Օտար երկրներում ՀՀ դեսպանները շարունակում են մեծացնել իրենց կարողությունն ու դրամական միջոցները: Դրա վառ ապացույցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերն են:
Armlur.am-ը հանձնաժողովից տեղեկացավ, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը 2013թ. սկզբում 28 հազար եվրո արժողությամբ ձեռք է բերել MINI COOPER 1.6 I մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Բացի այդ՝ նա հաշվետու տարում կարողացել է էականորեն մեծացնել իր կարողությունը: Այսպես՝ տարվա սկզբում նա ունեցել է 27 հազար եվրո, իսկ տարվա վերջում՝ 42.000: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրության շնորհիվ կարողացել է վաստակել 50,688 եվրո:
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ 2013թ.-ի ընթացքում վաճառել է իր միակ անշարժ գույք հանդիսացող բնակարանը՝ 73.085.000 դրամ արժեքով: Նրա դրամական միջոցները հետևյալն են՝ 11.000 դրամ և 48.517 եվրո: Նշենք, սակայն, որ տարվա սկզբում նա ուներ 36.049 եվրո: Ինչպես արդեն նշել էինք, դեսպանը տարվա ընթացքում օտարել էր իր գույքը և դրա շնորհիվ ունեցել 73 մլն դրամի լրացուցիչ եկամուտ, իսկ 40.893 եվրոն էլ գոյացել է դեսպանի աշխատավարձից:
Թուրքմենստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը, թեև ոչինչ չի գնել կամ վաճառել, բայց կարողացել է մեծացնել իր կարողությունը: Այսպես՝ դեռ տարվա սկզբում նա ուներ 91 հազար եվրո, որը տարվա վերջում դարձել էր 104 հազար եվրո, իսկ 18.500 եվրոն էլ նվազել է՝ դառնալով 16.800: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը, որը կազմել է 24.000 դոլար: