Ավարտին են մոտենում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի վերանորոգման աշխատանքները: Այս մասին այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Նախարարն անձամբ է այցելել այնտեղ, համապատասխան հանձնարարություն տվել, որ պատիժը կրող անձի համար համապատասխան պայմաններ լինեն», – ասաց նա՝ հավելելով, որ իրենք կարծում են, թե 1-2 ամիս հետո առաջին մասնաշենքը պատրաստ կլինի, և այդ կերպ մասնակիորեն կլուծվի ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը:
Փոխնախարարը նաև նշեց, թե երկրորդ և երրորդ մասնաշենքերի շինարարությունը նույնպես ընթացքի մեջ է: