Երկար ժամանակ խոսվում էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը պետք է առաջադրվեր 5-րդ ընտրատարածքում, սակայն այդպես էլ նման բան չեղավ, քանի որ այդ ընտրատարածքից պատգամավոր պետք է դառնար Արթուր Գեւորգյանը` Վլադիմիր Գասպարյանի փեսան ու Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռուբեն Գեւորգյանի հետ:
-Այս հարցը մեկ ամիս է` զանգվածային լրատվամիջոցները դարձրել են ծամոն, հոգնել եմ կրկնելուց, պատասխանում եմ վերջին անգամ` չառաջադրվեցի, որովհետեւ եղբորս որդին էր առաջադրվել ՀՀԿ-ի կողմից,-ասաց Գեւորգյանը` շարունակելով,-եւ հարցը ոչ թե ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրվելու մեջ էր, այլ հենց եղբորս որդու: Իսկ եղբոր որդուն ինչ-որ մի բան զիջելը նույնն է, որ ինքդ քեզ համար ես անում, եւ տվյալ կատարված քայլի մեջ ինչուներ փնտրելն անհեթեթություն է: Ես միշտ ուղղորդվել եմ իմ արյան գաղափարով, եւ դա ինձ համար առաջնային է:
-Բայց համաձայն քաղաքական պայմանավորվածության՝ այդ ընտրատարածքը տրվել է Վլադիմիր Գասպարյանի փեսային` Ձեր եղբոր որդուն: Կարելի՞ Է ենթադրել, որ լինելով ոստիկանապետի փեսա` քաղաքական պայքարում նա արդեն իսկ իր բոնուսն ունի:
-Չգիտեմ` ինչ քաղաքական պայմանավորվածության մասին եք շեշտում, քանի որ հանրապետության ոչ մի ընտրատարածքում ԲՀԿ-ի հետ նման պայմանավորվածություն չկա, որովհետեւ բոլոր առաջադրված տարածքներում ԲՀԿ-ի համար գործել է միմիայն նպատակահարմար լինելու խնդիրը: 5-րդ ընտրատարածքի հետ կապված` իմ չառաջադրվելու խնդիրը եղել է իմ եւ իմ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ եղած պայմանավորվածության արդյունքը` հիմք ընդունելով մարդու բարձր տեսակին բնորոշ` արյան գաղափարի, սիրո եւ հանդուրժողականության սկզբունքը: Իսկ քանի որ հարցադրման մեջ կա երկրի ոստիկանապետի` Վլադիմիր Գասպարյանի անունը, կասեմ, որ շատերը կցանկանային երկրի ոստիկանապետ աներ ունենալ եւ, ինչու չէ, թեկուզ անհրաժեշտ պահերին էլ ակնկալեին նրա նորմալ աջակցությունը: Հարգանքով լցվելով ոստիկանապետի հանդեպ` համենայնդեպս կասեի, որ այնպես չէ, որ եղբորս որդին, լինելով նրա փեսան, դրա համար էլ հայտնվել է ինչ-որ քաղաքական պայքարի մեջ: Ո՛չ, նա կայացած անձնավորություն է: 2 անգամ եղել է բռնցքամարտի աշխարհի օլիմպիական խաղերի մասնակից (Սիդնեյում եւ Ատլանտայում): 14 տարեկանից թե՛ ինքը եւ թե՛ եղբայրը հոր` Սամվել Գեւորգյանի եւ ինձ հետ, մինչեւ հոր զոհվելը, սարերում կռվել են թուրքի դեմ: Այնպես որ, ԱԺ-ն երիտասարդ քաղաքական գործիչներով համալրելու համար Արթուր Գեւորգյանն ամենաարժանավոր եւ բացառիկ թեկնածուներից մեկն է իր կենսագրությամբ:
-Պարո՛ն Գեւորգյան, Դուք եղել եք ԱԺ-ի 2-րդ եւ 4-րդ գումարման պատգամավոր: Ի՞նչ եք արել, եւ ի՞նչն է թերի մնացել Ձեր քաղաքական գործունեության մեջ, որ նորից ուզում եք մտնել խորհրդարան:
-Ես միշտ Էլ ԱԺ-ում ունեցել եմ խոսքի իմ դաշտը: Լինելով ՀՀ սահմանների պաշտպանության եւ Արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար` խորհրդարանում ես ինձ տեսնում եմ հայրենասիրության եւ ազգային գաղափարախոսության դաշտում: Երկրի համար կարեւորագույն խնդիրներն այսօր արծարծվում են այդ դաշտում: Եւ այս անգամ էլ, օգտվելով իմ կուսակցության կողմից ինձ վստահվող պատգամավորական մանդատից, իմ քաղաքական գործունեությամբ ԱԺ-ում կլրացնեմ ինձ հոգեհարազատ այդ դաշտը: Իսկ այդ ոլորտում մեր երկրի ու պետության համար անվերջանալի անելիքներ ունենք:
-Քանի՞ անգամ եք մոտեցել ԱԺ ամբիոնին, ի՞նչ հարցեր եք բարձրացրել եւ ի՞նչ օրինագծերի հեղինակ եք:
-Չի եղել մի քառօրյա նիստ, որ պատգամավորին հասանելիք իմ 3 րոպեները չօգտագործեմ քաղաքական հայտարարություն հնչեցնելու համար, որոնք մեծամասամբ ուղղված են եղել կա՛մ հայ-թուրքական հարաբերություններին, կա՛մ Արցախի հիմնախնդրի կարգավորման, կա՛մ էլ Ցեղասպանության ճանաչման խնդիրներին: Նշեմ, որ մի շարք օրինագծերի հեղինակ եմ:
-Այս իրավիճակում ԲՀԿ-ի համար ի՞նչ կանխատեսում ունեք. հաջորդ խորհրդարանում քանի՞ մանդատ կունենաք:
-Իշխող կուսակցության համար եթե չլինեն ընտրապայքարի մեջ մտնելու որոշ բոնուսներ, եւ ընտրությունները լինեն 100%-անոց ազատ եւ արդար, ապա անկասկած ԲՀԿ-ն բացարձակ հաղթողի դիրքում կլինի, իսկ այս պայմաններում, կարծում եմ, մրցակցությունը ցույց կտա:
-Դուք մասնակցել եք Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին, եղել եք առաջատար հրամանատարներից: Այժմ, որպես պատգամավոր, գո՞հ եք ազատամարտիկների հանդեպ պետության ցուցաբերած վերաբերմունքից:
-Իհարկե ո՛չ: Գոհ լինելու ոչինչ չկա: Այսօր երկրում գտնվող ազատամարտիկների գերակշռող մասը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Մյուսները հեռացան երկրից` իրենց հետ տանելով իրենց երեխաներին, որպեսզի մի կտոր հացի մղձավանջում փրկեն նրանց հանցագործ դառնալու երեւույթից: Այդ ամենի պատճառը եղել են պետության անուշադրությունը եւ սոցիալական անարդարությունը:
-Աստված ոչ արասցե, եթե պատերազմ լինի, նորից զենք կվերցնե՞ք հանուն հայրենիքի պաշտպանության` տեսնելով նման անտարբերությունն ազատամարտիկների հանդեպ:
-Ձեր նախորդ հարցին պատասխանելիս ես արտահայտվեցի ընդհանուր ցավի մասին, բայց հայ ժողովրդի մեջ կա ստանդարտից դուրս մի տեսակ, որոնց համար սոցիալական անարդարությունը, դատարկ ստամոքսը երբեք խոչընդոտ չեն կյանքը թեկուզ վատ իշխանավորներով հագեցված երկրիդ ու պետությանը տալու համար: Որովհետեւ այդ տեսակը, որի մեջ տեսնում եմ նաեւ ինձ ու նմանատիպ արյան գաղափարով ապրող շատերին, նրանց համար հողն ազգինն է եւ ոչ իշխանությանը:
ՀՈՂՆ ԱԶԳԻՆՆ Է, ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ