«Մասիս Տոբակո»-ում հաճախակի գործադուլ են անում՝ պահանջելով արտաժամերի դիմաց վճարել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երկար ժամանակ է, ինչ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի աշխատակիցները դժգոհում են գործարանում տիրող՝ իրենց խոսքով, անմարդկային պայմաններից: «Սև բանվորների նման աշխատացնում են, ոչ մի հանգստյան օր չունենք, աշխատանքային գրաֆիկն այնպես են իրար խառնել, որ ստացվում է այնպես, որ օրվա մեջ մի քանի անգամ գործի ես գնում»,- ասում է «Մասիս Տոբակո»-ի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ՝ աշխատավայրում խնդիրներ չունենալու համար:

Վերջինս աշխատանքային գրաֆիկի խառնաշփոթը բացատրելիս տեղեկացրեց, որ երեկոյան ժամը 20:00-ից աշխատում են մինչև առավոտյան ժամը 8:00-ն, այնուհետև ցերեկվա ժամը 14:00-ին նորից աշխատանքի պետք է գնան: «Ամբողջ գիշեր չքնելով ինչպե՞ս կարող ենք աշխատել: Նրանց միայն հետաքրքրում է, որ իրենց պատվերները կատարեն և փող աշխատեն, հասարակ բանվորի վրա էլ թքած ունեն»,-ասում է աշխատակիցը:

Նրա խոսքով, երբ գործարանում տիրող իրավիճակի մասին լրատվամիջոցները բարձրաձայնում են, տնօրինությունը պարտադիր ժողով է անում, վստահեցնում, որ այդ ամենը կշտկվի, բայց որոշ ժամանակ հետո էլի նույն ձևով շարունակում են աշխատեցնել: Գործարանի ներսում հաճախակի գործադուլ են անում՝ պահանջելով արտաժամերի դիմաց վճարել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս