ԱՐՏԱԳԱՂԹԸ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՀՆԱՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի աշխատավարձն ամենեւին էլ չի գերազանցում 1 մլն դրամը: Վերջին տարիներին կարեւոր դարձած այս կառույցի ղեկավարի վարձատրությունը հազիվ կես միլիոն դրամն է գերազանցում, իսկ հուլիսի 1-ից՝ վճարաչափերի բարձրանալուց հետո, մյուս աշխատակիցների վարձատրությունը սկսում է 90 հազար դրամից:
Գագիկ Եգանյանը որոշել է կոտրել գործող կարծրատիպերը եւ մեզ հետ զրույցի հենց սկզբում հայտարարեց, որ միանգամայն սխալ է միգրացիա ասելով՝ արտագաղթ հասկանալը, թեեւ մեզանում առայժմ ընկալումն այդպիսին է:
«Արտագաղթն իր ծավալներով որքան էլ գերիշխող լինի, այսուհանդերձ միգրացիայի դեմ պայքարել պետք չէ, քանի որ օբյեկտիվորեն ընթացող գործընթաց է։ Մարդը կրթություն ստանալու, ամուսնանալու կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հույսով մեկնում է երկրից: Պետք չի չէ՞ դրա դեմ պայքարել»,-ընդգծեց Գ. Եգանյանը։
Ավելին, մեր զրուցակցի կարծիքով՝ նման երեւույթների դեմ պայքարելու ոչ միայն կարիքը չկա, այլ նաեւ հնարավորությունը: Նա նաեւ հիշեցնում է, որ ապրուստի ավելի լավ միջոց գտնելու ակնկալիքը բոլոր ժամանակներում է ուղեկցել մարդկությանը՝ դրանով իսկ ներգաղթի կամ արտագաղթի պատճառ հանդիսանալով:
Արտագաղթի ծավալներն անհնա՞ր է հաշվարկել
Միգրացիան կարելի է գնահատել միայն ներգաղթի պարագայում, քանի որ տվյալ դեպքում մարդն անխուսափելիորեն գրանցվում է եւ, ինչպես ասում են, առաջանում է վիճակագրություն: Գ. Եգանյանը պնդում է, որ երկրից մեկնողների պարագայում չկա մի կառույց, որ հաշվառի հեռացողներին: Այն, ինչը հրապարակվում է արտագաղթի մասին, ընդամենը սահմանահատումների վերաբերյալ տվյալներն են՝ ուղեւորահոսքերը: Այս պարագայում մարդը կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո վերադառնալ:
Գոյություն ունի նաեւ հակառակ երեւույթը: Շատերը տարիներ ի վեր Հայաստանում չեն բնակվում, բայց շարունակում են գրանցված մնալ Երեւանում կամ մարզերից մեկում գտնվող իրենց հայրական տանը: Միգրացիոն ծառայության պետը հետաքրքիր, բայց ոչ հավատընծա տարբերակ է մատնանշում արտագաղթի վերաբերյալ լիարժեք եւ ամփոփ տվյալներ ձեռք բերելու համար՝ հայտարարելով, թե սոցիոլոգիական հարցումների միջոցով է միայն հնարավոր ամփոփ պատկեր ստանալ: Մինչ այժմ եղած վիճակագրությունը շրջանցելով՝ Գ. Եգանյանը հայտարարում է, որ պետական պաշտոնական վիճակագրություն երբեւէ չի եղել ու չի կարող լինել:
90-օրյա պարտադրանքը դեռ գործում է
Միգրացիոն ծառայության պետը հավատացած է, որ նախկինում, երբ 90 օր Ռուսաստանում մնալուց հետո քաղաքացին մեկ ժամով հատում էր, ասենք, Ուկրաինայի սահմանը եւ հետ վերադառնալով կրկին 3 ամսով գրանցվում, հաստատ Կրեմլով հիանալու նպատակով չէր անում: Պարզ է, որ օտարերկրյա քաղաքացին աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակադրմամբ էր այդ քայլին դիմում՝ գործելով օրենքից դուրս:
ՀՀ քաղաքացիներին այժմ ավելի հետաքրքիր տարբերակ է առաջարկվում: Հայտնի է, որ Հայաստանը վիզային ռեժիմ չունի Ռուսաստանի հետ, ինչը դյուրացնում է խնդիրը՝ մարդկանց առաջարկելով հստակ որոշել այդ երկիր այցելելու նպատակները: Աշխատելու համար հեշտությամբ տրվում է թույլտվություն, եւ միգրանտն օրինականորեն բնակվում է Ռուսաստանում:
Հայկական հետքը Ռուսաստանում
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ հայ միգրանտը մեկ դոլար է ուղարկում ՀՀ, նա Ռուսաստանում 7 դոլարի բարիք է ստեղծում: Ավելին, մեր հայրենակիցներն այդ երկրի տարածքում մեկ միլիոնից ավելի աշխատատեղ են ստեղծել: Այդուհանդերձ, միգրացիոն ոլորտում առկա խնդիրները դժվար է լուծված համարել: Աշխատանքի թույլտվություն ստանալու համար վերջերս ավելացրել են նաեւ առողջության մասին տեղեկանքը, իսկ համեմատաբար հեշտ տարբերակով աշխատանքի թույլտվության իրավունք ստանալու վերաբերյալ համաձայնագրին առայժմ միայն ՀՀ կառավարությունն է հավանություն տվել, թեեւ միգրացիոն ծառայության պետը հուսով է, որ հենց ընթացիկ ամսվա մեջ այն կվավերացնի նաեւ ռուսական կողմը:
ԴԱՎԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Սայաթ-Նովա 10, 12 հասցեների բնակիչները շարունակում են դժգոհել իրենց բակում նախկին կաթսայատան փոխարեն կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինաշխատանքներից: Երեկ բնակիչների եւ շինաշխատանքներ իրականացնող «Լարկո գրուպ» ընկերության ներկայացուցչի միջեւ վեճ էր տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա 10 եւ 12 շենքերի բնակիչները դեմ են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից այդ տարածքում բարձրահարկի կառուցմանը՝ պնդելով, որ շինարարությունն ապօրինի է եւ չի համապատասխանում անվտանգության կանոններին: Բացի այդ, Սայաթ-Նովայի թիվ 10, 12 շենքերի բնակիչները դիմել էին ՀՀ առողջապահության, բնապահպանության նախարարություններ եւ Երեւանի քաղաքապետարան` պնդելով, որ շինարարության պատճառով օդը աղտոտվել է, եւ պահանջել` համապատասխան մասնագետներն ուսումնասիրություն կատարեն ու փորձաքննություն անցկացնեն:
«Ուղղակի վաղ առավոտյան բերում են եւ այդ տեխնիկաները լցնում են առանց այդ էլ նեղ բակում: Դրանց ձայնից չենք կարողանում քնել, հանգստանալ: Աղմուկից բացի, օդն էլ են աղտոտում: Ոչ կարողանում ենք մեր հիվանդներին պահել, ոչ էլ երեխաներին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց բակի բնակիչներից մեկը: Շինաշխատանքների պատճառով ստեղծված աղմուկի շուրջ էլ երեկ բնակիչներից մի քանիսի եւ «Լարկո գրուպ» ընկերության շինարարական մասով պատասխանատու Կարեն Աբգարյանի միջեւ վեճ սկսվեց: Վիճաբանությունն, իհարկե, որոշ ժամանակ անց ավարտվեց:
Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարեն Աբգարյանը պնդում էր. «Հիմա մենք ամբողջ շենքը պատրաստել ենք, միայն խնդիրներ ծագել են ուղիղ յոթ ամիս առաջ եւ հիմա, բայց չգիտես, թե ինչու: Մինչդեռ այս պահին ունենք ընդամենը տասը րոպեի գործ: Այսպես ասած, հիմա սատանայի խայծ է, եկել են ու դժգոհում են: Կամ էլ՝ բզբզում են, բայց ես հանգիստ իմ գործն եմ անում: Պահանջում են, որ հիմա այդ տեխնիկան դուրս բերեմ շենքի բակից: Ես արդեն վեց հարկը կառուցել եմ: Սատանայի խայծ է, էլի, ուզում են, որ կոպտություն թույլ տամ, ափերիցս դուրս գամ»:
«Ժողովուրդ»-ը Կարեն Աբգարյանից հետաքրքրվեց նաեւ, թե երբ է նախատեսված շենքն ավարտին հասցնել. «Ծրագրով նախատեսված է շենքի կառուցումն ավարտել 2015 թվականի հուլիս ամսին, բայց, հավանաբար, մենք այն շահագործման կհանձնենք 2015 թվականի վերջին»: Ասել է թե՝ Սայաթ-Նովայի 10, 12 շենքերի բնակիչները նախատեսվածից երկար պետք է իրենց համար անհարմարություններ կրեն, մինչեւ այս ընկերությունը բարեհաճի ավարտել շինաշխատանքները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՆՉ ՎԱՍՏԱԿՈՒՄ՝ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել է, թե ինչպես են ապրում Սահմանադրական դատարանի մի քանի անդամներ: Այսօր կներկայացնենք մյուսների դրամական միջոցներն ու ունեցվածքը:
ՍԴ անդամ Կիմ Բալայանն իր հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա փետրվարի 12-ին: Նշենք, որ այս պաշտոնը զբաղեցնելով 2003թ.-ից, նա դեռեւս չի հասցրել մեծ գումարներ հետ գցել, կամ էլ խնամքով թաքցնում է դրանք՝ շատ այլ պաշտոնավորների նման: Համենայնդեպս, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը խոսում է նրա՝ ոչ այնքան մեծ ունեցվածք ունենալու մասին: Մասնավորապես 2013թ. սկզբում նա ունեցել է ընդամենը 800 հազար դրամ, որն արդեն հարկային տարվա վերջում աճելով դարձել է 2 մլն 100 հազար դրամ: Սակայն մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 8 մլն 355 հազար դրամ գումար վաստակել, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից՝ 7 մլն 655 հազար դրամ եւ գույքն օտարելուց ստացված եկամուտից՝ 700 հազար դրամ: Իսկ ահա ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է: Նա այժմ ունի 9 մլն դրամ եւ 38 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների եւ այլ եկամուտների շնորհիվ կարողացել է վաստակել 11 մլն դրամ:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն ավելի վատ վիճակում է գտնվում, քան իր գործընկերը: Հետաքրքիր է, որ նա իր պաշտոնը զբաղեցնում է դեռեւս 1997թ.-ից, բայց այս ընթացքում հասցրել է կուտակել միայն 400 հազար դրամ: Ընդ որում՝ 2013թ. սկզբին նա ուներ ընդամենը 100 հազար դրամ, որն էլ տարվա վերջին դարձել է 400 հազար դրամ: Սակայն մեկ տարվա ընթացքում միայն աշխատանքի վարձատրությունների շնորհիվ նա կարողացել է վաստակել 16 մլն 944 հազար դրամ: Ստացվում է՝ ինչ վաստակում է՝ վատնում է առանց խնայելու: 1996թ. ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն էլ իր պաշտոնը զբաղեցնում է 1996թ.-ից: Սակայն նա էլ այս ընթացքում կարողացել է հետ գցել միայն 310 հազար դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում կենսաթոշակից եւ աշխատանքի վարձատրությունից վաստակել է 4 մլն 898 հազար դրամ: