Օգոստոսի 13-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի Ասկերանի զորամասում մահացած Գաբրիել Առաքելյանը 38 տարեկան կդառնար: Այսօր նրա ծննդյան օրն է … օրը, որը Գաբրիել Առաքելյանի մայրիկի՝ Էլմիրա Առաքելյանի համար հիշողությունների, սպասումների, անդադար ցավի, որդուն ճանապարհին անվերջ սպասելու օր է … : Գաբրիելի մայրը չի համակերպվում այն մտքի հետ, որ որդին սահմանը հսկելու ժամանակ ծառայակից ընկերոջ պատահական գնդակի զոհն է դարձել:
Գաբրիելի մայրն այսօր միայնակ բնակվում է Ստեփանակերտում, ու ամեն դռան զանգից հետո մոր սիրտը թրթռում է … : Նա ամեն վայրկյան մտածում է, որ որդին դուռը բացելու ու ներս է մտնելու: Իսկ ինչ հանգամանքներում է մահացել Գաբրիելը, եւ ինչու նրա մայրը չի հավատում, որ Գաբրիելը ծառայակցի պատահական գնդակի զոհն է դարձել: Գաբրիելը մահացել է 2010 թվականի հունիսին ԼՂՀ պաշտպանության բանակի Ասկերանի դիրքերում:
Նրա մայրը Armlur.am-ի հետ զրույցում պնդեց, որ իր՝ ավագ լեյտենանտ որդուն սահմանի վրա սպանել են` պատճառաբանելով, որ նա գաղտնաբառը չի իմացել: Գաբրիելի մայրը` տիկին Էլմիրան, ով Սերժ Սարգսյանի դասընկերուհին է եղել, բազմաթիվ անգամ եկել է Երեւան` հայրենի պաշտոնյաներին խնդրելու օգնել եւ բացահայտել, թե իրականում ով է դարձել իր մինուճար որդու մահվան պատճառը: Սակայն ապարդյուն, մինչ այսօր նրան որեւէ մեկը օգնության ձեռք չի մեկնել: Տիկին Էլմիրան մեզ հետ զրույցի ողջ ընթացքում արտասվում էր` հիշելով որդու հետ կատարվածը:
Սոնա Գրիգորյան, Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան