Ո՞ՒՄ ՄԻՋՈՑՈՎ Է ՎԵՐԱՀՍԿՎԵԼՈՒ ԱԺ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում տարբեր թեւերի միջեւ պարբերաբար ընթացող ներկուսակցական պայքարից բացի, ՀՀԿ ներսում մեկ այլ ուշագրավ երեւույթ է նկատվում. իշխանական տարբեր թեւերի ներկայացուցիչներ, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով թեկնածուների գործուղելով, փորձում են առնվազն սեփական ազդեցությունը պահպանել նաեւ օրենսդիր դաշտում, այդպես նաեւ` իրենց մասնակցությունն ունենալով իշխանության ձեւավորման հարցում:
Այս հարցում առաջատարը Սերժ Սարգսյանի փեսան է` Միքայել Մինասյանը: Իշխանական աստիճաններով վեր բարձրանալու համար նրա «դաբրոն» ունենալը պարտադիր պայման է` անկախ տարիքից ու վաստակից` որքան էլ որ դա ցավալի լինի: Մեծամասնական ընտրակարգով նա փորձում է պատգամավոր դարձնել Սամվել Ֆարմանյանին, Արման Սահակյանին եւ այլոց: Համամասնական ցուցակում եւս քիչ չէ նրա երիտասարդների թիվը` նախագահականի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Լեւոն Մարտիրոսյան, Նաիրա Կարապետյան, Գերասիմ Բարսեղյան: ՄԻԱԿ կուսակցության մյուս անդամները ՀՀԿ ցուցակում անհամեմատ ավելի «վատ» տեղում են:
ՀՀԿ-ում սեփական թիմն ունի նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա ծննդավայրն ընդգրկող Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում Աբրահամյանն առաջադրել է իր զարմուհուն՝ Կարինե Պողոսյանին: Համամասնական ցուցակում եւս Աբրահամյանը կարողացել է ներդնել իր թիմին. Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Վարդան Այվազյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Հովհաննես Հովսեփյան, Արսեն Գրիգորյան: Նախկինում, զբաղեցնելով ՀՀ փոխվարչապետի ու տարածքային կառավարման նախարարի պաշտոնները, Աբրահամյանը հիմնականում թիմը ձեւավորել է մարզերի ներկայացուցիչներից: Ընդ որում, նա երբեմն բացահայտ, երբեմն էլ թաքուն պայքարի մեջ է եղել Տիգրան Սարգսյանի թիմի հետ: Արդյունքում, թեեւ Աբրահամյանի հրաժարականից հետո Տիգրան Սարգսյանին հաջողվեց իր մտերիմին՝ Սամվել Նիկոյանին, դարձնել խորհրդարանի ղեկավար, սակայն ՀՀԿ համամասնական ցուցակում բավական ֆիասկո կրեց. զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ նա ՀՀԿ համամասնական ցուցակում երրորդն է: Իսկ ահա Հովիկ Աբրահամյանը, ով ընդամենը շարքային պատգամավոր է, ՀՀԿ շտաբի ղեկավարը, ՀՀԿ ցուցակում դարձավ երկրորդը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմակիցներից եւս քչերն են ընդգրկվել ՀՀԿ ցուցակում. նա այս անգամ անցողիկ տեղ է ապահովել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որը ՀՀԿ ցուցակում հինգերորդ համարն է: ՀՀԿ-ում վարչապետի թիմակիցներն են համարվում նաեւ Գագիկ Մինասյանը, Արեգ Ղուկասյանը, Կարեն Ավագյանը, Կարեն Սարիբեկյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ Տիգրան Սարգսյանին է վերապահված առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ին «տիրություն» անելը:
Այս անգամ ԱԺ-ում փորձում է իր թիմը ձեւավորել նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա եւս իր մարդկանց գործուղել է ՀՀԿ: Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ որոշմամբ առաջադրվել է Աղվան Հովսեփյանի հարազատ եղբայրը՝ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը: Բացի այդ, առաջադրվել է գլխավոր դատախազի խնամին՝ Գարեգին Նուշիկյանը: Ծագումով ապարանցի Վրեժ Մարկոսյանը եւս առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, իսկ Վահրամ Բաղդասարյանին գործուղել են ՀՀԿ համամասնական ցուցակ:
Ոստիկանապետ Վովա Գասպարյանը եւս իր մարդկանց է գործուղում ԱԺ. նրա փեսան՝ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը առաջադրվել է ՀՀԿ կողմից հենց Դավիթաշենն ընդգրկող տարածքում: Ոստիկանապետի «մարդն» է համարվում նաեւ Վարդենիսի 23 ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը՝ Շինանյութի Սերգեյի փեսան:
Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը թեեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է առաջադրվել, «ձեռքի հետ» էլ պատգամավոր է դարձնում Արթիկում Մխիթար Վարագյանին (նա վայելում է նաեւ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը), Մարտունիում` Հակոբ Հակոբյանին, իսկ ընտրացուցակով` Համլետ Հարությունյանին, Տաճատ Վարդապետյանին:
Այսպիսով՝ ՀՀԿ-ն փորձում է էլ ավելի կառավարելի դարձնել ապագա խորհրդարանը: Եթե պատգամավորները հանկարծ «խելոք չմնան», նրանց կդաստիարակեն «շեֆերը»` հընթացս բարձրացնելով իրենց քաղաքական կշիռը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս