ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈ՞ՒՄ ԵՆ

Մոսկովյան 33ա հասցեում գտնվող «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի շենքում, որտեղ գտնվում է նաեւ Հայաստանի քաղաքագետների միությունը, արդեն 2-րդ ամիսն է՝ շքամուտքի աստիճանների քանդման աշխատանքներ են ընթանում: Եվ, ինչպես «Ժողովուրդ»-ին վստահեցնում է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, այդ «բարբարոսությունը» կատարվում է փուլերով եւ անմիջական կապ ունի իր գործունեության ակտիվացման հետ:

Մասնավորապես նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից սկսած՝ Հ. Հովհաննիսյանը հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի, Ազատամարտիկների դաշտային խորհրդի ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանի, այլ ազատամարտիկների, ակտիվիստների, հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Նպատակը՝ բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին համախմբելն է եւ միավորելը մեկ ընդհանուր ձեւաչափով: Արդյունքում պետք է ստեղծվի ոչ կառավարական քաղաքացիական կազմակերպությունների ասամբլեա, որը միավորելու է պայքարող բոլոր ուժերին:
Եվ ահա, Հ. Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս գործունեության մեկնարկը զուգակցվեց իրենց վրա «հարձակումներով»: Նախ՝ դեկտեմբերին «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից քանդվեց շքամուտքի աստիճանների աջ հատվածը, իսկ բանակի տոնի նախօրեին սկսեցին քանդել աստիճանների աջ կողմի սյունը: Հ. Հովհաննիսյանը նշեց, որ դեռ 2012թ. մարտի 1-ի՝ կառավարության որոշմամբ այդ ՓԲԸ-ն ճանաչվել է որպես շենքի սեփականատեր եւ իրավունք է ստացել նորոգել մուտքերն ու աստիճանավանդակները: Հովհաննիսյանը սա համարում է հատուկ միտում քաղաքագետների միության գործունեությունը խոչընդոտելու նպատակով, քանի որ վերանորոգվող հատվածը անմիջապես նույն շենքում տարածք զբաղեցնող քաղաքագետների միության մուտքի դռան մոտ է, եւ շինաշխատանքների արդյունքում ստացված արտաքին տեսքի պատճառով միության նախագահը չի կարողանում որեւէ մեկին հրավիրել իր մոտ եւ, առհասարակ, նորմալ աշխատանքային գործունեություն ծավալել: Ըստ Հ. Հովհաննիսյանի՝ քաղաքագետների միության մուտքի դռանը հարող հատվածը հիշեցնում է Սարաեւոն ռմբակոծությունից հետո:
Հ. Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցով դիմել է ՄԻՊ-ին, վերջինս էլ տվել է իր եզրակացությունն առ այն, որ շքամուտքի աստիճանավանդակներին ամեն դեպքում ձեռք տալն անթույլատրելի է: Քաղաքագետը հավելեց, որ ունի գրություն նաեւ քաղաքապետի կողմից, որտեղ նշված է, որ աստիճանները քանդելն արգելվում է:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ՝ այցելելով Մոսկովյան 33ա, ծանոթանալով իրավիճակին եւ տեղում զրուցելով ընկերության արհկոմի նախագահ Վարդուհի Կոստանդյանի հետ: Վերջինս ցույց տվեց քաղաքապետարանի համապատասխան որոշումը, որի հիման վրա էլ կատարվում են վերանորոգման աշխատանքները: Ինչպես պարզվեց տեղում, սյունը քանդելու որեւէ մտադրություն չկա, այն վերանորոգվում է: Քանդվել է աստիճանների աջ հատվածը, որը, ՓԲԸ-ի ներկայացուցչի հավաստմամբ, չի եղել սկզբնական նախագծում եւ հետագայում կառուցվել է քաղաքագետների միության կողմից: Ավելին, Վարդուհի Կոստանդյանը նշեց, որ քաղաքագետների միությունը շենքում իրեն պատկանող 455 ք/մ տարածքից իրականում ավելի մեծ հատված է զբաղեցնում, որի մի մասը՝ ապօրինաբար:
Հմայակ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ այս հարցով, ի վերջո, դիմելու է դատարան, իսկ Վարդուհի Կոստանդյանի հավաստմամբ՝ արդեն իսկ դիմել է, եւ ներկայումս դատական գործընթաց է գնում: Ամեն դեպքում, ՓԲԸ-ի ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենք, Հ. Հովհաննիսյանի գործունեությունը խոչընդոտելու նպատակ երբեւէ չեն ունեցել:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

 
ՄԱՐԶԵՐ

 

ՆՊԱՍՏԸ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

Սովորաբար յուրաքանչյուր ամիս ընտանեկան նպաստի գումարները վճարվում են մինչեւ տվյալ ամսվա 22-27-ը: Հունվարն ավարտվեց, սակայն այս ամսվա ընտանեկան նպաստի գումարները սոցիալապես անապահով ընտանիքներին դեռեւս չեն վճարվել: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի բնակիչներից դժգոհության եւ բողոքի բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել: Սոցիալապես կարիքավոր ընտանիքները, որոնց միակ հույսն այդ նպաստներն են, այժմ հնարավորություն չունեն մուծելու բնական գազի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսային ծառայությունների վճարները: Մանավանդ որ Ամանորից հետո նշված կոմունալ վարձավճարները զգալիորեն մեծացել են: Հարցի առնչությամբ դիմեցինք Տավուշի մարզի սոցիալական ծառայություններին, սակայն այնտեղից պատասխանեցին, որ չգիտեն նպաստների ուշացման պատճառը՝ ենթադրելով, որ հունվար եւ փետրվար ամիսների նպաստի գումարը միասին կվճարեն: Մինչ նպաստի գումարներն ուշանում են, ծանր կենցաղով ապրողները չգիտեն, թե ինչպես լուծեն հանապազօրյա հացի խնդիրը:

 

ՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է

21-րդ դարը համացանցի դար է, մեր ժամանակներում արդյունավետ կառավարումը դժվար է պատկերացնել առանց համակարգչի ընձեռած հնարավորությունների: Եվ չնայած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի տված բազմաթիվ հանձնարարականներին՝ մարզի համայնքապետարաններում ինտերնետն արդյունավետ չի կիրառվում: Տավուշի մարզի 62 համայնքներից կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված ընդամենը 29-ում, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հնարավորություն ունի միայն 22 համայնք: Շուրջ 3 տարի առաջ՝ 2011թ. մարտի 22-ին, Տավուշի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստում նշվեց, որ մարզի 62 համայնքապետարաններից միայն 22-ն ունեն էլեկտրոնային փոստի հասցե: Այն ժամանակ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի տարածքային կառավարման եւ ֆինանսատնտեսական վարչությունների պետեր Միշա Մխիթարյանին եւ Ռոբերտ Ներսիսյանին հանձնարարեց մարզի համայնքապետարանների հետ աշխատանք տանել՝ տեղերում ինտերնետ կապի ապահովման հարցը լուծելու համար: Ինչպես տեսնում ենք, անցյալ 3 տարում այդ ուղղությամբ շատ քիչ գործ է արվել: Մինչդեռ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային փոստի ներդրումն անհրաժեշտություն է համայնքներում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու եւ աշխատանքային գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար: 2014թ. հունվարի 20-ին Տավուշի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ուշադրություն է հրավիրել այս ոլորտում առկա թերացումների վրա: Ժամանակը ցույց կտա, թե դրանից ինչ կփոխվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՏՈՒՆԸ ՊԱՅԹԵԼ Է

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում նախօրեին պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երեք երեխա եւ 32-ամյա մի տղամարդ հոսպիտալացվել են: Բացի այս՝ փլուզվել է նաեւ տան հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ), 2 պատուհան՝ կոտրվել: Պատուհաններն ընկել են շենքի հարեւանությամբ կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա եւ վնասել թափքը: Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ տուժած երեխաներն այս պահին գտնվում են Աշոցքի բժշկական կենտրոնում, իսկ հայրը՝ Գյումրու ԲԿ-ում: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Արթուր Ալոյանի խոսքով՝ տուժածների բնակարանը պայթյունի հետեւանքով ամբողջովին փլվել է. «Հնարավոր չի լինի այնտեղ ապրել: Պետք է մտածենք, թե ինչպես օգնենք տուժած ընտանիքին: Մի բան կանենք»:

 

ՀԻՇԵՑՐԵԼ Է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում «Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձել է նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերին: Հիշեցնելով, որ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից մահաբեր զենք կիրառելու հետեւանքով մարտի 1-ին 10 հոգի սպանվել եւ 200-ը վիրավորվել է, Զուրաբյանը նշել է. «Այդ ժամանակվանից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, եւ իշխանությունները արեցին ամեն բան, որպեսզի կոծկեն այդ սպանությունները: Եթե ԵԽ-ն ավելի հետեւողական ու վճռական լիներ` սպանությունները բացահայտելու ու մեղավորներին պատժելու հարցում, Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու իր ջանքերում, մենք այսօր կապրեինք այլ Եվրոպայում, որը ավելի ապահովագրված կլիներ սեփական ժողովրդի վրա կրակելու պատրաստ կառավարություններից»: Նա նաեւ առաջարկել է Մոնիթորինգի հանձնաժողովին զեկույց պատրաստելու համար զեկուցող նշանակել, որը կուսումնասիրի ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու դեպքերը Հայաստանում եւ Ուկրաինայում:




Լրահոս