ՀՂԻ ԿՆՈՋԸ ԴՐԴԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2011 թվականի օգոստոսի 1-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 33-ամյա Լարիսա Ավջոյանը լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել: Վերջինիս օգոստոսի 2-ին Ջերմուկից տեղափոխել էին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ  33-ամյա կինը մահացել էր:
Լարիսայի մահից հետո` օգոստոսի 5-ին, ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Մեր տեղեկություններով` Լարիսա Ավջոյանին ինքնասպանության հասցնելու քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1982 թվականին ծնված Արմեն Վարդանյանն իր դաժան վերաբերմունքով իրենից հոգեբանական եւ նյութական կախվածության մեջ գտնվող Լարիսային անուղղակի դիտավորությամբ հասցրել է ինքնասպանության:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Արմենը, 2011թ. հունվարից մինչեւ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Լարիսայի հետ գտնվելով սիրային հարաբերությունների մեջ եւ լինելով մոտ 3 ամսական հղի Լարիսայի երեխայի հայրը, իր պահվածքով  ազդել է կնոջ  հոգեվիճակի վրա: Արմենն անգամ հրաժարվել է իր երեխայից` այդպիսով հոգեկան ծանր տառապանքներ պատճառելով 33-ամյա կնոջը, որն էլ, չհամակերպվելով իր նկատմամբ նման դաժան վերաբերմունքին, որոշել է ինքնասպան լինել:  Խմել է քացախաթթու տեսակի լուծույթ, ինչից հետո  նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Սույն թվականի ապրիլի 1-ին Արմեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով` նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից մեր տեղեկությունները հաստատեցին` հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս