ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅՆԹԱՊԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ

Հունվարի 29-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում սպանված գործարար Գրիգոր Խաչատրյանի հարազատները պատկերացում չունեն, թե ում ձեռքով սպանվեց իրենց եղբայրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գրիգորի հորեղբոր որդին` Խաչիկ Խաչատրյանը, վստահեցրեց, որ իմանալուն պես անձամբ հարցերը կլուծեն:

Զարմանալի զուգադիպությամբ վերջին երեք օրվա ընթացքում մայրաքաղաքում, ինչպես նաեւ մարզերում հրազենային սպանության երկու դեպք արձանագրվեց: Հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի` Թեւոսիկի եղբայրը` Արթուր Սաֆարյանը: Դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռեւս հայտնի չէ, թե ով կամ ովքեր սպանեցին Թեւոսիկի եղբորը: Իսկ ահա հունվարի 29-ին սեփական հարսանյաց սրահում անհայտ անձի կողմից արձակված երեք կրակոցով սպանվեց Այնթապում բոլորին հայտնի գործարար Գրիգոր Խաչատրյանը:
Այն, որ հանցագործները պատահական մարդկանց չեն կրակել, ակնհայտ է, սակայն թե ում ճանապարհին են կանգնել կամ ում են խանգարել սպանվածները, թերեւս կպարզի ոստիկանությունը:
Եվ այսպես, սպանված Գրիգորի դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Այնթապ գյուղ: Նշենք, որ Գրիգորն ունի 2 դուստր եւ մեկ որդի: Նա 6 տարի եղել է «Ջրմուղ»-ի Մասիսի տեղամասի պետը:
Մեզ հետ զրույցում սպանվածի հորեղբոր որդին՝ Խաչատուրը, որի առանձնատունը կպած էր Գրիգորի տանը, պատմեց, որ դեպքի օրը Գրիգորն իր հարսանյաց սրահում մենակ է եղել. «Մեզ համար էլ է անհայտ, թե այս ինչ կատարվեց: Ինքը չար մարդ չէր, ազնվությամբ, ոչ մի թշնամի չուներ, իր գործի մեջ մարդկային տղա էր: Կասկածներ էլ չունենք, թե դա ով արած կլիներ: Եթե կասկած ունենայինք, կզբաղվեինք. ո՛չ ոստիկանությանը բան կասեինք, ո՛չ էլ ձեզ, այլ պոչը կբռնեինք ու դրանով կզբաղվեինք: Կորած մարդ չենք, ճիշտ է՝ մարդ ենք կորցրել, բայց կորած չենք»:
Սպանվածի եղբոր նկարագրմամբ՝ Գրիգորն իր «Լիլի» հարսանյաց սրահը կա՛մ սգո հացի համար էր տրամադրում, կա՛մ ուրախ առիթների եւ մշտապես այնպես էր անում, որ մարդիկ գոհ լինեին. «Սեղան կար, որ 4000 դրամ էր, բայց եթե նայում տեսնում էր՝ իրեն մոտ մարդ է կամ չքավոր է, միջին գներով սպասարկում ու ճանապարհում էր»:
Խաչատուրը վերջին անգամ Գրիգորին տեսել է դեպքից մեկ օր առաջ եւ ոչ մի տարօրինակ բան կամ դժգոհություն չի լսել եղբորից. «Ամեն ինչ նորմալ էր, նստեցինք, երկար խոսեցինք»:
Մեր զրուցակցից պարզեցինք նաեւ, որ Գրիգորը, բացի հարսանյաց սրահից, ունի նաեւ սեփական բենզալցակայան եւ հացի արտադրամաս. «Արտադրամասն աշխատեցրեց, աշխատեցրեց, հասկացավ, որ չի կարողանում գլուխ հանել, տվեց վարձակալությամբ»: Սպանվածի հարազատը բացառեց այն վարկածը, որ հնարավոր է՝ Գրիգորին սպանել են իր բիզնես գործունեության համար:
Հետաքրքրվեցինք, թե Գրիգորն ինչ նպատակով էր ցանկացել մեկնել ԱՄՆ. «Ինքն իր ազգուտակին չէր թողնի գնար Հայաստանից: Դստեր հարսանիքը նոյեմբեր ամսին պետք է լիներ, ուզում էր կա՛մ կնոջ հետ գնալ ԱՄՆ, կա՛մ մենակ, ոնց ստացվեր, էլի՛, սակայն ԱՄՆ դեսպանատունը մերժեց»:
Մեր այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ գործող հարսանյաց սրահում եւ այն էլ աշխատասենյակում սպանել են սեփականատիրոջը, ու այդ ժամանակ աշխատակիցներից որեւէ մեկն այնտեղ չի եղել, եղբայրը պատասխանեց. «Երբ պատվերներ էին լինում այս կամ այն օրվա համար, սրահը վարձում էին, ինքը նախապես գնում էր այնտեղ, պատրաստվում էր, թե ինչ պետք է գնի եւ այլն, եւ այլն: Հետո արդեն աշխատողներին կանչում էր հարսանյաց սրահ: Ու քանի որ այդ օրը որեւէ պատվեր չկար, ուստի ինքը մենակ է եղել սրահում: Մտել ու իր աշխատասենյակի շեմի վրա էլ խփել են»:
Խաչատուրը պատմեց, որ օգնության հասած մարդիկ, տեսնելով նրան այդ վիճակում, հարցրել են. «Գրի՛շ ջան, նավսյակի ասա՝ ով էր, ինչի խփեց քեզ»: Գրիգորի գիտակցությունը թեեւ այդ ժամանակ տեղն է եղել, սակայն ոչինչ չի ասել. «Ինձ պատմեցին, որ նրա վերջին խոսքը եղել է. «Արա՛, ո՞նց խփին ինձ, է՜»:
Հավելենք, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) եւ 225-րդ հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահել, օգտագործելը) հատկանիշներով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԴԱ ԴՈՒԲԱՅՈՒՄ

The Times of India պարբերականի փոխանցմամբ՝ հայկական բանդայի անդամները Դուբայի Նայֆ շրջանում սպանել են ադամանդի մշակմամբ զբաղվող հնդկական առաջատար ընկերություններից մեկի իրացման գծով աշխատակցին: Դա ապշեցրել է Մումբայում ու Սուրաթում թանկարժեք քարերի առեւտրով զբաղվող հնդիկ վաճառականներին, որոնք Դուբայը անվտանգ վայր էին համարում: Colour Source ընկերության վաճառողին մահացած վիճակում հայտնաբերել են շուկայի արտաքնոցում: Նա Դուբայում ապրում էր իր հղի կնոջ հետ: Նշվում է, որ նախորդ տարի Դուբայում վաճառվել է ավելի քան 40 միլիարդ դոլարի ադամանդ:

 

52 ՎԹԱՐ՝ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ

Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի ներկայացրած տվյալներով՝ Երեւանում այս տարվա սկզբից արձանագրվել է 52 ավտովթար, որոնց հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել 62 մարդ: ՃՈ պետը նաեւ անդրադարձել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեմ պայքարի ակտիվացմանը. «Նախորդ ուրբաթ ուժեղացված հսկողություն է իրականացվել. ժամը 20:00-24:00-ին ոչ սթափ վիճակում գտնվող 24 վարորդների են բացահայտել: Նրանք բոլորը տուգանվել են 100-150 հազար դրամով»:

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հունվարի 30-ի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հիշեցնենք, որ Կարենը հրազենային մահացու վիրավորում էր ստացել հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից:

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյանը) չի մասնակցել շենքի մուտքի մոտ սպանված եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի հոգեհանգստի արարողությանը: NEWS.am-ի տվյալներով՝ Թեւոս Սաֆարյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Սակայն թե ինչ հիվանդության պատճառով է անձ առեւանգելու մեղադրանքով կալանավորված Թեւոսիկը հայտնվել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, հայտնի չէ:

 

ԾԱՌԱՅԵԼ Է

«Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ծառայել բանակում. համենայնդեպս, նրա կենսագրության մեջ այդ նախադասությունը բացակայում է: Սակայն պարզվում է, որ կենսագրական տվյալներն են թերի ներկայացված: ԲՀԿ նախագահի խոսնակը պարզաբանեց, որ Գագիկ Ծառուկյանն իր զինվորական ծառայությունն անցկացրել է խորհրդային բանակում 1975-1977թթ. Ռոստովի մարզում:

 

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Գանձարանի գանձերը չեն վաճառվել, տեղում են»:

Դավիթ Սարգսյան «Առավոտ»
ՀՀ ֆինանսների նախարարը երեւի ինչ-որ բան շփոթել է. գանձերն իրենց տեղում են, քանի որ դրանց գներն են էժանացել եւ այդ պատճառով էլ չեն վաճառել, քանի որ ձեռնտու չէր լինի: Թե չէ երկրի հիմնական հարստությունները վաճառած Հայաստանի իշխանությունների համար դժվար չէր լինի գանձարանի գանձերն էլ վաճառել: Նրանց մոտ լավ է ստացվում անհասկանալի ճանապարհներով պարտքեր կուտակելը եւ հետո պետության եւ ժողովրդի հաշվին այդ պարտքերը մարելը: Այնպես որ, կարիք չկա պետական գանձարանի գանձերի առկայությունը ներկայացնել որպես ձեռքբերում:

 

«ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը նախկինում մասնակցել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ԱԺ քննարկումներին եւ միայն այսօր են հայտարարում, որ տեղյակ չեն դրա դրույթներին»:

Սուքիաս Ավետիսյան 1in.am
Սեփական ապաշնորհությունը եւ վնասակարությունը ցույց չտալու ամենալավ տարբերակը ուրիշների վրա տակառ գլորելն է եւ մեղքն ուրիշների վրա բարդելու փորձը, ինչը ՀՀԿ-ականների մոտ միշտ էլ լավ է ստացվել: Թեկուզեւ ժամանակին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը մասնակցել են կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ԱԺ քննարկումներին, բայց դա չի նշանակում, որ այդ համակարգն իրենք են ներդրել, եւ վնասակար այդ նախաձեռնության հիմնական հեղինակը եւ մեղավորը ՀՀԿ-ն չէ: Այս դեպքում եւս ՀՀԿ-ական պատգամավորի արդարանալու ջանքերն ապարդյուն են:

 
«Հայաստան են ժամանելու տարբեր աշխատանքային խմբեր՝ սեմինարներ, կոնսուլտացիաներ պատշաճ իրականացնելու համար: Այս ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ»:

Կարինե Մինասյան Slaq.am
Իսկ այդ ֆինանսական միջոցները, որոնց մասին խոսում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը, ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ 10 միլիոն դրամ են: Այս գումարը կառավարությունը բյուջեից հատկացնելու է իբրեւ թե ՄՄ ճանապարհային քարտեզը գծելու նպատակով քննարկումներ, սեմինարներ անցկացնելու համար: Սակայն տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում, թե ինչպես կարելի է մի քանի սեմինարների եւ ոչինչ չտվող քննարկումների համար հատկացնել այդպիսի գումար, երբ երկրում 35 տոկոս աղքատություն կա. բայց դե գումարների փոշիացման այս երեւույթը մեր երկրում վաղուց արդեն զարմանք չի հարուցում:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս