2014 թ. օգոստոսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հանրային կապերի բաժնից։
2014 թ. հուլիսին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 0.4%: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի և 2015 թ. առաջին եռամսյակից կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին և արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը: Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:
Դրամավարկային պայմանների թուլացումը՝ զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015 թ-ի ընթացքում:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ օգոստոսի 22-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. երրորդ եռամսյակի ծրագրում):
Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25% և 5.25%:
Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ