Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Թևոսիկ) եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու և այն իրականացնողին` Մովսես Ներսիսյանին (Մոսո) սպանելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսո) փաստաբան Արսեն Սարդարյանն Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներպետական դատական ատյաններում իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու խնդիրը չի լուծվի, և իրենք կհասնեն մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Պաշտպանը համոզված է՝ Իսրայել Սարգսյանին կալանավորելն անօրինական է, քանի որ նրա մեղքն ապացուցող հանգամանքներ չեն ներկայացվել:
Պաշտպանի փոխանցմամբ` իրենք այս պահին ներկայացրել են վերաքննիչ բողոք:
Տեղեկացնենք, որ օգոստոսի 3-ին ևս 2 ամսով երկարաձգվել է Իսրայել Սարգսյանի կալանքի ժամկետը:
«Ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմենք ՄԻԵԴ, քանի որ, ցավոք սրտի, հավատը, թե մեզ մոտ խնդիրը կլուծվի, մարել է:
Իսրայել Սարգսյանին, առանց որևէ հիմնավորման, պահում են կալանքի: Նախաքննության գաղտնիությունից ելնելով` ես չեմ կարող ասել պատճառները նրան կալանքի տակ չպահելու, սակայն հանրությանն առավել հայտնի է այն, որ Մովսեսի դիակը դեռևս չի գտնվել»,- պարզաբանեց պաշտպան Սարդարյանը:
Հիշեցնենք` հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը կալանավորել էր Իսրայել Սարգսյանին և Տիգրան Ասատրյանին:
Ոստիկանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ դրանից հետո սպանել նաև Մոսոյին` հետքերը մաքրելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, Մոսոյի դին առ այսօր չի գտնվել:
Նախաքննական վարկածի համաձայն՝ սպանությունից հետո Իսոն իր ավտոմեքենայով Մոսոյի դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը, որտեղ էլ Մոսոյի դին, ըստ ամենայնի, քայքայվել է: