ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈ՞ՒՄ Է

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը 2009 թվականին Հրազդանի հատուկ դպրոցը միացրել էր թիվ 11 միջնակարգ դպրոցին, որի արդյունքում աշխատանքից ազատել էր տնօրենին՝ Աբգար Գյուլումյանին: Տնօրենը փորձել էր իր իրավունքները վերականգնել դատական կարգով: Դատարանը որոշում էր կայացրել, որ աշխատանքը վերականգնել հնարավոր չէ, բայց մարզպետը պարտավոր է նյութապես փոխհատուցել նախկին տնօրենին: Սույն թվականի օգոստոսի 5-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ նիստ, որտեղ քննարկվեց Աբգար Գյուլումյանի հարցը: Նախկին տնօրենը գրությամբ դիմել էր նոր մարզպետին՝ խնդրելով թույլատրել ներկա գտնվել նիստին: Մարզպետի կողմից խնդրանքն ընդունվել էր:

Նիստի ընթացքում Ա.Գյուլումյանը ներկայացրեց այնպիսի փաստաթղթեր, որոնք հստակ ցույց տվեցին, որ ինչպես նախորդ, այնպես էլ նոր մարզպետին պետական տարբեր ատյաններում ստել են: Եղած փաստերի համաձայն տնօրենին ազատելուց հետո նոր աշխատակիցներ են ընդունել, մինչդեռ, ըստ օրենքի՝ պետք է իրեն ընդունեին: Կոտայքի կրթության վարչության պետ Հովհաննես Կոստանյանը պնդեց, որ Ա. Գյուլումյանն իր նախկին պաշտոնին չի կարող վերադառնալ, քանի որ դպրոցը միացել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հիմնական դպրոցին՝ որպես այդ դպրոցի մասնաճյուղ, տնօրենի հաստիք էլ գոյություն չունի:
Ա.Գյուլումյանին վրդովեցրեց կրթության վարչության պետի պահվածքը եւ նա բորբոքված հայտարարեց. «Ուզում եմ ցավակցություններս հայտնել Կոտայքի մարզպետ պարոն Ա. Հարությունյանին` կրթության վարչության նման պետ ունենալու կապակցությամբ: Ընդամենը մի բան ասեմ եւ դուք եզրակացրեք, թե ով է մեր մարզի կրթության վարչության պետը. Կոստանյանն ասում է, որ հատուկ ստորաբաժանման շրջանակներում ժամեր են տրամադրվել հանրակրթական դպրոցի մասնագետներին, եւ այստեղ ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել: Այս մարդը պատկերացում չունի հատուկ կրթության մասին եւ չի հասկանում, որ մանկավարժական համալսարանը հատուկ կրթության համար մասնագետներ է պատրաստում՝ նրանց տալով այդ դպրոցի ուսուցչի որակավորում:
Իմ հարցը քննարկվել է ՀՀ Հանրային խորհրդում եւ այդ քննարկման ժամանակ սա՝ Կոստանյանը, կարծիք է արտահայտել, որ ես պետք է աշխատեմ: Ես այսօր նրան հարցնում եմ` Դուք Ձեր գրավոր կարծիքը օրենքի շրջանակներո՞ւմ եք ասել, ասում է` այո, ասում եմ` իսկ ինչո՞ւ հիմա օրենքը չեք պաշտպանում։ Քար անտարբերություն: Իսկ թե ինչպիսի նամակ է ուղարկվել ՀՀ նախագահին, պարզապես կապշեք, ասեմ ծիծաղեք ու եւս մի անգամ պատկերացրեք, թե ինչպիսի պետ ունեն Կոտայքի ուսուցիչները. ՀՀ Կոտայքի մարզպետը (նախկին) հունիսի 19-ին ինձ հանձնարարել Է կատարել կառավարության որոշումը` դպրոցների միացման մասով: Մարզպետարանը նամակ է ուղարկում ՀՀ նախագահին, թե Գյուլումյանը կառավարության որոշումը պետք է կատարեր մայիսի երկուսին, բայց չի կատարել: ժամանակի զգացողության պակասություն: Ա՛յ վարչության պետ, եթե ինձ հունիսի 19-ին ես ասել, ո՞նց կարող եմ կատարել մայիսի 2-ին, ՀՀ նախագահին ինչու ես խաբում, այսպիսի փաստեր` որքան ուզեք, որոնց մասին դեռեւս շատ կխոսվի: Բա Կոտայքի մարզին այսպիսի պետ պե՞տք է»,-հարց ուղղեց նախկին տնօրենը:
Նշենք, որ նիստի ընթացքում վարչության պետը դուրս եկավ սենյակից, այնուհետեւ քննարկումը տեղափոխվեց փոխմարզպետի մոտ, ով Ա. Գյուլումյանին լսելուց հետո պատասխանեց, որ հարցը գտնվում է մարզպետի ուշադրության ներքո, կուսումնասիրվի եւ պատասխան կտրվի, իսկ անհրաժեշտության դեպքում նախկին տնօրենին նորից կհրավիրեն քննարկման:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՈՂՈՔՆԵՐ

Վերջին 10 օրվա ընթացքում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը` Այգեպարը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը գտնվել են անընդմեջ գնդակոծության տակ, իսկ նախօրեին էլ ազերի զինյալը վիրավորել էր Այգեպարի բնակիչ Վալեր Ճաղարյանին: Սահմանամերձ գյուղերի բնակիչներից շատերի տների տանիքները, պատուհանները, պատերը, տան գույքը ադրբեջանական գնդակներից վնասվել են, բնակիչները նյութական վնասներ են կրել: Սահմանագոտւ բնակիչներն իրենց ընտանիքների, երեխաների հետ տոկում են փորձության ժամանակ, չեն լքում իրենց տները, հարազատ շենը: Սակայն նրանք նաեւ որոշ մտահոգություններ ունեն, որոնք փոխանցեցին մեզ եւ խնդրեցին «Ժողովուրդ» թերթի միջոցով դրանք հրապարակել: Առաջիկայում աշուն է, անձրեւների շրջան, իսկ բնակիչներից շատերի տների տանիքները խոցված, ծակծկված վիճակում են, եւ աշնան գալու հետ` անձրեւները տների ներսն են լցվելու:
Օգոստոսի 3-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ազերիների գնդակոծությունների հետեւանքները վերացնելու համար պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել: Բերդի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչները հարցնում են, թե երբ է ազերիների ոտնձգություններից տուժած գյուղացիներին հատկացվելու այդ գումարը, ինչպես է որոշվելու, թե որ ընտանիքին, ինչ չափով է տրվելու այդ աջակցությունը: Տներ կան, որոնք տուժել են անցյալ տարի, դրանց տերերին աջակցություն ցուցաբերվելո՞ւ է: Վարչապետը հայտարարել է, որ պետությունը հոգալու է Մովսես եւ Չինարի գյուղերի ուսանողների ուսման վարձը: Բերդի սահմանագոտու բնակիչները տարակուսած են` ազերիների գնդակոծության առումով Այգեպարն ավելի վտանգավոր դիրքում է, ինչու Այգեպարից եւ Ներքին Կարմիրաղբյուրից սերված ուսանողների համար եւս նման հոգածություն չի ցուցաբերվում: Իսկ Չորաթանի բնակիչներն էլ բողոքում են, որ իրենց հողերը եւ դաշտում աշխատող չորաթանցիները ադրբեջանցիների նշանառության տակ են, սակայն պետական աջակցության առումով Չորաթանը կարծես թե ստվերում է մնացել:
Բերդի սահմանագոտու բնակիչներին նաեւ զայրացրել է հայկական որոշ լրատվամիջոցների կողմից սահմանագոտու դեպքերի լուսաբանումը: Լրատվամիջոցներից մեկը հաղորդել էր, թե գնդակոծվել է Վերին Կարմիրաղբյուրը, մինչդեռ այդ գյուղի վրա ադրբեջանական ոչ մի կրակոց չի եղել: Այդ լրատվամիջոցը Վերին Կարմիրաղբյուրը շփոթել էր Ներքին Կարմիրաղբյուրի հետ: Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկն էլ մի քանի օր առաջ սահմանագոտու կացության վերաբերյալ հարցազրույց էր ունեցել Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանի հետ, ով ասել էր, թե խնդիրներ չկան: «Քարտեզին նայեք, Վերին Կարմիրաղբյուրը Ադրբեջանին սահմանակից է»,-բորբոքված ասում են գրեթե ամեն օր տեղի ունեցող գնդակոծությունների պատճառով իրենց տան նկուղներում պատսպարվող մարդիկ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս