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի նկատմամբ մահափորձին «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է: Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին, հենց հյուրանոցի մոտ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն. «Ապրիլի 1-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջեւան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ եւ մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների եւ դեռեւս չպարզված ուղեւորների հետ միասին, դիմել է փախուստի»: Ապրիլի 4-ին ոստիկանները ձերբակալել էին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Աշոտ Աիդինյանին: Բայց քրեական գործը չորս ամիս քննելուց հետո ՀՔԾ-ն կալանավորել է նաեւ Անդրանիկ Խոջումյանին: Ըստ ՀՔԾ հաղորդման` «Քրեական գործի հետագա քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Աշոտ Աիդինյանին վերագրվող հանցագործություններից բացի, բացահայտվել է նաեւ մեկ այլ անձի` Անդրանիկ Խոջումյանի կողմից կատարված հանցագործություն, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ Անդրանիկ Խ.-ն կալանավորված է»: Թե կոնկրետ ի՞նչ արարքի մասին է խոսքը, ի՞նչ մեղադրանք է նրան ներկայացվել, ՀՔԾ-ն չի մանրամասնում, ինչն առնվազն տարօրինակ է:
Մինչ այդ, նկատենք՝ Խոջումյանի նկատմամբ մահափորձերը կարծես պարբերական բնույթ են կրում. դեռ 3-4 տարի առաջ նրա նկատմամբ եւս մեկ մահափորձ էր եղել. անհայտ անձը կրակել էր Խոջումյանի վրա: Սակայն գործն այն ժամանակ չէր բացահայտվել: Որոշ ժամանակ անց այդ միջադեպի մասին մոռացել էր:
Խոջումյանը պարբերաբար այլ աղմկալի պատմությունների մեջ է հայտնվում: Նրա հարաբերությունները լարված են Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղուլարյանի հետ. «Սպիտակ լիճ» ջրամբարի հետ կապված Խոջումյանի ու Ղուլարյանի միջեւ լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել: Ու գործը հասել էր դատարան: Բանն այն էր, որ ավագանու` 2011թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը «Սպիտակ լիճ» տարածքը 40 տարով անհատույց օգտագործման վարձակալության պայմանագիր էր կնքել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի` Անդրանիկ Խոջումյանի որդու հետ: Սակայն Վարուժան Ներսիսյանի` 2011թ. ՏԻՄ ընտրություններում պարտության հետեւանքով քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո գործարարի ու նոր քաղաքապետի մեջ լարվածություն էր սկսվել: Նոր քաղաքապետն ամեն գնով ցանկացել էր տարածքը խլել Խոջումյաններից: Երկարատեւ դատական քաշքշուկից հետո քաղաքապետը հաղթել էր, եւ «Սպիտակ լիճ» ջրամբարը վերցրել էին Խոջումյանների ձեռքից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԼԹ
«Համոզված եմ՝ Պուտինի նախաձեռած Սոչիի հանդիպումն արդյունքներ կտա, ինչն էլ տեսանելի կդարձնի Ռուսաստանի կշիռը եւ ազդեցությունը տարածաշրջանում»:
Արթուր Բաղդասարյան Twitter
Սոչիում Պուտինի նախաձեռած հանդիպումը ցանկալի է, որ արդյունքներ տա եւ սահմանում իրավիճակը հանդարտվի: Սակայն ՕԵԿ նախագահի գրառումից կարելի է ենթադրել, թե Արթուր Բաղդասարյանին ավելի շատ մտահոգում է Պուտինի վարկանիշն ու Ռուսաստանի կշիռը, քան մեր երկրի անվտանգությունը: Հասկացանք` ԵՏՄ ենք մտնում, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի համար ավելի շատ պետք է մտահոգվենք, քան մեր երկրի: Բացի այդ, Ռուսաստանը տարածաշրջանում իր կշիռի ու ազդեցության մասին առանց Արթուր Բաղդասարյանի քաջալերման էլ ի վիճակի է մտածել:
«Ի վերջո, ես արվեստի մարդ եմ, իսկ արվեստագետը մի նուրբ անոթ է, որը կարող է փշրվել»:
Շուշան Պետրոսյան «Հայոց աշխարհ»
Երբեմն ՀՀԿ-ական պատգամավոր դարձած երգչուհու հայտարարություններից եւ խոսելաոճից բնավ չի երեւում, թե ինքը արվեստի մարդ է, առավելեւս՝ նուրբ անոթ: Նուրբ անոթ լինելու համար Շուշան Պետրոսյանը հաճախ չափից դուրս կոպիտ արտահայտություններ է թույլ տալիս: Իսկ եթե իրեն համարում է արվեստագետ, ապա ո՞վ էր իրեն խնդրում դառնալ ԱԺ պատգամավոր եւ որպես նուրբ անոթ՝ ստիպողաբար փշրվել: Չէ՞ որ նա կարող էր մնալ երգչուհի եւ շարունակել երգել, եւ այդժամ ոչ ոք Շուշան Պետրոսյանին չէր փշրի: Բայց դե ՀՀԿ-ական պատգամավոր դառնալը գրավիչ բան է, եւ այդ ճանապարհին մարդը հաճախ մոռանում է իր նուրբ լինելու մասին:
«Չեմ կարծում, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ կա, խմորումներ կան, բայց պատերազմ չկա»:
Ռոբերտ Սարգսյան ՀԺ
Ուկրաինայում զինված բախումների արդյունքում օրական տասնյակ զոհեր են լինում, շենքեր են ավերվում, ու դա ՀՀԿ-ական աներձագ-պատգամավորն անվանում է ընդամենը խմորումներ: Խոստովանենք՝ դա այնքան էլ նորմալ չէ: Միայն Տարոն Մարգարյանի աներձագը լինելը, ՀՀԿ-ականի մանդատ ունենալը եւ որպես աներձագ՝ պատգամավոր նշանակվելը դեռ չի նշանակում ունենալ գիտելիքներ, քաղաքականությունից բան հասկանալ եւ այլն, եւ այլն: Քաղաքականությունից լավ չհասկացողն ավելի խելամիտ կգտնվի, եթե պարզապես խուսափի կարծիք հայտնելուց եւ դրա հետեւանքով խայտառակ լինելուց:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ