ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ… ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ինչպես հայտնի է, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ընթանում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ։ Սակայն դա չի խանգարում, որ ցուցադրվեն մեծ նկարչի կտավները, բայց… Մատենադարանում։

Ցուցահանդեսի, ինչպես նաեւ տուն-թանգարանում ընթացող աշխատանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանի հետ։
-Նախ ուզում եմ երախտագիտությունս հայտնել Մատենադարանի աշխատակիցներին, տնօրեն պարոն Թամրազյանին, ովքեր անցած տարեվերջին սիրով տեղ հատկացրին ցուցահանդես կազմակերպելու համար՝ պահելով բարձր մակարդակը։ Դա ե՛ւ պատվաբեր է, ե՛ւ պարտավորեցնող։ Մթնոլորտը բավականին ջերմ է նաեւ շնորհիվ դիզայներ Արթուր Մանուկյանի պրոֆեսիոնալիզմի։
-Մեծ վարպետի ո՞ր շրջանի եւ ի՞նչ ստեղծագործություններ են ներկայացված ցուցահանդեսում։
-Ներկայացված են նկարչի ստեղծագործական բոլոր շրջանների, փուլերի գործերը՝ սկսած ամենավաղ շրջանի ջրանկարներից։ Ընդհանուր առմամբ, Սարյանի արվեստի սիրահարները կարող են հիանալ նկարչի 31 աշխատանքով։
-Այցելուները շա՞տ են։
-Ինչպես նշում են Մատենադարանի աշխատակիցները, ձմեռային ամիսները սովորաբար բոլորի, այդ թվում իրենց մոտ, այսպես ասած, մեռյալ սեզոն է, եւ այդ ֆոնին կարելի է ասել, որ ցուցահանդեսի այցելուները քիչ չեն։
-Իհարկե, ինչպես ասում են՝ հյուր լինելը լավ է, բայց տանն ավելի լավ է։ Ե՞րբ կբացվեն տուն-թանգարանի դռներն այցելուների առաջ։
-Թանգարանի գործունեության ավելի քան 45 տարիների ընթացքում կուտակվել էին խնդիրներ՝ շենքային պայմանների, ցուցասրահների, թանգարանի պահոցների հետ կապված, որոնք հրատապ լուծման կարիք ունեին: Հասկանալի է, որ անհրաժեշտ էր նոր մոտեցումներ ցուցաբերել թանգարանային տարածքը կազմակերպելու, ցուցասրահներն ավելի բարվոք ներկայացնելու համար: Բացի այդ՝ թանգարանում ուղղակի նեղվածք էր, եւ դրանից ելնելով՝ անհրաժեշտություն առաջացավ կառուցել 4-րդ հարկ: Ի դեպ, տունը եւ նրա արվեստանոցը ժամանակին գծագրել էր Ալեքսանդր Թամանյանը: 1964-67թթ. այդ տանը կցվեց եռահարկ պատկերասրահ՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, եւ հիմա շատ դժվար հարց էր դրված ներկայիս վերակառուցման նախագծի հեղինակ Սահակ Ներսիսյանի առջեւ, որպեսզի, պահպանելով նախորդ երկու ճարտարապետական լուծումները, տա երրորդը, որը չխախտի այս համալիր շինության ոճը: Թանգարանը չուներ թանգարանային առարկաների համար անհրաժեշտ պահոցներ:
Կառուցվելու է նաեւ տեխնիկական նկուղ, որը շատ անհրաժեշտ է թանգարանի համար: Ներմուծվելու է թանգարանների համար նախատեսված ջեռուցման եւ օդատար մի նոր համակարգ, ինչը մեզ շատ է ուրախացնում: Թանգարանի վերականգնողական աշխատանքներն ընթանալու են երկու փուլով։ Առաջին փուլում, ինչպես նշեցի, կիրականացվեն թանգարանի վերակառուցման եւ վերանորոգման աշխատանքները։ Եվ այդ շրջանակներում արդեն 4-րդ հարկը բարձրացված է, աստիճանավանդակը կառուցված է, նոր լուսամուտներ են տեղադրվել, ներսից էլ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Ջրագծերը, կոմունիկացիաները փոխվել են։ Իսկ աշխատանքները դանդաղ են ընթանում անսպասելի ցրտերի պատճառով. բետոնի հետ կապված որոշ աշխատանքներ պարզապես կարող էին ձախողվել։ Բացի այդ՝ անչափ աշխատատար էր հիմքերի ամրացումը, ինչը հնարավոր չէր տեխնիկայի օգտագործմամբ, եւ դա մեծ մասամբ արվում էր ձեռքով։
-Ե՞րբ կավարտվեն աշխատանքները։
-Ծրագրված էր առաջին փուլի աշխատանքներն ավարտել մայիսին, սակայն, հավանաբար, դրանք ավարտին կհասցվեն ավելի ուշ։ Եվ միայն դրանից հետո սկսվելու են վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքները, որոնք կներառեն Մարտիրոս Սարյանի տան բնակելի մասը: Ավարտից հետո այցելության համար կբացվեն տուն-թանգարանի հուշային սենյակները, այդ թվում նաեւ՝ Վարպետի կրտսեր որդու՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի աշխատասենյակը։ Այսպիսով՝ տուն-թանգարանն իր դռներն այցելուների առաջ կվերաբացի նորացված, համալրված եւ տեխնիկապես վերազինված:

 

 

 

«ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՄԵԶ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼ»

Արդեն քանի տարի է՝ Հայաստանում չի անցկացվում «Միսս Հայաստան» մրցույթը, մինչդեռ ժամանակին մեր գեղեցկուհիները նաեւ միջազգային ասպարեզում էին մրցանակներ շահում։ Ո՞րն է դրա պատճառը։

Այս հարցով դիմեցինք «Միսս Հայաստան-1997» Անգելինա Բաբաջանյանին։
-Երեւի մեր պետությունը անտարբեր է դրա նկատմամբ, միգուցե կողքից ոչ մի աջակցություն չի լինում, որպեսզի ազգային մրցույթն ամեն տարի անցկացվի։ Մեր աղջիկները նաեւ միջազգային ասպարեզում լավագույնս ներկայանալու հնարավորություն ունեն, ինչն էլ մի քանի անգամ ապացուցել են։ Ժամանակի ընթացքում նոր սերունդը ավելի, այսպես ասած, լավն է դարձել, եւ մեր աղջիկները կարող էին ավելի բարձր արդյունքների հասնել։
-Ի՞նչ եք հիշում 1997 թվականի Ձեր հաղթանակից, հատկապես ի՞նչն է տպավորվել: Երազում երբեմն տեսնո՞ւմ եք այն։
-Երազում չեմ տեսնում (ծիծաղում է-Ռ. Թ.), բայց շուտ-շուտ ենք հիշում, որովհետեւ Արա Երնջակյանը շատ հզոր մրցույթ կազմակերպեց։ Նույնիսկ կարող եմ ասել, որ 1997-1999թթ. մրցույթներն էին ամենալավը, քանի որ ճիշտ էին կազմակերպված։
-Այդ թվականներին հայ աղջիկների մոտ, օրինակ, լողազգեստով բեմ բարձրանալու բարդույթներ չկայի՞ն։
-Դա սկիզբն էր, դա նոր էր, ուստի բարդույթներ կային։ Ի դեպ, եթե դու բարդույթ ունես, եւ դա նկատվում է, քեզ այնքան կճնշեն, որ ավելի կբարդույթավորվես։ Բայց, բարեբախտաբար, բարի մարդիկ ավելի շատ էին, ովքեր փորձում էին մեզ դրանցից ազատել։
-Ըստ Ձեզ՝ հայ աղջիկների մեջ հիմա ի՞նչն է փոխվել, ազատվե՞լ են այդ բարդույթներից կամ գուցե չափազանց շա՞տ են ազատվել։
-Ո՛չ, ոչ թե բարդույթներ… Նախկինում մեր մտածելակերպը մի քիչ ուրիշ էր. եթե ինչ-որ բան անում էինք, անում էինք սիրով, հաճույքով, առանց որեւէ ակնկալիքի, իսկ հիմա, եթե հայ աղջիկներն ինչ-որ բան անում են, անպայման դրա մեջ շահ են ուզում գտնել։ Ու երեւի նաեւ այդ պատճառով չեն ուզում մասնակցել նման մրցույթների։
-Այդուամենայնիվ, եթե մրցույթը հավուր պատշաճի կազմակերպվի բոլոր առումներով՝ թե՛ ներկայացուցչական, թե՛ ֆինանսական, շատե՞րը չեն մասնակցի։
-Եթե բարձր մակարդակով կազմակերպվի, աղջիկները նորմալ պայմանագրեր կնքեն, ֆինանսավորվեն, իհարկե կմասնակցեն։ Իսկ ուղղակի գնալ-գալու, բեմ դուրս գալու, իրեն ցուցադրելու համար հիմա ոչ մի նորմալ մարդ, ինձ թվում է, դրան չի գնա։
-Իսկ Դուք երբեմն չե՞ք ցանկանում բեմ բարձրանալ, օրինակ, եթե ամուսնացած կանանց մրցույթ լինի, կմասնակցե՞ք։
-Ես վաղուց տեղս զիջել եմ այս սերունդին։ Իսկ ամուսնացած կանանց… միգուցե։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Երեւանյան ակումբներից մեկում տեղի է ունեցել «Մի քանի հոգի» խմբի անդամների` Ռոլանդի, Ֆելոյի, Միշոյի եւ A Chilla-ի «Էս պահին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի շնորհանդեսը: Ռեժիսորն Արթուր Բունիաթյանն է, բեմադրող օպերատորը` Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերը` Արման Միտոյանը, իսկ երաժշտությունը գրել է Սերժոն: Բացի նախագծի անդամներից՝ տեսահոլովակում նկարահանվել են նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանն ու դերասանուհի Գայանե Բալյանը: Միջոցառմանը ներկա են եղել Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Արման Նշանյանը, Վարշամ Գեւորգյանը, DJ Վակցինան, Արամ Չախոյանը, Աննա Պանին եւ այլք: Խմբի անդամներն իրենց անհատական գործունեությանը զուգահեռ միասին երգեր են ստեղծում, համադրում տարբեր երաժշտական ոճեր ու պարբերաբար ելույթ ունենում: «Նախագծի գաղափարը կոմերցիոն բնույթ չի կրում, ընկերներով միավորվել ենք որակյալ երաժշտական արտադրանք ստեղծելու նպատակով»,-նշել Է DJ Սերժոն:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԵԿԱՆԸ

Ռուսական բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան նոր հարուստ սիրեկան է գտել: Heat-ի փոխանցմամբ՝ պարուհու նոր «զոհը» գործարար Վագիֆ Պեյսախովն է. նա մորթիների բիզնեսով է զբաղվում: Զույգին տեսել են Վոլոչկովայի ծննդյան տոնի առթիվ կազմակերպված երեկույթից դուրս գալիս: Նստելով գործարարի «MayBach»-ը՝ զույգն ուղեւորվել է Պրեչիստինկա փողոց, որտեղ բարձրակարգ բնակարաններից մեկում, ընկերական շրջապատում մեկուկեսժամանոց հավաք է անցկացվել: Հետո ավտոկայանատեղիներից մեկում սիրահարները կրքոտ համբուրվել են: Պարուհին, որը սովորաբար չի թաքցնում իր անձնական կյանքի մանրամասները, նոր սիրավեպն առայժմ չի մեկնաբանել:

 

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 300-ԱՄՅԱ ՋՈՒԹԱԿԸ

Ամերիկյան Միլուոկի քաղաքում գողացել են Ստրադիվարիուսի ստեղծած 300 տարեկան ջութակը: Միջադեպը տեղի է ունեցել կայանատեղում, երբ անհայտ անձինք էլեկտրաշոկերով հարձակվել են սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Ֆրենկ Էլմոնդի վրա, խլել ջութակն ու փախուստի դիմել: Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել գողերին: Այդ գործիքը պատրաստվել է 1715-ին եւ հայտնի է որպես «Լիպինսկու Ստրադիվարիուս». պատկանել է լեհ ջութակահար եւ երգահան Կառոլ Լիպինսկուն: Ոստիկանությունը եւ նվագախմբի ղեկավարությունը չեն նշում ջութակի իրական արժեքը: Ըստ լրատվամիջոցների` գործիքի գինը համարժեք է Ստրադիվարիուսի մյուս ջութակի գնին, որը 2006թ. վաճառվել էր 3,5 միլիոն դոլարով:




Լրահոս