Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետևում է նաև իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի: Այս մասին ասվում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
«Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանը:
Հարկային տեսուչի գործողություններն առնչվել են պետական մարմնի աշխատանքների վարկաբեկմանը, հարկային ծառայողի անաչառությանը, հասարակության մեջ հարկային ծառայության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:
Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է՝ բարեփոխումների գործընթացին խոչընդոտող աշխատակիցներից ձերբազատվելուն ուղղված քայլերը հետևողականորեն շարունակվելու են, քանի որ բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կադրերի գործունեությամբ»,-ասվում է հաղորդագրությունում:
Ֆինանսների նախարարություն