Ի ՊԱՏԱՍԽԱՆ
«Ազատ դեմոկրտաներ» կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը հայտարարել է, թե շատ ողջունելի կլինի, եթե ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանի իր թեկնածությունը թիվ 4 ընտրատարածքից` ի պատասխան «Ժառանգության» ցուցաբերած բարի կամքի: Հիշեցնենք, որ թիվ 4-ում առաջադրված է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ԴՈ՞ՒՐՍ ԿԳԱ
Henaran.am-ի տեղեկություններով` «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Հերիքյանի պաշտոնն իջեցվել է: Նա այսուհետ կվարի միայն «Ժամը» լրատվականը: Որոշ տեղեկություններով` նա, չհամաձայնելով այդ որոշման հետ, հայտարարել է, որ ընդհանրապես դուրս է գալիս «Արմենիա»-ից:
ԼԱՎՐՈՎԸ ԳՈՀ Է
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, ինչու են Ադրբեջանից ու Թուրքիայից հնչում կարծիքներ, թե իբրեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման Մինսկի ձեւաչափն անարդյունավետ է, ասել է. «ԵԱՀԿ համանախագահների ինստիտուտն ազնվորեն կատարում է այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են հիմնարար փաստաթղթերում, այն է` հրաժարվել ռազմական ուժի կիրառումից, հաշվի առնել մարդու իրավունքների ու տարածքային ամբողջականության սկզբունքները եւ հարգել ազգերի ինքնորոշման իրավունքը»:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԸՀ-ԻՆ
ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը` ԵՄ-ի աջակցությամբ, Հայաստանի ԿԸՀ-ին տրամադրել է ժամանակակից համակարգիչներ, տպիչներ եւ ծրագրային ապահովվածություն, ինչի միջոցով ԿԸՀ-ն կարող է կարճ ժամանակում գրանցել ընտրողների ցուցակները, տեղադրել դրանք համացանցում եւ տպել: ԿԸՀ-ին նաեւ նյութական օգնություն կտրամադրվի: ԵԱՀԿ-ն ու Եվրամիությունը լրացուցիչ կհատկացնեն 1 մլն 700 հազար եվրո:
ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՕՐԻՆԱԽԱԽՏ
Երեւանի մամուլի ակումբի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռ 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն իրականացրել են քաղաքական գովազդ եւ անհավասար պայմաններ ապահովել մյուս կուսակցությունների նկատմամբ: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը երեկ անդրադարձել է նաեւ պաշտոնատար անձանց, հատկապես վարչապետի գործունեությանը. «Դա կարելի է անվանել ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում, երբ վարչապետն օգտվում է այն իրավիճակից, երբ իր գործունեությունն այսպես, թե այնպես պետք է լուսաբանվի եւ առիթն օգտագործելով` զուգահեռաբար ծավալում է նաեւ կուսակցական գործունեություն»:
ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ) իրեն պատկանող «Հայրենիք» կինոթատրոնի տարածքը վարձակալական հիմունքներով 1 տարի ժամկետով «նվիրաբերել» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: 1in.am-ը հիշեցնում է, որ երբ Սարգիս Հովհաննիսյանն իր սեփական դիմումի համաձայն նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել էր թաղապետի պաշտոնից, ի պատասխան լրագրողի հարցի` շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել ՀՀԿ-ին եւ ընտրություններում աշխատելու է ՀՀԿ-ի օգտին, ասել էր. «Ավելի ակտիվ, ավելի ակտիվ»:
ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՀՀԿ-ՈՒՄ
Ապրիլի 2-ին` ՀՀԿ հիմնադրման օրը, կուսակցությանն անդամագրվել է եւս 500 հոգի: Նորահայտ ՀՀԿ-ականների շարքում եղել է նաեւ Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով երիտասարդ, որի ազգանունը շատերի մոտ շփոթմունք է առաջացրել: Քոչարյանի կուստոմսը հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Շատ կուսակցություններից են առաջարկներ եղել, բայց նախընտրեցի Հանրապետականը»,-խոստովանել է երիտհանրապետական Ռ. Քոչարյանը: